Որ ապրանքներն են թանկացել միջազգային շուկայում

Պարենի համաշխարհային կազմակերպության պարենային ապրանքների գների ինդեքսը պարենային ապրանքների զամբյուղի գնային փոփոխության ցուցիչն է մեկ ամսվա ընթացքում: Այն հաշվարկվում է ապրանքային հինգ խմբերի գնային միջին ցուցանիշի հիման վրա: Ըստ հրապարակված զեկույցի, 2017 թ. սեպտեմբեր ամսին պարենային ապրանքների գները համաշխարհային շուկայում աճել են՝ հասնելով 178,4 կետի, որը ընթացիկ տարվա օգոստոսի ցուցիչին գերազանցում է 1,4 կետով, իսկ անցած տարվա սեպտեմբերի ցուցիչին՝ 7,4 կետով: Գնաճը պայմանավորված է հատկապես բուսական յուղի եւ կաթնամթերթի շուկայում նկատվող թանկացումներով:

Պարենի համաշխարհային կազմակերպության ցորենի գնի միջին ցուցանիշը կազմում է 152,2 կետ, որը 1,6 կետով նվազել է օգոստոսի ցուցիչի համեմատությամբ եւ գնանկումը շարունակվում է արդեն երկրորդ ամիսն անընդհատ: Սակայն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ ցուցանիշը 8% տոկոսով ավելի բարձր է:

Եգիպտացորենի շուկայում Հարավային Ամերիկայի հիմնական արտադրողների կողմից առաջարկի ավելացումը եւ սպասվող առատ բերքի կանխատեսումը նպաստել են գնի որոշակիորեն նվազմանը: Ցորենը եւս էժանացել է, քանի որ հատկապես Ռուսաստանից ակնկալվում է լավ բերք այս տարվա համար: Բրինձի դեպքում գինը մնացել է կայուն, քանի որ պահպանվել է բարձր տեսակի բրինձի պահանջարկը, ինչպես նաեւ նվազել է արոմատային բրինձի առաջարկը: Բուսական յուղի ցուցիչը գտվնում է 171,9 կետում, ինչը բավական բարձր է համեմատած օգոստոսյան ցուցիչի հետ, որը 164,4 էր: Այստեղ գնաճը պայմանավորված է արմավենու յուղի թանկացմամբ, քանի որ Հարավ-Արեւելյան Ասիայում սպասվող բերքը ավելի քիչ է, քան կանխատեսվում է, բացի այդ՝ արտահանման համար պահանջարկը պահպանվում է անփոփոխ, նվազող առաջարկի պայմաններում:

Սոյայի յուղը նույնպես թանկացել է հիմնականում այն պատճառով, որ Հարավային Ամերիկայում ցանքսը ուշանում է: Կայունացնող դերակատարություն է ունեցել ավելի սրընթաց գնաճը կանխելու գործում ԱՄՆ ունեցած առատ բերքը, որը լրացրել է առկա պակասորդը շուկայում: Ամրացրել են իրենց դիրքերը նաեւ արեւածակղի եւ մյուս յուղերը: Կաթնամթերքի գնային ինդեքսը սեպտեմբեր ամսվա համար գտնվում է 224,2 կետում, որը 4,5 կետ ավելի բարձր է, քան օգոստոս ամսվա ցուցիչն է: Անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ աճը կազմում է 27,4%, սակայն 18,6% զիջում է այն պիկից, որին հասել էր 2014 թվականի փետրվարին: Գնաճին նպաստել է ԵՄ, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի կողմից առաջարկի սահմանափակությունը: Թեեւ ԱՄՆ առաջարկը շուկայում աճել է, սակայն դա աննշան է պահանջարկի եւ առաջարկի անհամամասնության մեջ:

Ասիան շարունակում է մնալ պանրի եւ սերուցքային կարագի հիմնական սպառողը: Պահանջարկի նվազման հետ նվազել են գները յուղազերծված կաթի եւ կաթնամթերքի շուկայում: ՊՀԿ մսի գնային ինդեքսը գտնվում է 173,2 կետում, որը այս տարվա օգոստոսի համեմատությամբ չի փոխվել, սակայն 9,5 կետով բարձր է անցած տարվա սեպտեմբերի համեմատությամբ: Սեպտեմբերին հիմնականում թանկացել է ոչխարի միսը, էժանացել խոզի միսը, իսկ տավարի մսի եւ թռչնամսի գները հիմնականում մնացել են նույնը:

Ոչխարի մսի գինն ավելացել է Հարավ-Արեւելյան Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում՝ պահանջարկի կտրուկ ավելացման պատճառով մի կողմից, Օվկիանիայի երկրների առաջարկի նվազման պատճառով՝ մյուս կողմից: Բրազիլիան ավելացրել է խոզի մսի մատակարարումը եւ նպաստել գնային անկմանը: Շաքարի գնային ինդեքսը կազմում է 204,2 կետ, որը նույնպես կարելի է ասել այս տարվա օգոստոսի համեմատությամբ չի փոխվել, իսկ անցյալ տարվա սեպտեմբերի համեատությամբ նվազել է 33%-ով:

Համաշխարհային շուկան ունի առաջարկի ավելցուկ, ինչը առաջիկայում կարող է գնանկման բերել, քանի որ պահանջարկի տեմպերն էլ դանդաղում են:

Մեկնաբանություն
X