Ալիեւին կանչել են «ատյա՞ն»

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իլհամ Ալիեւը նախապես չծրագրված այցով Թուրքիայում է: Նա Ստամբուլ է ուղեւորվել Թուրքիայի նախագահի «հատուկ հրավերով՝ որպես «Իսլամական ութնյակի» գագաթաժողովի պատվավոր հյուր»:

Այդ կազմակերպությունը հիմնադրվել է 1997թ.-ին՝ Ստամբուլում: Նրա բարձրագույն կառավարման մարմինը գագաթաժողովն է: «Իսլամական ութնյակի» անդամ են Իրանը, Ինդոնեզիան, Մալայզիան, Պակիստանը, Բանգլադեշը, Թուրքիան, Եգիպտոսը եւ Նիգերիան: Կազմակերպության գոյության քսան տարիներին Ադրբեջանը որեւէ գագաթաժողովի չի մասնակցել: Ի՞նչ է փոխվել այսօր, որ Իլհամ Ալիեւը «պատվավոր հյուրի» կարգավիճակով գտնվում է Ստամբուլում: Թվում է, գործ ունենք Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում առկա որոշակի խնդիրների հետ: Ըստ երեւույթին, Էրդողանը պարզապես առիթն օգտագործել է, որպեսզի Ալիեւի հետ քննարկի Թուրքիային հետաքրքրող հարցեր: Բացառված չէ, որ Էրդողանի համար մութ է մնացել Ժնեւում Սարգսյան-Ալիեւ հանդիպումը: Որքան հասկացվում է ադրբեջանական մամուլում թուրք մեկնաբանների ակնարկներից, Անկարայում այնքան էլ գոհ չեն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանք գրեթե բացահայտ ասում են, որ ցանկալի կլիներ, եթե միջնորդի դերում հանդես գար Ռուսաստանը: Հնարավոր է, Էրդողանին հետաքրքրում է, թե ինչ զարգացումներ կարող են հետեւել Ժնեւի հանդիպմանը: Ամեն դեպքում, դատելով «Իսլամական ութնյակ» կազմակերպության զուտ ֆորմալ բնույթից, Ադրբեջանը նման կառույցի նկատմամբ չպետք է հետաքրքրություն դրսեւորի: Նույնը վերաբերում է նաեւ «ութնյակին», որը Ադրբեջանին առաջարկելու ոչինչ գործնականում չունի:

Կազմակերպության անդամ երկրներից Ադրբեջանը հետաքրքրություն է ներկայացնում միայն Թուրքիայի եւ Իրանի համար: Իսկ վերջիններս իրենց հուզող հարցերը քննարկում են երկկողմ ձեւաչափում: Այս տրամաբանությամբ՝ Ալիեւի «պատվավոր հյուրի» կարգավիճակը փոխվում է «ատյան կանչվածի», որը պետք է Թուրքիային բացատրություններ տա:

Վահրամ Աթանեսյան

Մեկնաբանություն
X