Համայնքի ղեկավարն ասել է, որ ինձ պետք է զրկի հողերից, քանի որ Սուրիկ Խաչատրյանի «մարդն եմ»․

«Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը իմ նկատմամբ կատարում է քաղաքական հաշվեհարդար, որի մասին բազմիցս արտահայտել է իր շրջապատում, թե ինձ, պետական մրցութային հողերից, որը կազմում է մոտ 101 հա, մինչեւ 2017 թ սեպտեմբեր ամիսը պետք է զրկի։ Բայց ես շուրջ 15 եւ ավելի տարի վարձակալել եմ այդ հողերը։ Նա ասել ա, որ ինձ պետք է զրկի այդ հողերից, որովհետեւ «Սյունաց երկիր» թերթի խմբագրի եղբայրն եմ, քանի որ նա նախկին մարզպետի «մարդն է»։ Բայց Մուրադ Սիմոնյանն է Սուրիկ Խաչատրյանի մեծ ջանքերի շնորհիվ դարձել համայնքի ղեկավար»։ Այս խնդրով մեր խմբագրություն է դիմել Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի բնակիչ Մանվել Ալեքսանյանը։

Նա նշեց, որ Մուրադ Սիմոնյանը խախտել է իր իրավունքները։ Երբ լրացել է պայմանագրի ժամկետը, անցած տարի պայմանագիրը երկարաձգվել է 1 տարով, սակայն, արդեն 2017-ին Սիմոնյանը հրաժարվում է Ալեքսանյանի հետ նոր պայմանագիր կնքելուց։

«15-ից ավելի տարիներ մրցութային կարգով1 հա վարելահողի դիմաց 20 000 դրամ վարձավճար վճարելով, այդ հողերում տարեկան 20-25 տոննա ազոտական պարարտանյութ ներարկելով, տարեկան մեծ ծախսերով քարահավաք կազմակերպելով, ես բազմիցս գրավոր դիմեցի պարոն Սիմոնյանին, որ, վարձակալական պայմանագրով նախատեսված իմ իրավունքներից ելնելով, պայմանագրիս ժամկետը երկարաձգվի, բայց անհիմն ձեւով մերժվեց իր կողմից։ Կազմակերպեց իբր մրցույթ, որպեսզի կայացվի իր կողմից պլանավորված նպատակը՝ այսպես կոչված 2 փուլ մրցույթները։ Իմ կողմից ներկայացված լոտերում մրցակից կարգեց իր տեղակալ Մուշեղ Հովսեփյանին, կամ մեկ այլ իր կամակատարի, արկածախնդրորեն գինը բարձրացնելով՝ իրական գնից 10-20 անգամ, եւ արդյունքում չկայացվեց իր կողմից ձեռնարկված «մրցույթը»,- պատմեց Ալեքսանյանը։

Մանվել Ալեքսանյանի խոսքով՝ հողերը Սիմոնյանը բաշխել է իր մտերիմներից մեկին․ «Եթե պարոն Սիմոնյանը իրեն համարում է օրենքի մարդ, պետական շահը գերադասող, ապա ինչու նա Տաթեւ համայնքի խոշորացման նախօրյակին, Տաթեւ գյուղի բազմաթիվ վարելահողեր շուկայականից էական ցածր գներով եւ երկարաժամկետ ձեւակերպել է իր կնոջ անունով՝ առանց մրցույթի։ Տաթեւ համայնքը պարոն Սիմոնյանը վերածել է իր անձնական տարածքի, եւ ցանկացած մեր հարցադրմանը պատասխանում է, որ ես եմ անում, ոնց ուզեմ, կանեմ, որտեղ ուզում եք, բողոքեք»։

Մուրադ Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Հարժիս» գյուղի բնակիչներին է հողատարածքները տրամադրված, եւ մոտ 20 տարի է՝ այդ հողերը տնօրինում է Ալեքսանյանը Մանվելը, այդ հողերը եղել են նաեւ նրա եղբոր անունով․ «Հողերը ոչ թե սեփականություն են, այլ մարզպետարանի ենթակայության տակ է գտնվում։ Նախկինում իր անունով եղել է 110 հետկարի պայմանագիր, բայց էդ պայմանագիրը վերջացել է 2013 թ, դրանից հետո ինքը գյուղապետի հետ ոչ վավերական պայմանագիր ա կնքել ու դա համարվել է անօրինական։ Երբ համայնքը խոշորացվել է, կատարվել է հողի կատեգորիաների փոփոխություն, նախկինում մի հողակտորի մեջ կար եւ արոտավայր, եւ վարելահող, բայց նոր կառավարության հրամանի հիման վրա նման պայմաններում չէր թույլատրվում պայմանագիր կապել մինչեւ նպատակային նշանակությունը չփոխվեր վարելահողի։ Այս գործընթացը կատարվել է, չափագրում է կատարվել, եւ չափումների արդյունքում հայտնաբերվել է մոտ 100 հա ավել հող, որը առանց պայմանագրի մշակվում էր։

Նա բազմիցս դիմել է պայմանագիր երկարացնելու համար, բայց երկարացնելու իրավասություն ես չունեի, որովհետեւ փոխվել է հողի չափերը։ Ի վերջո, օրենքով դրել եմ աճուրդի, 2 անգամ կատարվել է աճուրդ, մի անգամ իր կնոջ անունով է մասնակցել, օրինական ձեւով աճուրդը կայացել է, գյուղացիները ցանկացել են, իրենք էլ հող ձեռք բերեն, գինը բարձրացրել են, որից հետո կինը հրաժարվել է մեզ հետ պայմանագիր կնքելուց։ Քանի որ պայմանագիր չի կնքվել, կայացել է երկրորդ անգամ աճուրդ, այդ ժամանակ նա իր անունով մասնակցել է, շատ հողակտորներ շահել է բարձր գնով, բայց կրկին պայմանագիր չի կնքել։ Ինքը շահել է 1 հա-ին 80,100, անգամ 300 հազար դրամով։ Եթե երկրորդ անգամ շահողները հրաժարվում են պայմանագիր կնքելուց, իրեն հող չի տրամադրվում»։

Տաթեւ համայնքի ղեկավարը, անդրադառնալով Մանվել Ալեքսանյանի պնդմանը, թե նա վարելահողեր է ձեւակերպել կնոջ անունով բավականին ցածր գներով, ասաց․ «Ինձ էլ ա գրել դրա մասին։ 1991 թ ես եւ իմ կինը սեփականշնորհումից օգտվել ենք եւ ունենք 3 հողակտոր, դրանից հետո, եթե իմ կնոջ անունով մի քառակուսի հող գտնեք, որ կա գրանցված, ուրեմն ինքը ճիշտ ա․․․․Լրիվ սուտ ա, զրպարտություն ա»։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X