ԱԺ-ում «խմբակային սեքսով» են զբաղված

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի քննարկումների ընթացքում եւ դրա շուրջ առաջացած աղմուկի մեջ առանձնապես չի լսվում մեր ազատասեր գործիչների ձայնը: Ո՛չ փողոց են նետվում, ո՛չ կուրծք ծեծում, ո՛չ էլ, մանավանդ, մոխիր լցնում գլուխներին: Իսկ եթե նրանք չեն պայքարում, ապա էլ ո՞վ պետք է պաշտպանի այս ազատաշունչ օրինագիծը, որպեսզի այն օրենք դառնա, պարտադիր նորմ մեր եվրոպականացվող նիստուկացում:

Մենք հասկանում ենք, որ դժվար է հայ հասարակության մեջ այս ականը ներդնելը, բայց մյուս կողմից էլ մենք բազմաթիվ արեւմտամետ գործիչներ ունենք, որոնք մի ամբողջ կյանք այդ նույն հասարակությանը եվրոպական արժեքներ են քարոզել ու համոզել, որ հայը պետք է վերջապես իջնի լեռներից ու ապրի ինչպես առաջադեմ մարդկությունը:
«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծը, մինչդեռ, առաջին ծիծեռնակներից է միայն, այսպես ասած՝ փորձաքար, որպեսզի նաեւ Եվրոպան հասկանա, թե առեւտրի ոլորտից բացի, մյուս ոլորտներում, դիցուք՝ բարոյականության, մենք որքանով ենք պատրաստ իրեն ինտեգրվելու: Եվ պատկերացրեք՝ այս վճռական պահին մեր տարատեսակ ազատականները, գրանտակեր ՀԿ-ները, «կոտոշներ եւ սմբակներ» մթերող արեւմտյան գրասենյակները համարյա լռում են: Իսկ ի՞նչ են անելու նրանք, երբ հերթը հասնի Հայոց բանակում սեռական փոքրամասնությունների ծառայել-չծառայելու օրինագծին, երբ Եվրոպայից ասեն, որ ժամանակն է միասեռ ամուսնությունների գրանցումը թույլատրել: Ի վերջո, այսպիսի բաներով է ժամանակակից Եվրոպան մեզ ասոցացնում իր հետ եւ ոչ թե Բալզակի եւ Գյոթեի, Դյումայի եւ Շեքսպիրի, Բախի եւ Մոցարտի անմահ ստեղծագործությունների մեր իմացությամբ:

Եթե այն, ինչ ժամանակակից Եվրոպան եւ Արեւմուտքը փորձում են ներմուծել Հայաստան, իրոք լավ բան է, ապա ինչո՞ւ են մեզ փող տալիս դրա համար: Ինչ է, մեզ առնո՞ւմ են: Կա՞ այսօր Հայաստանում մի մայր, որ իր երեխայի փափուկ տեղերի վրա մատնահետք թողած չլինի, կա՞ մի հայր, որ խոսքով, հայացքով եւ հայրական ապտակով սնած չլինի իր որդուն: Հետեւաբար, ինչի՞ համար է մեր կռիվը: Մի՞թե միայն փողի եւ վիզայի:

Հանկարծ չասեք, թե այդ փողից ու վիզայից հասարակ ժողովուրդն է օգտվելու: Ոչ ոք չի հավատա: Եվրոպայում շատ լավ գիտեն հասարակությունները պառակտելու, հասարակության մեջ խմորումներ առաջացնելու բոլոր ձեւերը: Դրանցից մեկն էլ, փող ցույց տալով, տվյալ ժողովրդի ազգային արժեքների եւ ավանդույթների ոչնչացումն է: Աղքատությունից աչք չբացող Հայաստանը հրաշալի վայր է այս կարգի արժեքներ հիմնելու համար: Դրան այս պահին խանգարում է միայն մեր ներքին դիմադրողականությունը, ընտանիքի հանդեպ մեր համընդհանուր գուրգուրանքը, մեր երեխայապաշտությունը: Այո, հայն այն եզակի ազգերից է, որ Աստծուց ավելի իր երեխային է պաշտում եւ իր դարավոր պատմության մեջ կարողացել է այդ պաշտամունքի հիման վրա ձեւավորել ընտանիք հասկացության իր պատկերացումները:

Եվրոպայում լսե՞լ են «մարդու ու կին՝ մեկ մարմին» արտահայտությունը: Հազիվ թե: Այլապես օրենք չէին գրի այն մասին, որ եթե ամուսինը շատ է «ուզում», իսկ կինը «չի տալիս», ու ամուսինն սկսում է նրա «կողը բզել», «համոզել», ապա դա պետք է դիտել որպես ամուսնական առագաստում տեղի ունեցող բռնություն: Այս օրենքով մեր ազգի տղամարդկանց կեսին կարելի է դատել «բռնաբարության փորձի» համար: Ի դեպ՝ կանանց էլ, որովհետեւ միայն տղամարդիկ չէ, որ նախաձեռնող են այս հարցում: ՄԱԿ-ի տվյալներով՝ կանանց կողմից բռնաբարության ենթարկված 400 հազար տղամարդ կա աշխարհում: Վաղը կարող են բռնաբարված տղամարդկանց ՀԿ ստեղծել, հետո փողը տալ ու մեզ էլ դրդել, որ ստեղծենք: Ստիպված պետք է անենք, պետք է մի քանի բռնաբարված հայ տղամարդ գտնենք ու ստեղծենք, որովհետեւ, ինչպես կիսահղի չեն լինում, այնպես էլ կիսաասոցացված:

Հետաքրքիր ներքաղաքական իրավիճակ է ստեղծվել խնդրո առարկա օրինագծի շուրջ: Մեր քաղաքական դաշտը մի անհասկանալի շարժման մեջ է, որ խմբակային սեքս է հիշեցնում: Երբ, օրինակ, բյուջե են քննարկում, ամեն ինչ հասկանալի է՝ «վերեւում» իշխանությունն է, որ «հուփ է տալիս», իսկ «ներքեւում»՝ ընդդիմությունը, որ մի քիչ ճվճվում է, բայց հետո թուլանում եւ «հաճույք» է ստանում: «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի քննարկումներում, սակայն, ամեն ինչ այդքան պարզ չէ: Այստեղ բոլորը, Եվրոպան էլ նրանց հետ, «հուփ են տալիս», ու չես հասկանում, թե փոթորկվող վերմակի տակից ում ոտքը կամ գլուխը դուրս պրծավ: Հարցն այն է, որ, առերեւույթ, օրենքը խորհրդարան է բերել իշխանությունը, բայց նույն այդ իշխանության մեջ չի ճարվում մի մարդ, որ իշխանական պատգամավորին ստիպի լիաթոք երկու բառ ասել օրենքի օգտին:

Ամաչում են: Ավելին՝ օրենքի նախագծին կողմ չեն կարողանում արտահայտվել նույնիսկ մեր այն ընդդիմադիրները, ովքեր դեռ երեկ ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջ էին դնում եւ, թվում է, պետք է հիմա կռիվ տային իշխանության բերած օրենքի նախագիծն ընդունելու համար: Պատկերացրեք, թե ինչ պատկեր կարող է ունենալ քվեարկությունը՝ արեւմտամետ ընդդիմությունը «ծիխարի» քվեարկի Դավիթ Հարությունյանին կողմ, իսկ ՀՀԿ-ն՝ «սխալմամբ» դեմ: Իսկապես «սեքս՝ առանց կանոնների»:

Ֆեյսբուքում լիքը արեւմտամետ ընկերներ ունեմ: Արեւմուտքի կողմից Քրդստանի եւ Կատալոնիայի անկախության հանրաքվեները փոզմիշ արվելուց հետո բոլորն ընդհատակ են անցել: Մինչդեռ նրանք որքա՛ն խոսքաշատ էին, երբ բռնություններ էին գործադրում Արտաշես Գեղամյանն ու Լեւոն Իգիթյանը: Ասում էին, բա՛, սա ռուսական գաղութ լինելու հետեւանքն է:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X