Ոստիկանությունը զգուշացնում է կամ` մեր հրապարակման հետքերով (տեսանյութ)

Մեզ՝ լրատվամիջոցներիս համար կրկնակի տոն է, երբ գրում ենք առկա խնդրի մասին ու, շատ չանցած, պատկան մարմինը արձագանքում է մեր հրապարակմանը, միջոցներ ձեռնարկում խնդիրը վերացնելու ուղղությամբ:

Հոկտեմբերի 19-ին մեզ կրկնակի տոն պատճառեց հայրենի ոստիկանությունը: Այնքան հաճելի էր, որ տեղներս չէինք գտնում ու չէինք կարող այդ մասին չպատմել:

Ահավասիկ գերատեսչության պաշտոնական կայքը «Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է» խորագրով տեսանյութ է հրապարակել, որով ծանուցում է զանազան առարկաներով ճանապարհային երթևեկությունը խոչընդոտելու համար կազմակերպություններին ու «անհատ ձեռներեցներին» տուգանելու մասին: Տուգանքն էլ փոքր չէ՝ 30 հազար դրամ:

Խոսքը «Չկանգնել» մակագրությամբ ինքնաշեն ցուցանակների, աթոռների, իշոտնուկների և «ում տանը ինչ կճարվի» առարկաներով կայանատեղիներ «բրոնյա» անելու մասին է: Hraparak.am-ն այդ մասին գրել էր օգոստոսին. «Մեկ այլ երկրում նման բան անելու համար քաղաքապետին իր թիմով կուղարկեին բանտ: Ողջ երկիրը պայքարում է կոռուպցիայի դեմ, իսկ մայրաքաղաքում ստվերը լույսի հետ հավասար բիզնես է ծավալել՝ ծանրացնելով քաղաքացիների առանց այն էլ ծանր սոցիալական բեռը: Սա դեռ բոլորը չէ: Հարցի բարոյական կողմն էլ կա: Մարդը, որ տարեկան վճարում է կատարում կարմիր գծերի մեջ կանգնելու համար, չի կարողանում տեղ ճարել: Մի փոքրիկ ճեղք է հայտնաբերում, փորձում է տեղավորվել, բայց իսկույն հայտնվում է «Կարմիր գծի» ստայանչիկը, թե՝ քշի, ախպեր, այս տեղն զբաղված է: Այս պահին էլ կարմիր գծերի մեջ աթոռներ ու զանազան առարկաներ կան դրված. լավ տղերքի տեղն են պահել, հասկանում ես»:

Ոստիկանության՝ տեղից շարժվելու հարցում, չի բացառվում, մեծ դեր է ունեցել նաև վարչապետ Կարապետյանի հանձնարարականը՝ պայքարել մայրաքաղաքում խցանումների դեմ, առաջարկներ ներկայացնել այդ ուղղությամբ հնարավոր քայլերի մասին: Բայց դա ոչ միայն չի նսեմացնում մեր հրապարակման արժեքը, այլև վկայում է այն մասին, որ կառավարությունում էլ են թերթ կարդում ու ականջալուր են մամուլի հրապարակումներին:

Ոստիկանության նախաձեռնության մասին պատմող տեսանյութը՝ ստորև:

Մեկնաբանություն
X