Ինչի՞ց վախեցար, պարոն ռեկտոր. ժողինստիտուտի դասախոսին ազատել են պաշտոնից

Ժողինստիտուտի դասախոսի պաշտոնից ազատման կապակցությամբ Վալերի Միրզոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ որտեղ անդրադարձել է բուհում առկա խնդիրներին ու դրանց հանդեպ բուհի ղեկավարության անհաղորդ պահվածքին: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Դիմագրքի իմ հարգելի բարեկամնե՛ր,
այսօր ես ազատվել եմ ժողինստիտուտի դասախոսի պաշտոնից:
Նախ՝ ինձ զարմացրեց և հիացրեց ռեկտորի օպերատիվությունը. կեցցե՛ս, երի՛ցս կեցցես Կորյուն Աթոյան: Ես դիմումը տվեցի ամսի 18-ին, 19-ին արդեն ազատմանս հրամանը տրված էր: Այ, ընկեր, եթե այդպես արագ գործել գիտես, բուհի մյուս գործերն ինչո՞ւ արագ չես անում:

Ինչի՞ց վախեցար, պրն. ռեկտոր, որ ինձ չկանչեցիր, չհարցրեցիր, թե էս ինչո՞ւ և ինչպե՞ս: Տարրական շնորհք չունեի՞ր գոնե 5 րոպե հանդիպելու, թեկուզ ձևական հաջող-մաջող ասելու: Հը՞:

Սրտիդ կպե՞լ էր իմ քննադատական խոսքը: Բա ո՞նց չասեի (իմանալով հանդերձ, որ հանրապետականացված ուսխորհրդի լրտեսիկներդ լսում են), որ սեպտեմբերի ամբողջ ընթացքում, մենք՝ դասախոսներս և ուսանողները ուշաթափ էինք լինում շոգից, իսկ դու և պրոռեկտորներդ օդորակիչները ձեր աշխատասենյակներում դրած պինդ-պինդ կոստ էին հագել:

Չասեի, որ թեպետ մեր ուսանողության թիվը պակասում է, բայց վերնախավը աճում է. նախկին ռեկտորի օրոք կար 3 պրոռեկտոր, հիմա 5-ը: Բա որ խոսում եմ կազմակերպության բյուրոկրատացման մասին, մեր բուհի օրինակը կարո՞ղ եմ անտեսել:
Ուսխորհրդի մանկլավիկներդ կանչել, առաջին կուրսի դեռ անփորձ ուսանողներից մի քանիսին իմ դեմ գործիք ես սարքել, իբր կոպիտ եմ, վիրավորում եմ ուսանողներին և այլն, և այլն: Մարդ եմ, կարող է և նյարդերս չդիմանան այս վիճակին. ուսանողը փող է տալիս և դասախոսի վրա նայում որպես նոքարի, լկտի ուսանողին չի կարելի սաստել, չսովորելու համար դուրս գցել, որովհետև փող է տալիս և այլն:

Իսկ հիշո՞ւմ ես, պրն ռեկտոր, երբ ուսանողների հետ առաջին հանդիպման ժամանակ հարցրիր՝ տվեք լավ դասախոսի անուն, առաջինը հենց իմ անունը տվեցին: Հիմա ո՞նց եղավ, որ լավ դասախոսը վատը դարձար: Բա քեզ չէ՞ր հետաքրքրում:
Ախր բուհի ղեկավար ես, չէ՞: Թե՝ չէ՞: Կա՞ս, թե չկա՞ս: Եթե կաս որպես բուհի ղեկավար, բա ինչո՞ւ չհարցրիր ամբոնիս վարիչին, թե քո ամբիոնի պրոֆեսորը ինչո՞ւ է ուսումնական տարվա կեսին ազատման դիմում գրել, և վարիչը ումո՞վ է փոխարինելու չորս առարկա կարդացողին:

Գոնե հասկանո՞ւմ ես, թե ես ինչ ծանր վիճակին մեջ եմ դրել իմ հարազատ ամբիոնին, որի անդամներին շատ սիրում և հարգում եմ, բայց էլ չէի կարող դիմանալ քո հանրապետական սադրիչների խայթոցներին: Բայց և շատ եմ ափսոփում այն լավ ուսանողներին, որոնց հետ իմ աշխատանքը ընդհատվեց: Գիտեմ, որ շատ-շատ ուսանողներին վշտացրել եմ, դրա համար ինքս էլ եմ վշտացած:

Նրանցից և իմ այն գործընկերներից, որոնք ճարահատյալ դիմանում են մեր բուհի ներկա ստորացուցիչ մթնոլորտին, ներողություն եմ խնդրում. պարզապես նյարդերս արդեն չդիմացան»:

Մեկնաբանություն
X