Բուհը քանդվում է

Երբ 2011 թվականին Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր նշանակվեց, ապա ընտրվեց Կորյուն Աթոյանը, տարբեր հակասական կարծիքներ էին հնչում նրա՝ այդ պաշտոնին արժանի լինել-չլինելու մասին։ Բայց երբեմն պատահում է, որ առաջին հայացքից անարժան մարդը, պարզվում է, ճիշտ իրեն արժանի տեղում է հայտնվել, եւ հակառակը՝ ակնհայտ արժանիքներ ունեցող մարդը ձախողվում է, ապացուցում, որ դա իր տեղը չէ։ Անցավ ժամանակ, եւ Կորյուն Աթոյանը գերազանցեց հին, փորձառու ռեկտորներին, հատկապես՝ բուհն անցանկալիներից ազատելու, մերձավորներով իրեն շրջապատելու, բյուրոկրատական կարգեր սահմանելու հարցում։ Բայց հատկապես գերազանցեց նրանց բոլորին քննադատություն չհանդուրժելու առումով։ Տնտեսագիտականից անարդարացիորեն ազատված դասախոսը, ըստ Աթոյանի, անգամ ընդվզելու, սեփական կարծիքն արտահայտելու իրավունք չունի։ ՀՀ պատմության մեջ ուրիշ նման դեպք, երբ ռեկտորն իրեն քննադատողին դատի է տվել, ես չեմ հիշում։ Աթոյանն այս առումով «նախադեպ» ձեւավորող է։ Տնտեսագիտականից ազատված պատմության մասնագետ Նորիկ Սարգսյանն ուղիղ 2 տարի դատարանների շեմերն է մաշում այդ պատճառով՝ որ համարձակվել է քննադատել բուհի ղեկավարությանը։ Իսկ երեկ Ֆեյսբուքում հրապարակված գերությունից տեղեկացանք, որ աշխատանքից ազատվել է նաեւ Լեզվի տեսչության նախկին պետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ԵՊՏՀ դասախոս Վալերի Միրզոյանը։ Նա դառը խոսքեր է գրել ռեկտորի հասցեին, որը, չհանդուրժելով իր հասցեին քննադատական խոսքը, ազատել է հարգված դասախոսին։ Նա ռեկտորին մեղադրել է բուհը բյուրոկրատացնելու, ստորացուցիչ մթնոլորտ ստեղծելու, մանկլավիկներ ու լրտեսներ պահելու, անտարբերության եւ ծուլության մեջ։ Հետաքրքիր է՝ Աթոյանը Վալերի Միրզոյանի դե՞մ էլ հայց կներկայացնի։

Մեկնաբանություն
X