Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Բժիշկը՝ ամբաստանյալի աթոռին

«Ժողովուրդը» գրում է. «Արաբկիրի տարածքային զորակոչային հանձնաժողովի կազմում որպես վիրաբույժ փորձագետ-բժիշկ ընդգրկված Հայկ Խեչոյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ զորակոչիկ Արման Փայտյանը պարտադիր զինվորական ծառայության անցնելու համար օրենքով սահմանված կարգով գնացել է ստուգումների, որպեսզի հասկանա՝ առողջական խնդիրներ ունի՞, թե՞ ոչ, որից հետո զորակոչվի բանակ:

Հայկ Խեչոյանը Արաբկիրի տարածքային զորակոչային հանձնաժողովի կազմում՝ որպես վիրաբույժ փորձագետ-բժիշկ, զննել է զորակոչիկ Արման Փայտյանին Երեւան քաղաքի թիվ 16 պոլիկլինիկայում եւ պարտադիր հետազոտության ընթացքում հայտնաբերել ձախ երիկամի հետ կապված խնդիր: Նման պայմաններում նա պարտավոր էր Փայտյանին ուղարկել հետազոտման քաղաքացիական բժշկական հաստատություններ: Սակայն հիմնվելով սեփական փորձի ու իր կողմից կատարված ոչ լիարժեք զննության տվյալների վրա, ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի՝ իր պարտականությունները չի կատարել:

Այսպիսով՝ առողջական խնդիր ունեցող զինվոր Արման Փայտյանի զինվորական փաստաթղթում նշվում է, որ Ա. Փայտյանը պիտանի է զինվորական ծառայության: Ստացվում է, որ ոչ լիարժեք բուժհետազոտման պայմաններում Արման Փայտյանը զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության ու 14 ամիս ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ծառայության ընթացքում խնդիրներ են առաջացել, որից հետո պարզվել է, որ նման առողջական խնդիրներ ունեցող երիտասարդին իրավունք չունեին ընդհանրապես բանակ զորակոչել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X