Եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ թե մեկ սմ մինուս

Այս տարվա հուլիսին Ազգային ժողովն ընդունեց մի նախագիծ, որով Սեւանից հավելյալ 170 մլն․ խմ ջուր պետք է բաց թողնվեր։ Նպատակը, իբրեւ թե, Արարատյան դաշտավայրի այգիների ոռոգումն էր, քանզի տարին սակավաջուր էր։ Նախագծի դեմ իրենց բողոքն արտահայտեցին բնապահպանները՝ նշելով, որ սա վնասելու է Սեւանին, մյուս կողմից կասկած հայտնեցին, որ այդ ջրով ոչ թե պիտի ոռոգեն այգիները, այլ սնուցեն Սեւան-Հրազդան կասկադի ՀԷԿ-ը։ Այսինքն՝ ինչ-որ մեկի ակնհայտ նեղ-անձնական բիզնես շահն էին տեսնում հետեւում։

Ջրառից արդեն մոտ 3 ամիս է անցել։ Երեկ որոշեցինք հետաքրքրվել, թե ինչ հետեւանք է ունեցել 1000 մլն․ խմ հավելյալ ջրառը Սեւանի վրա, դրանից արդյոք նվազե՞լ է լճի մակարդակը։ «Սեւան ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ջրառը թողել է իր բացասական հետեւանքները, Սեւանի մակարդակն իջել է 1 սմ-ով։ «Ջրի մակարդակն էս պահին անցած տարվա համեմատ 1 սմ ցածր է, այսինքն՝ բացասական բալանս կա։ Իհարկե, ասեմ նաեւ, որ էդ 1 սմ ավելը կամ պակասը կանխատեսելն էլ բարդ բան է, որովհետեւ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե տարվա ընթացքում ինչքան կգոլորշիանա։ Իսկ էն, ինչ որ բաց է թողնվում Սեւան-Հրազդան կասկադով, գոլորշիացումը դրանից կրկնակի բարձր է։ 270 մլն․ խմ-ն, որպես այդպիսին, Սեւանի համար շատ լուրջ ծավալ չէ։ Ընդհանուր առմամբ, եթե ապահովվեն այն միջոցառումները, որոնցով 270 չէ, 370 մլն․ եւ ավել ջուր կբերվի Սեւան, դրանից հետո նոր 270-300 մլն․ խմ ջուր բաց կթողնենք, ինքը բացասական երեւույթ չէ, նույնիսկ ավելի լավ երեւույթ է, որ նպաստում է լճի ջրափոխությանը։ Բայց դա պետք է լինի այն դեպքում, երբ որ դրա մուտքն ապահովվել է, որպեսզի բացասական բալանս չունենանք։ Իհարկե, մենք պետք է ուրախանանք, որ այդ բացասական բալանսը շատ չէ, ընդամենը 1 սմ է, բայց, համենայնդեպս, մեզ այդ թվերը չեն գոհացնում, որովհետեւ ավելի լավ կլիներ, որ բալանսը պլյուսով լիներ»,- ասաց Վահե Գուլանյանը։

Դիտարկմանը, թե ստացվում է, որ բնապահպանները ճիշտ էին, երբ ահազանգում էին, որ այս ջրառը կարող է վնասակար ազդեցություն ունենալ Սեւանի վրա, պարոն Գուլանյանն ասաց․ «Վնասակար՝ ինչ տեսանկյունից։ Եթե վերցնենք, թե մակարդակն ինչու բացասական դարձավ, այո, իհարկե, եթե ջրառ չանեինք, կունենայինք 6 սմ պլյուս, ոչ թե մեկ սմ մինուս։ Բայց այդ 6 սմ պլյուսը եւ 1 սմ մինուսն էական ոչինչ չեն փոխում լճի համար։ Բայց ինձ որ մնա, ես բնապահպան եմ, 1 սմ էլ չեմ ուզի, որ որեւէ տեղ տան Սեւանի ջրից»։ Բնապահպանները նաեւ կասկած են հայտնում, որ Սեւանից բաց թողնվող ջրով իրականում Սեւան-Հրազդան կասկադն են սնուցելու։ Վահե Գուլանյանն այստեղ բավականին կոշտ արտահայտվեց․ «Ես էդ որակումները չեմ կարող տալ, բայց եթե պետք է էս երկրի մեջ հանկարծ ու հանկարծ հայտնվի մի հատ սվոլիչ, որը պետք է Սեւանի հաշվին փորձի փող աշխատել, ուրեմն ինքն ամենավերջին մարդն է, ինքն ազգի դավաճան է։ Բայց եթե վերցնում ենք, որ գյուղացին կարա տուժի, իհարկե, մարդասիրական տեսանկյունից ելնելով՝ պետք է գյուղացուն օգնել, որ ջրի արտերը»։

Գուլանյանի պատրիոտիկ խոսքը բավականին ընդդիմական էր։ Ակնհայտ էր, որ նրա սրտով չէր Սեւանից ջրառը։ «Ես երբեւիցե կողմ չեմ եղել, որ Սեւանից ջուր բաց թողնվի, երբեւիցե։ Ինձ համար Սեւանն ուրիշ արժեք ունի, ճիշտ հասկացեք»,-վստահեցնում է «Սեւան ազգային պարկի» տնօրենը։ Բայց նրա կարծիքը, դիրքորոշումը նախագծի քննարկման օրերին կարծես թե չլսեցինք։ «Միանշանակ, այդ կարծիքները միշտ լինում են, էդ որոշումը կայացվում է տարբեր կարծիքների համադրության արդյունքում։ Կլինի 5 հատ բացասական կարծիք, 10 հատ դրական կարծիք, բայց ընդհանուր դիրքորոշում հայտնում է նախարարությունը։ Ես իմ կարծիքն առանձին չեմ հայտնում։ Եվ ես միշտ ասել եմ՝ ինձանով դատելը սխալ է, որովհետեւ ես միշտ Սեւանի շահն եմ բրթելու առաջ, որը կարող է հակասել ժողովրդի, գյուղացիների շահին»,- ասաց պարոն Գուլանյանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X