Հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում․․․

Արմեն Ջիգարխանյանի շուրջ ծավալվող խոսակցությունները վերածվում են զավեշտի։ Համաշխարհային ճանաչում ունեցող դերասանը, ով անցել է փորձության փոթորիկներով, այսօր քամու մի թեթև շրշյունից տարուբերվում է։

Թե ռուսական, թե հայկական աղբյուրներում սրտացավ մի հրապարակում չեմ տեսնում։ Ասես բոլորը խոսքները մեկ են արել ու որոշել՝ տաղանդավոր հայի կերտած ժառանգությունը մեկ- երկու ամսում «քամու բերան տալ»։

Կանգ առեք։

Արմեն Ջիգարխանյանն ամուսնացել է երեք անգամ։ Միայն առաջին կնոջից է երեխա ունեցել։ Նրա առաջին կինը Երեւանի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Ալլա Վանովսկայան էր: 1964 թ. ծնվեց նրանց դուստր Ելենան, ում անունը կնքեցին Ջիգարխանյանի մոր պատվին։ Ալլա Վանովսկայան Ջիգարխանյանին խելագարի պես խանդում էր։ Կասկածի տակ էին ընկնում նրան ծանոթ բոլոր կանայք։ Վանովսկայայի խանդը խորացավ հոգեկան հիվանդության ֆոնին, իսկ դերասանը վախենում էր իրենց դստեր համար։ Մի օր նա պարզապես վերցրեց երեխային եւ կնոջից ընդմիշտ հեռացավ։ Կինն ինքնասպան եղավ։

Երկար տարիներ Ջիգարխանյանը գաղտնի էր պահում իր առաջին ամուսնության մասին ճշմարտությունը։ 1987 թ. դերասանի կյանքում եւս մեկ դժբախտություն պատահեց. ավտոմեքենայում խեղդամահ եղավ նրա 23-ամյա դուստրը։

Սա հիշեցնում եմ նրա համար, որ հիշեք՝ հանճարեղ դերասանը ժառանգ չունի։

Եթե Ջիգարխանյանի աղջիկը կենդանի լիներ, դերասանը չէր հայտնվի այս ծիծաղելի վիճակում։

Այնուամենայնիվ․ այդքանով հանդերձ պիտի հարցնեմ՝ բայց մենք ովքե՞ր ենք նրա համար․․․ Որևէ պարտավորություն չունե՞նք։ Բացեք վիքիպեդիան ու կարդացեք, թե Հայաստանի կողմից ինչ բարձրագույն պարգևների, մեդալների է արժանացել, այլ պետությունների մասին չեմ խոսում։ Ծանոթացեք համաշխարհային կինոմատոգրաֆիայի բնագավառում կերտած ռեկորդային թվով դերերին։ Բացեք ու ցնցվեք։

Թե՞ մեդալները մետաղի կտորներ դառնալով, կորցրել են իրենց արժեքը, նույնացնում եք բոլորին։ Մի՞թե Հայաստանի հանդեպ նրա ծառայությունն այնքան չկա, որ ասենք՝ նա մեր հայրն է, իսկ հոր վրա, անկախ ամեն ինչից, չեն ծիծաղում։

Մամուլի հրապարակումները մեզ ոչինչ չեն կարող տալ՝ խորքայինը հասկանալու համար։ Փորձենք պաշտպանել մեր Հորը, որովհետև նրա տերն այսօր հայ ժողովուրդն է։

Կարծում եմ հարցը անձնական հարթությունից վեր է, ու սա այն դեպքը չէ, երբ մտնում ենք մատի ու մատանու արանքը։ Չմոռանանք մեր հոր տարիքը, անցած ճանապարհի տարտարոսը ու ժառանգորդի իրավունքով՝ պետական մակարդակով, տեր կանգնենք նրան։ Հարցը անվան հետ է կապված։ Մեծ Հայի անվան։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X