Հետիոտնի իրավունք. քաղաքացիական գիտակցություն

2009 թվականից Հայաստանի մայրաքաղաքում ոստիկանները փորձում են ճանապարհով անցնող հետիոտնին ստիպել, որ նա անցնի միայն իր համար նախատեսված հատվածով եւ միայն իր համար վառված կանաչ լույսի ժամանակ։ 2010, 2011 թվականներին ոստիկանական լուրջ ուժեր տեղաբաշխվեցին Երեւանի մարդաշատ փողոցներում, նկարահանվում էին ճանապարհը կամայական վայրից կամայական հատող քաղաքացիները, իսկ իրավապահները լրջորեն զգուշացնում էին, որ կտուգանվեն բոլոր օրինախախտ հետիոտները։ Նույնիսկ փորձեր եղան, 6 հազար 288 կարգազանցի վրա ՃՈ տեսուչները 2011-ի հուլիսի դրությամբ ակտ էին գրել։

Թե ինչ օրենքի հիման վրա պիտի տուգանվեին հետիոտները, հիմա նույնպես կա, գործում է, բայց կիրառումն անհնար է։ Հայաստանում անձնագրային ռեժիմ չկա, այսինքն՝ փողոց դուրս եկած քաղաքացին պարտավոր չէ իր մոտ ունենալ անձնագիր կամ նույնականացման քարտ։ Ավտոմեքենայի վարորդին խախտման համար տուգանելը հեշտ է, քանի որ նրա մոտ պարտադիր պետք է լինի վարելու իրավունքը հաստատող վկայական։ Եթե չլինի, առգրավվում է ավտոմեքենան, ինչն էլ իրավապահի համար գրավ կամ գրավական է հանդիսանում, որ իրավախախտ վարողն անպայման կներկայանա որեւէ փաստաթղթով, կմուծի սահմանված տույժը, որպեսզի կալանավայրից տուն տանի թանկարժեք գույք ավտոմեքենան։ Հետիոտնի մոտ գտնվող որեւէ իր առգրավելու իրավունք, առանց տվյալ իրի վրա կասկածելու, ոստիկանը չունի։ Հետիոտնի մոտ անձը հաստատող որեւէ փաստաթուղթ կարող է չլինել, իսկ հետիոտնի իրավունքի վկայական Հայաստանում երբեք չի եղել ու չկա։ Միջնակարգ դպրոցներում 2011-ից մտցվել է շախմատը՝ որպես պարտադիր ուսուցանվող առարկա, քանի որ Հայաստանի նախագահը շախմատ խաղալ է սիրում։ «Հետիոտնի կանոններ» առարկա չկա, քանի որ նախագահը հետիոտն չէ, փողոցներով քայլել չի սիրում։ Ռուսաստանում սամբոն եւ ձյուդոն դպրոցների պարտադիր առարկաներից չեն, չնայած ՌԴ նախագահը ձյուդոիստ է, շատ է սիրում այդ սպորտաձեւը։ Վլադիմիր Պուտինի անձնական էջում գրված է․ «Ձյուդոն վարժանք է ե՛ւ մարմնի, ե՛ւ մտքի համար։ Այն զարգացնում է ուժ, ռեակցիա, տոկունություն, սովորեցնում է վերահսկել ինքներդ ձեզ, զգալ պահի սրությունը»։ Այս հատկությունները հետիոտնին նույնպես շատ են անհրաժեշտ, քանի որ Հայաստանի մայրաքաղաքի 10 բնակչից առնվազն 5-ն անձամբ է ականատես եղել, թե անփույթ հետիոտնի պատճառով ինչպես են միմյանց բախվել հանկարծակի արգելակած ավտոմեքենայի հետեւի մեքենան կամ մեքենաները։ 100 բնակչից մեկը եղել է նման պատահարի զոհ կամ մասնակից։

Վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին մտահոգվել էր Երեւանի փողոցների խցանումներով եւ հանձնարարել տրանսպորտի նախարարին, քաղաքաշինության կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին եւ Երեւանի քաղաքապետին՝ երկու ամսում ուսումնասիրել խցանումների նվազեցման հնարավորությունները։ Վարչապետը հորդորել է այդ չորս պաշտոնյաներին՝ «հաշվի առնել որոշ հատվածներում ավտոկայանատեղերի սահմանափակման, ճանապարհային երթեւեկության կազմակերպման եւ հսկողության խստացման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերը», նույնիսկ առաջարկել է մտածել նոր ճանապարհներ կառուցելու մասին։ Կրթության եւ արդարադատության նախարարներին հանձնարարականներ չկան։ Առաջինը կարող է պատասխանատվություն կրել, քանի որ դպրոցների շրջանավարտներին տրված վկայականները կոչվում են հասունության վկայական, ճանապարհներով երթեւեկելը նրանց առօրյայի պարտադիր մասն է, իսկ շրջանավարտները դրանում բավականին տհաս են։ Երկրորդը պետք է պատասխանատվություն կրի, քանի որ կա օրենք, նախատեսված են տուգանքներ, սակայն օրենքը չի գործում կամ չի կիրառվում։ Մասնավորապես, սահմանված է 3 հազար դրամ տուգանք՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու, կարգավորման ազդանշաններին չենթարկվելու, ճանապարհային նշանների կամ գծանշումների պահանջները խախտելու համար (ՎԻՕ հոդված 131/1), 5 հազար դրամ՝ «հետիոտների կողմից ճանապարհով (այդ թվում՝ մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ կողնակներով) շարժվելու կարգը» (131/2) եւ նույնքան՝ ճանապարհի երթեւեկելի մասը հատելու կարգը (131/3) խախտելու համար։

Ռուսական օրենսդրությունն այս մասով բավականին պարզ է շարադրված եւ ուշագրավ է, ազգային մենթալիտետին բնորոշ․ 800 ռուբլի տուգանք հետիոտն երթեւեկության կարգը խախտելու եւ 1000-1500 ռուբլի՝ նույն կարգը հարբած վիճակում խախտելու համար (հոդ․ 12.29)։ Բայց նույն Ռուսաստանում արդեն ձեւավորվել են քաղաքացիական շարժումներ, կազմակերպվում են միջոցառումներ, եւ մարդիկ մարզերում նույնիսկ մտածել են հետիոտնի վկայական ստեղծելու մասին։ Նմանատիպ վկայական կարող են աշակերտներն ստանալ հայաստանյան բոլոր միջին դպրոցներում, եթե տիրապետեն բավարար գիտելիքների եւ հանձնեն քննությունները, իսկ վկայականի կրումը կարող է օրենսդրորեն դառնալ պարտադիր։ Առանց վկայականի ճանապարհով անցնելը, առավել եւս՝ միտինգների, ցույցերի ու երթերի մասնակցելը, փողոց դուրս գալը խստիվ արգելվում են եւ՝ վերջ։

Սեւակ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մեկնաբանություն
X