Ինչո՞ւ ամերիկացիներն իրենց աշխատողներին չեն թողնում բնակվել Մեծամորում

Մի խումբ բնապահպանական կազմակերպություններ դեռեւս այս տարվա սեպտեմբերին նամակ էին գրել էներգետիկայի նախարարին՝ պահանջելով ռադիոակտիվ թափոնների կառավարումը դարձնել լայն հասարակության քննարկման առարկա: Բնապահպանների առաջարկների թվում էր ատոմակայանի ազդեցության գոտում՝ ԱԷԿ-ից 10 կմ շառավղով գտնվող 25 գյուղերին ատոմակայանի ազդեցության տակ գտնվող ազդակիր համայնքի կարգավիճակ տալը:

Բնապահպան Ինգա Զարաֆյանի խոսքով՝ այդ կարգավիճակը տարածքի բնակիչներին իրավունք կտա միջամտելու ատոմակայանի թափոնների կառավարման հարցերին: «Սա առաջին պահանջն է, որովհետեւ այս գոտիներում ապրող մարդիկ են այդ բոլոր ռիսկերի կրողները: Դուք տեղյա՞կ եք, որ Հայաստանում գործող ամերիկյան կազմակերպություններն իրենց աշխատողներին չեն թողնում բնակվել Արմավիրում կամ Մեծամորում՝ հաշվելով, որ դրանք բարձրռիսկային համայնքներ են»,- հարցնում է Ինգա Զարաֆյանը: Մյուս սկզբունքային պահանջն այն է, որ ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի թաղման համար հարթակի որոնման գործընթացում որոշվեն չափորոշիչներ՝ ապահովելու երկրաբանական պաշտպանիչ կոմպոնենտ, ինչպես նաեւ անվտանգության չափորոշիչներ՝ հաշվի առնելով առկա ռիսկերը. երկրաշարժ, սողանք, ստորգետնյա եւ վերգետնյա ջրեր, դրենաժ: Գործոններ, որոնք ազդում են տվյալ երկրաբանամորֆոլոգիական միջավայրի վրա:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին օրենքի նախագծին, իսկ երկրորդ բլոկի աշխատանքը նախատեսված է եւս տասը տարով երկարացնել: Ըստ Ինգա Զարաֆյանի եւ բնապահպանների՝ ատոմակայանի շահագործումից հանվող էներգաբլոկներն էլ ավելի կբարդացնեն իրավիճակը՝ կապված բարձր ակտիվության ռադիոակտիվ թափոնների առաջացման խոշոր աղբյուրի գոյության հետ։ Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանի անկախացումից հետո ՀՀ շրջափակման պատճառով աշխատած միջուկային վառելիքի տեղափոխում չի իրականացվում, թափոնները պահվում են ՀԱԷԿ-ի տարածքում: Կառավարությունը ժամանակին նման թափոնների համար գերեզմանոցների որոնողական աշխատանքներ իրականացնելու եւ նման վայրեր հայտնաբերելու որոշումներ ընդունել է, բայց դրանք բոլորը մնացել են թղթի վրա:

«Մարդիկ դեմ էին, չէին ուզում: Եվ ոչ ոք չի ուզի, որ իր կողքը ռադիոակտիվ թափոնների գերեզմանոց սարքվի: Կամ մի հատ ուրանի բաց հանք լինի: Եվ մենք շատ լավ հիշում ենք, որ Սյունիքի Լեռնաձոր գյուղում, երբ նման աշխատանքներ էին տարվում, մոտակա գյուղերի կանայք ուղղակի դուրս եկան ու երկրաբաններին այնտեղից դուրս շպրտեցին»,- վերհիշեց բնապահպանը: Հիմա, ըստ նրա, նման որոնողական-հետազոտական աշխատանքներ պետք է տարվեն Վայոց Ձորի Զանգակատուն գյուղի մերձակայքում:
«Հիմա այս թափոններն ատոմակայանի տարածքում են, բայց ես գիտեմ, որ այնտեղ մի գերեզմանոց արդեն լցված է, եւ արդեն մենք հասկանում ենք, որ դա շատ մեծ տարածք է կազմում, եւ պետք է դուրս հանեն: Առայժմ այս մասին կառավարության որոշում կա»,- ասաց Ինգա Զարաֆյանը: Նշենք, որ մինչեւ 1991-ը ՀԱԷԿ-ի աշխատած միջուկային վառելիքը տեղափոխվում էր Ռուսաստան՝ վերամշակման, եւ պահվում էր այնտեղ:

Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X