Ես ՀԿ, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ունեմ․ Կոմանդոսի արձագանքը՝ ՊՆ օրինագծին

Հասարակության, առաջին հերթին՝ ուսանողության ուշադրությունն այս օրերին սեւեռվել է պաշտպանության նախարարության նոր օրենսդրական նախաձեռնության՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի վրա, համաձայն որի՝ ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի ՊՆ-ի հետ՝ պարտավորվելով բանակում ծառայել ոչ թե 2, այլ 3 տարի։

Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, նշեց, որ ինքը ծանոթ չէ այդ օրինագծին։

«Ես միայն կարող եմ ասել, որ պետք է լինի սոցիալական արդարություն։ Ես չեմ ծանոթացել, չգիտեմ, թե որտեղ է տպված այդ օրենքը, պետք է կարդամ, որ նոր կարողանամ ասել իմ կարծիքը»,- ասաց գեներալ-մայորը։

Հարցին, թե հնարավո՞ր է այդ կերպ հասնել սոցիալական արդարության, երբ պաշտոնյաների, մեծահարուստների զավակները չեն ծառայում, Կոմանդոսն արձագանքեց․ «Իրենք դա բացատրել են, իրենք ասում են, որ իրենց երեխաները տաղանդավոր են, սովորում են տարբեր երկրների բուհերում։ Դժվար է էդ հարցին պատասխանել։ Էդ օրենքի մասին մտածել են, նախարարն ինքն իրենով չի արել դա։ Ես չեմ կարող հիմա դրա ո՛չ դրական, ո՛չ բացասական կողմն ասել»։

Հետաքրքրվեցինք, թե ինչպես է Արկադի Տեր-Թադեւոսյանը վերաբերվում Վիգեն Սարգսյանի այն հայտարարությանը, որ պաշտպանության նախարարությունում պետք է լինեն բարձրաստիճան պաշտոնյաների կրճատումներ։

«Զարմանում եմ Ձեզ վրա, Դուք ինձ ներքաշում եք հարցերի մեջ, որոնցից ո՛չ ես եմ հասկանում, ո՛չ Դուք։ Չեմ հասկանում, թե ինչ եք ուզում դրանով ասել։ Ես հասարակական կազմակերպություն եմ ղեկավարում, ԴՕՍԱՖ եմ ղեկավարում, իմ պրոբլեմներն ունեմ։ Ինչի՞ եք հարցնում, թե Կարեն Կարապետյանն ինչ արեց, էն մեկն ինչ արեց։ Ինչի՞ եք ուզում լարվածություն ստեղծել, քի՞չ է լարվածությունը Հայաստանում։ Կներեք էլի, ես շատ վատ եմ զգում, որ էդպիսի հարցեր եք տալիս։ Ցտեսություն»,- արձագանքեց Արկադի Տեր-Թադեւոսյանը։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X