Որքան ես եմ խանգարել բանակին, նույնքան էլ՝ ինքն ինձ

«Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու Վիգեն Սարգսյանի նախագիծը հանրային լայն քննարկումների պատճառ դարձավ: Օրինագծի դեմ առաջին հերթին հանդես եկան ուսանողները, որոնք պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել՝ ընդհուպ ներկայացնելով դասադուլի վերջնագիր: Խնդիրը պարզ է:

Նախագիծն իր սուր ծայրով հարվածում է հանրապետության գիտակրթական համակարգին: Ի՞նչ կլինի գիտության հետ, եթե գիտնական դառնալու հեռանկար ունեցող ուսանողների մի զգալի հատվածը զրկվի տարկետման հնարավորությունից:
Փորձենք վերլուծել ստեղծված իրավիճակի առանձնահատկությունները: Ժամանակին ես նույնպես կիսատ եմ թողել կրթությունս եւ զորակոչվել պարտադիր զինծառայության: Բանակն ինձ համար ժամանակի լրջագույն կորուստ էր, ռեսուրսների անիմաստ վատնում, քանի որ այդ 2 տարվա ընթացքում ես որեւէ օգուտ չեմ տվել Հայաստանի զինված ուժերին, ընդհակառակը՝ խանգարել եմ: Իմ հասակակիցներն արդեն գիտության թեկնածուներ ու գիտաշխատողներ են, իսկ ես դեռ քարշ եմ գալիս այս ու այն կողմ:

Այսինքն՝ որքան ես եմ խանգարել բանակին, այնքան էլ՝ ինքն ինձ: Խնդիրն այն է, որ ես նախատեսված չէի զինվորական կյանքի համար, բայց դա քաղաքացիական պարտք էր, որը պետք է կատարեի: Հենց այս գիտակցությամբ է, որ ինչպես ես, այնպես էլ շատերը ծառայել են բանակում՝ այն ակնկալիքով, որ ինչ-որ մի օր Հայաստանը կկարողանա պրոֆեսիոնալ, պայմանագրային բանակ ստեղծել ու ուսանողներին ազատել խաղաղ պայմաններում քաղաքացիական այդ պարտավորությունից: Բայց, ինչպես տեսնում ենք, Հայաստանը ոչ միայն չի պատրաստվում պրոֆեսիոնալ բանակ ստեղծել, այլեւ, հակառակը, փորձում է ուսանողների ավելի մեծ խմբեր քշել բանակ՝ նույնիսկ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ այդպիսով գոտկատեղից ներքեւ հարված է հասցվում գիտությանը: Այսինքն՝ իշխանություններն ի զորու չեն կանգնեցնել արտագաղթը, ինչպես նաեւ չեն կարողանում պրոֆեսիոնալ բանակ ստեղծել եւ իրենց այդ անկարողությունը փորձում են լրացնել գիտության հաշվին, ավելի ճիշտ՝ գիտությանը հարվածելու միջոցով:

Օրինագիծն ունի նաեւ այլ վտանգավոր դրույթներ: Մասնավորապես՝ Վիգեն Սարգսյանը գիտությամբ զբաղվողներին առաջարկում է պայմանագիր կնքել եւ 3 տարվա սպայական ծառայությունը համատեղել գիտակրթական աշխատանքի հետ: Սա չափազանց վտանգավոր եւ անհեռանկարային առաջարկ է: Նախ՝ այն մեծացնելու է հանրության միլիտարիզացիայի չափերը: Իհարկե, բնակչությունը պետք է մշտապես պատրաստ լինի հնարավոր պատերազմին, բայց միլիտարիզացիայի ծայրահեղ դրսեւորումները կարող են ծանր հետեւանքներ թողնել՝ պատճառ դառնալով հասարակական նոր մարտահրավերների ի հայտ գալուն: Գիտական ու զինվորական շրջանակները պետք է մշտապես համագործակցեն, բայց զինվորականն ու գիտնականը չպետք է սերտաճեն, նույնականացվեն ու համահարթեցվեն բովանդակային նույն տիրույթում: Դրան կհաջորդի հասարակական-գիտական մտքի անխուսափելի ճգնաժամը: Բացի այդ՝ գիտական աշխատանքը պարզունակ զբաղմունք չէ, որը հնարավոր լինի համատեղել որեւէ այլ գործողության հետ: Ինչպես սպորտում, այնպես էլ գիտության մեջ մարզավիճակն ու խաղային պրակտիկան առաջնային տեղ են զբաղեցնում: Ֆուտբոլիստը չի կարող 6 ամիս չմասնակցել մարզումներին, բայց որակյալ արդյունք արձանագրել, ընդհակառակը՝ ընդմիջումը կարող է հանգեցնել կարիերայի ավարտին: Նույն օրինաչափությունը գործում է նաեւ գիտության մեջ: «Զինապարտության մասին» օրենքում անհեռանկարային փոփոխություններ իրականացնելու փոխարեն անհրաժեշտ է առաջին հերթին լրջագույն ռեֆորմներ իրականացնել կրթական համակարգում եւ մտածել պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու հեռանկարի մասին:

Ես 3 անգամ մագիստրատուրա ընդունվելու քննություններ եմ հանձնել: Երկուսը՝ ԵՊՀ-ում, մեկը՝ Սանկտ Պետերբուրգում: Առաջին երկու դեպքերում ընդունվել եմ առանց որեւէ դժվարության, իսկ Սանկտ Պետերբուրգում հանձնել եմ կյանքիս ամենաբարդ քննությունը: Այսինքն՝ ԵՊՀ մագիստրատուրա կարող է ընդունվել ցանկացած մեկը, միայն վճարունակ լինի: Ասպիրանտուրա ընդունվելը նույնպես առանձնապես մեծ ճիգ չի պահանջում, իսկ թեկնածուական ատենախոսությունների մի զգալի մասը ռեֆերատից տարբերվում է միայն ծավալով: Այսինքն՝ 200-300 էջանոց ռեֆերատներ, եթե համեմատենք արտասահմանյան բուհերի հետ: Միգուցե իշխանությունները կրթական համակարգում պե՞տք է սկսեն բարեփոխումներ իրականացնել, որպեսզի ամեն երկրորդը չկարողանա համալսարան ընդունվել՝ զուտ այն պատճառով, որ վճարունակ է: Մի՞թե մենք վճարունակ դեբիլների հասարակարգում ենք ապրում: Եթե ուշադրություն դարձնենք, ապա բակալավրի 4 տարիների ընթացքում գրեթե ուսանողներ դուրս չեն մնում համալսարանից, քանի որ համալսարանին օդ ու ջրի պես անհրաժեշտ են այդ վարձավճարները: Համալսարանի միջանցքներում քայլելիս ֆակուլտետների դեկաններն այլեւս չեն հարցնում, թե ինչպես են դասերը, առաջին հարցն այն է, թե արդյոք ուսանողը վճարե՞լ է վարձը: Այսինքն՝ «վճարունակություն» եւ «սովորելու կարողություն» հասկացությունները տարանջատվել են իրարից՝ տեղափոխվելով տարբեր հարթություններ: Թո՛ղ համալսարաններից արմատախիլ անեն հենց այս արատավոր պրակտիկան ու վճարող, բայց չսովորող ուսանողներին զորակոչեն բանակ, որոնց միակ զբաղմունքը համալսարանում քարշ գալն է ու ներկա ստանալը: Հավատացնում եմ՝ այդ դեպքում բանակի համալրման խնդիրը կկարգավորվի, իսկ համալսարաններն էլ կմաքրվեն աղբից: Պարզապես իշխանությունները հասկանում են, որ նման մոտեցման դեպքում ուսանողների առնվազն կեսը դուրս կշպրտվի, իսկ համալսարաններն էլ կսնանկանան: Կրթական այսպիսի ցածր շուկայական քաղաքականության ճարտարապետներն իշխանություններն են ու համալսարանների նրանց կամակատար ղեկավարները:

Ի դեպ, մեր ամբիոնի վարիչ պրոֆեսորն իմ անպատասխանատվության պատճառով մագիստրատուրայի վերջին կուրսում ինձ դուրս շպրտեց համալսարանից: Իհարկե, ճիշտ արեց, նա թքած ուներ՝ ես բանակ կգնա՞մ, թե՞ ոչ, խնդիրը չէր կատարվել, իսկ պատիժն անխուսափելի էր: Եթե կրթական գործի կազմակերպիչներն ու քաղաքական պատասխանատուներն այսպիսի վճռականություն դրսեւորեն, ապա ոչ միայն կրթական համակարգը կբարեփոխվի, այլ նաեւ բանակի համալրման հարցը կլուծվի: Քանի որ համալսարանում ապաստանած ու սովորելու ցանկություն չունեցող ուսանողները կզորակոչվեն բանակ, իսկ իրապես բարձր առաջադիմություն ունեցողները կզբաղվեն գիտակրթական գործունեությամբ: Եթե սրան էլ ավելացնենք արտագաղթի ծավալների նվազման ու պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու հեռանկարները, ապա ոչ մի փոփոխության անհրաժեշտություն այլեւս չի լինի: Պարզապես իշխանություններն անկարող են հիմնախնդրին ռազմավարական լուծում տալ եւ ինչ-որ կոսմետիկ միջամտություններ են իրականացնում:

Կարպիս ՓԱՇՈՅԱՆ

Մեկնաբանություն
X