Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսները եւ Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանը

Զուգադիպությո՞ւն է, թե՞ ինչ-որ միստիկ բան, սակայն այս օրերին, երբ Գերմանիայում նշում են Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանը, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում Հայ առաքելական եկեղեցու բարեփոխումների սեփական պատկերացումներն է հրապարակում, որոնք արդեն հասցրել են ստանալ «Հրանտ Բագրատյանի 11 թեզիսներ» անվանումը:

Արդեն առիթ ունեցել ենք գրելու, որ եկեղեցական բարեփոխումների հարցը Հայ առաքելական եկեղեցու համար խորթ երեւույթ չէ, եւ եթե եկեղեցին իրեն հռչակում է համազգային, համահայկական եւ ժողովրդական, ապա բնական է, որ ազգի ներկայացուցիչներից յուրաքանչյուրն իրավունք ունի իր տեսլականը ներկայացնելու եկեղեցական այս կամ այն հարցի շուրջ: Ուստի Հրանտ Բագրատյանի առաջարկները բնական պրոցեսի հերթական հանգրվանը պետք է համարել, պրոցես, որն սկիզբ է առնում 19-րդ դարի վերջերից, երբ հայկական ազգային մամուլի էջերում սկսեցին հայտնվել առաջին հրապարակումները եկեղեցական բարեփոխումների մասին:

Առհասարակ, եթե ուսումնասիրենք եկեղեցական բարեփոխումների պատմությունը, ապա երբ համեմատում ենք, օրինակ, Բաբկեն Կյուլեսերյանի, Մաղաքիա Օրմանյանի, Կարապետ Տեր-Մկրտչյանի, Նորայր Պողարյանի, Երվանդ Տեր-Մինասյանի, Եղիշե Դուրյանի եւ մյուս հեղինակների այս թեմայով հրապարակումները, պարզվում է՝ ժամանակի մեջ դրանց մի մասը կյանքի է կոչվել, մյուս մասն էլ կա՛մ մերժվել է, կա՛մ տարբեր հանգամանքների բերումով մնացել կիսատ, վատ ուսումնասիրված:

Եկեղեցու տնտեսական կազմակերպչական մասով առաջարկները, իհարկե, ընդունելի են, եւ կարեւոր է, որ Հայ առաքելական եկեղեցին եւս, ինչպեսեւ մյուս բոլոր կրոնական կազմակերպությունները, որոնք այսօր գրանցված են Հայաստանում եւ գործում են, դուրս գան ստվերից ու ներկայացնեն ամենամյա ֆինանսական մանրամասն հաշվետվություններ, եկեղեցական վերնախավն էլ բարձրաստիճան պաշտոնյաների նման ներկայացնի հարկային հայտարարագիր: Ընդունելի են նաեւ նույն ոլորտի մնացյալ հարցերի հետ կապված դրույթները, հատկապես, որ սա կիրառվող պրակտիկա է, եւ, օրինակ, օրեր առաջ հայտնի դարձավ, որ Անգլիկան եկեղեցու դրամական տարեկան ֆոնդը հատել է մեկ միլիարդ ֆունտ ստեռլինգի սահմանը, ինչի մասին Անգլիկան եկեղեցին հայտարարեց՝ ներկայացնելով հաշվետվություն այն բոլոր ուղիների մասին, որտեղից ստանում է եկամուտներ: Մի փոքր անհասկանալին, իհարկե, կանանց՝ իբրեւ եկեղեցու սպասավորներ, տղամարդկանց հետ իրավահավասար դիրքերից հանդես գալուն վերաբերող Բագրատյանի դրույթն է: Պետք է ասել, որ նման իրավահավասարությունը, եթե հարցը դիտարկենք կնոջ քահանայագործման կամ եպիսկոպոսության հասնելու տեսանկյունից, անհնարին է, որովհետեւ, որպես կանոն, ավանդական եկեղեցիներն այս հարցում միակարծիք են եւ, հիմնվելով աստվածաշնչյան դրույթների վրա, նշում են, որ կինը չի կարող լինել քահանա: Սակայն, սկսած վաղքրիստոնեական ժամանակներից, կին սարկավագներ եղել են բոլոր ավանդական եկեղեցիներում էլ, նաեւ՝ Հայ առաքելական եկեղեցում:

Եկեղեցական ծիսական լեզվի մասով կարծես թե խնդիրը պետք է լուծված լիներ, քանի որ հիմա լայն տարածում ունեցող գրեթե բոլոր ծիսական գրքերը, աղոթագրքերը եւ այլն, հրապարակված են արդի արեւելահայերենով: Նորամուծություն էր պետությունից եկեղեցու աջակցություն ստանալու մասին դրույթը, որն արդեն օրենքով թույլատրված է մերձբալթյան երկրներում եւ կարելի է արդարացի համարել միայն այն դեպքում, երբ հարկման թափանցիկության, հաշվետվողականության ու նաեւ բարերարների կողմից նվիրաբերված ֆինանսական միջոցների «մաքրության» հետ կապված հարցերը լիովին համարվեն լուծված:

Տիգրան ՎԱՀԱՆԵ

Մեկնաբանություն
X