Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհին

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարականով խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով հոկտեմբերի 21-ին ձերբակալվել է Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհի Կոզետա Կիրակոսյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: «Իմ հանձնարարությամբ, այսօր քննիչի կողմից ձերբակալվել է նշված անձը՝ առանձնակի խոշոր չափերի կաշառք ստանալու ու պահանջելու կասկածանքով»,- տեղեկացրել է Կարեն Գաբրիելյանը:

Ինչպես տեղեկացնում են դատախազությունից, քաղաքացու ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Ի. Ռ-ն և Ա. Բ.-ն նախնական համաձայնությամբ, վերջինիս դստեր՝ Վ. Բ.-ի՝ «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱ կազմակերպությունում ընդունելու, ընթացիկ և ավարտական քննություններին դրական գնահատականներ ապահովելու և արդյունքում մասնագիտական որակավորման փաստը հավաստող դիպլոմ ստանալու նպատակով 2015-2016 թվականների ուսումնական տարվա ընթացքում, ինչպես առձեռն, այնպես էլ բանկային փոխանցումների միջոցով, նույն կազմակերպության աշխատակից և արհեստակցական միության նախագահ Կ. Կ.-ին որպես կաշառք մաս-մաս փոխանցել են 140 000 ՀՀ դրամ և 2100 ԱՄՆ դոլար գումար:

Վերջինս իր հերթին Վ.Բ-ի օգտին գործողություններ կատարելու նպատակով ապօրինի պահանջել և ստացել է այդ գումարը, որից հետո նույն նպատակով Ա. Բ-ից պահանջել է ևս 500 ԱՄՆ դոլար:

Մեկնաբանություն
X