Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լինի երջանկություն․ Ճոյտ

Ծառուկյան դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) կարծում է, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը քաղաքական բլեֆ է։ «Կառավարությունը, որը ձախողել է իր աշխատանքները՝ տնտեսական աճը ուռճացված ներկայացնելով, մարդկանց ուշադրությունը փորձում է շեղել այս օրենքի նախագծով․ Ստեղծել է մի իրավիճակ, որտեղ մարդիկ, իբր թե ընտանեկան խնդիրների մասին օրենքներն ավելի կարեւոր են, քան իրենց մնացած խնդիրները՝ վատ ապրելը, բանկային վարկերը։ Այսինքն՝ հասարակության ուշադրությունը շեղել են այդ կողմը։ Հիմա, դուք հարց տվեցիք, ես խոսեցի, մեր ուշադրությունը շեղվեց դեպի այդ թեման։ Նրանք զբաղվում են այս փոքր խնդրով։ ես կարծում եմ՝ սրա ժամանակը չէր։ Որ հետեւեք, կտեսնեք՝ նման մի իրավիճակ բստրում են 10 ամիսը մեկ»։

-Ընտանիքում ծեծը կանխարգելելը փոքր բա՞ն է։

Ի՞նչ ա նշանակում ծեծել, «ծեծել» հասկացողություն չկա։ Կա մոր կամ հոր կողմից երեխային մի ապտակելու ձեւ։ Ես բերեմ իմ կյանքից մի օրինակ։ Երբ ես 7-8 տարեկան երեխա էի, սիգարետ էր ընկել ձեռս եւ սիգարետը փստցնում էի, մորս խաբար էին տվել, մայրս ասեց՝ ծխե՞լ ես, ասեցի՝ չէ, ասեց «հո» արա, ես «հո» արեցի, դե բնական ա, սիգարետի հոտը եկավ, այդ պահին ինձ ապտակեց։ Այդ ապտակից հետո ես էլ կյանքում չծխեցի։ Հիմա ի՞նչ, մտածում եք, որ, եթե այն ժամանակ օրենքը լիներ, պետք ա գնայինք մի տեղ ասեինք՝ ապտակեց, դա պարզապես դաստիարակչական ապտակ էր ․․․ Եթե վերցնենք մի 30-40 տարվա առաջվա կին-տղամարդ հարաբերությունները, ապա շատ քչերն էին, որ իրանց կնգա աչքին մի հատ չէին տալի, որ կապտեր, փողոցներում եւ տարբեր վայրերում դա տեսնում ենք։ Ավելի լավ ա տղամարդը կնոջը մի հատ խփի, բայց լինի երջանկություն, հարգանքը մեկը մեկի նկատմամբ, ոչ թե էսօր բոլորը ամերիկյան տարբերակով իրար քծնեն, ծիծաղեն, բայց այնպիսի դավաճանություններ անեն, որ աններելի լինի։

-Դուք համաձա՞յն է այն խոսքի հետ, որ, եթե տղամարդը ծեծում է կնոջը, ուրեմն սիրում է։

  • «Մեր մանկության տանգոյում», որ ասում ա՝ ինձ էլ զարկի, ինձ էլ զարկի, ասում ա՝ ինչի, ասում ա՝ որովհետեւ Վարդուշին կզարկես, ինձի չես զարկե։ Այ, դրա մեջ կա կյանք, կա ամեն ինչ, էդ զարկելով բան չի փոխվի։ «Ծեծել» հասկացողությունը չգիտեմ ինչի մեր հասարակությունը մտածում ա, որ եսիմ ինչ ձեւի ծեծի, որ մահամերձ վիճակ առաջանա, չէ, ավելի լավ ա էդ բանը լինի, բայց լինի քաղցրություն լինի, լինի համ ու հոտ։ Ես չեմ ընդունում, որ գնաս մեկին ծեծես, բայց կյանք ա, ընտանիք ա։

-Այսինքն, դուք կարծում եք՝ նորմալ է, երբ տղամարդը ապտակում է կնոջը։

Այո, այո, եթե դա իր անհամաձայնությունն արտահայտելու ձեւ է, ես չեմ կարծում, որ փոքրիկ ապտակը կխարխլի այդ ընտանիքի բնականոն կյանքը։ Կյանքը լի ա դառնություններով ու քաղցրություններով։ Ես չեմ ասում՝ կնգան բռնել ծեծել, եսիմ ինչ անել, բայց փոքրիկ ապտակը, դա որեւիցե ինչ չի գործի։

-Պարոն Հակոբյան, ինչպե՞ս եք վերաբերում ՊՆ-ն առաջարկած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական նախաձեռնությանը։ Ուսանողները դեմ են։

-Ես կարծում եմ, որ պետք չի մեր ամբողջ ազգին բերել, սարքել ծառայողներ։ Մեզ պետք են գիտնականներ, մտավորականներ։ Դուք պատկերացրեք՝ մեր շախմատիստ չեմպիոնը գնար բանակ, որովհետեւ նրա տեղը չի այդ բանակը, իսկ մարդ կա՝ ուզում ա գնա բանակ։ Կոնկրետ ես գնացել եմ բանակ, ծառայել 2 տարի։

-Որոշ ժամանակ առաջ դժգոհում էիք, որ «Ծառուկյան դաշինքի» պատգամավորները լավ չեն աշխատում։ Այժմ ինչպե՞ս կգնահատեք։

-Ես կարծում եմ, որ հիմա շատ լավ են աշխատում, տեսնում եմ այդ աշխատանքները։

-Ի՞նչ է փոխվել։

-Իրենք ընտրել են իրենց ընդդիմադիր կուրսը, որով էլ եկել են իշխանության։ Կարծում ենք, որ մենք ճիշտ ենք, մենք չենք տեսնում, որ երկիրը զարգանում է, չկա տնտեսական աճ։ Յուրաքանչյուր մարդը կարող է էս ամեն ինչի մասին ասել։ Մենք տեսնում ենք թանկացումներ, անարդարություններ։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X