Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավեճը դրական եզակի երեւույթ է մեր մամուլում

Հայկական լրատվական դաշտում բավական ուշագրավ դիսկուրս է սկսվել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանի միջեւ կապված Հայ Առաքելական եկեղեցու բարեկարգության հարցի շուրջ: Անկեղծ ասած, երկար ժամանակ է, որ մամուլում նման բովանդակային լուրջ բանավեճեր չէին եղել, այն էլ այնպիսի լուրջ եւ նրբազգացություն պահանջող թեմայով , ինչպիսին Առաքելական եկեղեցին է կամ կրոնն առհասարակ: Հասկանալի է եւ Հրանտ Բագրատյանի մտահոգությունները, եւ Վահրամ քահանա Մելիքյանի դիրքորոշումները: Մեծ հաշվով Հրանտ Բագրատյանը փորձում է խտացնել եւ ձեւակերպել այն բոլոր խնդիրները, այն բոլոր վերապահությունները, մտահոգությունները, որոնք այսօր ունի հասարակությունը կամ դրա մի մասը Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ, ինչի մասին խոսվել է մամուլում, եւ սա շատ լավ է: Դրական է նաեւ, որ Հրանտ Բագրատյանի տասնմեկ թեզիսների հակադարձման մեջ Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսնակը եւս փոխել է եւ ոճը, եւ բառապաշարը ու անցել արդեն լուրջ բովանդակային մարտավարության:

Վստահ կարելի է ասել, որ այս բանավեճը, եթե շարունակվի, հաստատ որեւէ դրական արդյունք կտա, թեկուզեւ այն հայտնի իմաստուն խոսքի հետեւողությամբ, թե բանավեճի մեջ է, որ բյուրեղանում է ճշմարտությունը: Եթե փորձենք վերացարկվել եւ մեկ, եւ մյուս կողմի հայտարարություններից եւ փաստարկումներից, ապա պետք է արձանագրենք, որ այո, կա հանրային լուրջ մտահոգություն, կապ չունի իրական հիմքի թե սոսկ պահի թելադրանքով արված հայտարարությունների, անկեղծ քննադատական խոսքի, թե պարզապես «ցեխ շպրտելու» ցանկության հիմքի վրա արված եւ եթե Առաքելական եկեղեցին իրեն նկատում է համահայկական եւ համազգայնության, ապա, վստահաբար, գոնե պետք է լսի այդ մտահոգությունները եւ արձագանքի: Ընդ որում, այդ արձագանքն ամենեւին չպետք է լինի դատապարտելու, քննադատելու, կամ սովորեցնելու դիրքերից, դրանց ժամանակները վաղուց են անցել այսօրվա դարում երբ կենտրոնում մարդն է: Ժամանակակից աշխարհը արձագանքի բազմաթիվ օրինակներ ունի, որոնք գործում են այսօր հաջողությամբ: Արձագանքի լավագույն օրինակներից մեկն էլ կատարված աշխատանքի մասսայականացված լուսաբանությունն է, օրինակ, ընդ որում, լուսաբանությունը առանց ավելորդ համեստության: Վստահ կարող եմ ասել, որ Վահրամ քահանա Մելիքյանի պատասխանում տեղ գտած որոշ դրույթների մասին, ինչպես օրինակ, որ Առաքելական եկեղեցին իր բոլոր աշխատակիցների համար վճարում է եկամտահարկ ստացած աշխատավարձից, շատ մարդիկ մեր հասարակության մեջ, կարող է լսեցին եւ իմացան առաջին անգամ, իսկ այն, որ Հայ Առաքելական եկեղեցին ամենից մեծ հարկատուներից է Հայաստանում հանդիսանում, դեռ բավարար չէ, որպեսզի շարքային քաղաքացին, ով ի դեպ ոչ մի կերպ պարտավորված չէ լինել «բարի հավատացյալ», հասկանա դրա տակ, որ այո, այդ տողի տակ, ներառվում է նաեւ օրինակ Առաքելական եկեղեցու համար Հայաստանում աշխատող ենթադրենք 3000 անձի համար ամենամսյա եկամտահարկը, կամ վճարված ջրի, գազի, հոսանքի վճարները եւ այսպես շարունակ: Սա պարզ լեզվով ասած, կոչվում է եղած ինֆորմացիան բացել: Այս իմաստով Հրանտ Բագրատյանը ճիշտ է, Հայ Առաքելական եկեղեցին պետք է ընդարձակ ամենամյա ֆինանսական հաշվետվություն ներկայացնի, որպեսզի գոնե պարզ լինի, որ օրինակ Հայ Առաքելական եկեղեցու յուրաքնաչյուր աշխատակցի համար ընթացիկ ֆինանսական տարում ենթադրենք վճարվել է տարվա կտրվածքով 500. 000 դրամի եկամտահարկ եւ 3 000 աշխատողի համար հանրագումարում վճարվել է օրինակ 1 500 000 000 դրամի եկամտահարկ:

Գալով արդեն բարձրաստիճան եկեղեցականների հարկային հայտարարագրմանը, կարծում ենք, որ սխալ չէր լինի, որպեսզի պետության եւ Առաքելական եկեղեցու միջեւ հարաբերությունների կարգավորման օրենսդրության մեջ լիներ նաեւ փաստաթուղթ, որը, կսահմաներ եկեղեցականի կարգավիճակը, իրավասությունները, պարտականությունները, ինչպես օրինակ՝ զինվորականի պարագայում է, ոստիկանի պարագայում է եւ այլն: Այս դեպքում էլ արդեն, կարելի կլինի օրենսդրական ճանապարհով լուծել բարձրաստիճան եկեղեցականների կարգավիճակի եւ դրանով պայմանավորված նաեւ օրենսդրական պարտավորությունների հարցը, ներառյալ նաեւ հարկային հայտարարագրումը: Ի վերջո, եթե մեր ազգային անվտանգության ռազմավարության հայեցկարագային փաստաթղթերում Հայ Առաքելական եկեղեցին դիտարկվում է որպես կարեւոր բաղադրիչ, ապա լիովին բնական կլիներ, որպեսզի կարգավորվեր նաեւ եկեղեցականի կարգավիճակի հարցը, ներառյալ նաեւ սոցիալական պաշտպանվածությունը, քանի որ օրինակ հայ-թուրքական կամ հայ-վրացական կամ հայ-ադրբեջանական սահմանամերձ գյուղում աշխատող քահանային երբեք իր գույքային դրությամբ եւ եկամուտներով չես համեմատի Երեւանի Ս. Սարգիս եկեղեցում աշխատող քահանաների հետ: Ի վերջո կարելի է հասնել նրան, որ եկեղեցականի հոգեխնամատարական գործունեությունը որակվի որպես պետության սոցիալական քաղաքականության բաղադրիչ եւ ըստ այդմ նաեւ ապահովվի վճարումը, ինչպես օրինակ զինված ուժերում գնդերեցությունը վճարվում է բանակային հաստիքացանկի համապատասխան: Իսկ Հրանտ Բագրատյան-Վահրամ քահանա Մելիքյան բանավեճի շարունակականությունը պետք է ամեն կերպ քաջալերել, թեկուզ եւ առկա միօրինակության մեջ եզակի առողջ եւ բովանդակային երեւույթ լինելու համար, մնացած հեռանկարային օգուտները, եթե դնենք մի կողմ:

Տիգրան Վահանե

Մեկնաբանություն
X