Քաղաքացին դատի կտա «Ibutik» խանութին՝ իրեն գողացված հեռախոս վաճառելու եւ չփոխհատուցելու համար

Հեռախոսների գողությանը բազմիցս անդրադարձել ենք, եւ եթե ավելի շատ ահազանգեր ստանում էինք «հեռախոսս գողացել են» բովանդակությամբ, ապա այս անգամ մեր խմբագրություն դիմողը պատմում է, թե ինչպես է «գողացված» հեռախոս գնել եւ ընկել կրակը։

«Փետրվարի 20-ին գնել եմ iphone 6 հեռախոս Ամիրյան փողոցի վրա գտնվող Ibutik խանութից։ Չանցած մի քանի ամիս, ապրիլին քննչականից գրություններ եկան ինձ եւ ընտանիքիս անդամներին, գնացինք հարցաքննության, պարզվեց, որ իմ գնած հեռախոսը գողացված է, առգրավեցին, տվեցին տիրոջը։ Ես էլ փաստաթղթերը վերցրի ու գնացի խանութ՝ ներկայացնելով եղելությունը։ Խանութում էլ սկսեցին սարուձոր ընկնել, թե դեռ պետք է ճշտենք, էս կողմ, էն կողմ, հետո ասացին սպասեք մինչեւ հուլիս, սպասեցինք, հետո մինչեւ օգոստոս, մինչեւ սեպտեմբեր, մինչեւ հոկտեմբեր, ու այդպես շարունակ ամեն ամիս խաբում էին, թե քննարկում ենք, կտանք գումարը, հեշտ չի, խնդիրներ կան, ամենավերջին ժամկետը հոկտեմբերի 18 էր, երբ պետք է վերցնեի գումարը, հեռախոսը գնել էի 200 հազար դրամով, բայց համաձայնեցին տալ 180 հազարը՝ նշելով, թե ապրանքի գինն ընկել է։ Ասում էին՝ կուզեք նույն հեռախոսից, բայց ես նորից այդ նույն խանութից հեռախոս չէի ուզում, ինչ երաշխիք կար, որ էլի նույն պատմությունների մեջ չեմ ընկնի։ Այդ անգամ էլ զանգեցինք, բա դե կասենք, քննարկում ենք, մենք զգուշացրել էինք, որ եթե չեն տալու, դիմենք դատարան, եւ ամեն անգամ այս ամսից մյուս ամիսը գցելիս խանութում ասում էին՝ դե մեկա որ դիմեք դատարան, երկար ժամանակ կձգվի, այսինքն՝ փոխարեն վախենան եւ չցանկանան ընկնել դատական քաշքշուկների մեջ, դեռ մի հատ էլ հույսները դրել են դատական համակարգի վրա»,-պատմում է մեր խմբագրություն դիմած քաղաքացին՝ հավելելով, որ այժմ դատարան հայց է ներկայացնելու այդ խանութի դեմ։

Նա վրդովված նշում է, որ փաստորեն Հայաստանում ինչ օրենք, կառույց, կազմակերպություն ասես կա, բայց հասարակ քաղաքացին, սպառողը այսքան անպաշտպան է նման խնդիրների բախվելիս, գողացված ապրանք վաճառողը, փոխարեն ներողություն խնդրի պատճառած անհարմարությունների համար, անհապաղ փոխհատուցի, (հաճելի քիչ բան կա, երբ գնում ես քննչական հարցաքննվելու, առանց հեռախոս ես մնում ամիսներ շարունակ), դեռ մի հատ էլ խաբում է, հոխորտում, հպարտանում, թե դատարան էլ դիմեք, երկար կձգվի, ավելի լավ է այսպես բանակցենք եւ ամիսներ սպասենք։

Խանութի պատասխանատու Արտակ Արամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքացու հետ բանակցել են, իրենք էլ են հայտնվել թյուրիմացության մեջ․ «Իրենք ամենասկզբից ասում էին դատարան կդիմենք, մենք էլ էդ հեռախոսը նախ ուրիշից ենք գնել։ Ավելի լավ, մենք էլ կշարունակենք, հակընդդեմ հայց կներկայացնենք, ով մեզ հեռախոսը վաճառել ա։ Ասեցինք՝ եթե էդքանը չեք ուզում, մենք նենց պետք ա դասավորենք մեր ֆինանսական հարցը, որ կարանանք ձեզ շատ արագ էդ գումարը վերադարձնենք։ Մի քանի անգամ ասել ենք, որ էս ամսի 18-ին այդ պրոցեսը անենք, բայց, ցավոք չստացվեց։ Դրա համար ասեցինք՝ նոյեմբերի 15-ին վերջնական հարցով դնենք, իրենք չհամաձայնվեցին։ Ասեցի՝ եթե չեք համաձայնվում, ոնց հարմար ա»։

Արտակ Արամյանի խոսքով՝ անձը, որը գողացված հեռախոսը վաճառել է իրենց, ոստիկանությունում է գտնվում, իրենք, սակայն նրանից փոխհատուցում չեն պահանջել, քանի որ նա անվճարունակ է ճանաչվել։

«Ոչ մեկ իրանց չի ասել, որ հեռախոս չենք տալի, ոչ մեկ չի ասել, որ չենք ուզում տանք։ Ժամանակն ա ձգձգվել, որը իմ կարծիքով մեծ խնդիր չի առաջացնի, թեեւ առաջացրել ա։ Գողացված հեռախոսը վերադարձվել ա նրան, ում պատկանում էր։ Վերավաճառել էր նա, եւ այդ խաբեբայությունն է եղել»,-նշեց խանութի պատասխանատուն։

Մեկնաբանություն
X