Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հայաստան․ հարցնում է ազատամարտիկը

Ազատամարտիկ, ՀԱԿ վարչության անդամ Վարդան Մալխասյանն արձագանքելով մեր հարցին, թե որքանով կարող է սոցիալական արդարություն հաստատել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական նախաձեռնությունը, ասաց․ «Իրենք՝ իշխանությունները, ստում են, երկիրը կառավարում են ստելով։ Իրական իրավիճակն իրենք քողարկում են, զարտուղի բաներ են բերում ասպարեզ։ Ես նախկինում էլ եմ ասել, որ երկրում կա զորահավաքի հետ կապված պրոբլեմ։ Ես շատ հավաստի աղբյուրներից լսել եմ, որ Հայաստանում 25 հազար երիտասարդ գտնվում է հետախուզման մեջ բանակից խուսափելու համար։ Չեմ կարող ասել, թե որքանով են ճիշտ, բայց դա ֆանտաստիկ թիվ է։ Քրեական գործեր են հարուցված 18-27 տարեկան այդքան երիտասարդների նկատմամբ։ Պատկերացրեք՝ այդքան մարդ դասալիքի կարգավիճակով գտնվում է փախուստի մեջ։ Փոխանակ այդ խնդիրը լուծեն, թե ինչի են մարդիկ փախչում, ընկել են հետեւանքների հետեւից։ Ես ասել եմ՝ զորահավաքի խնդիրը լուրջ է, տասը տարի հետո չենք կարող համալրել բանակը։

Պետք է ստեղծենք վճարովի բանակ, պայմանագրային հիմունքներով, իսկ դրա հնարավորությունն էլ չունենք։ Դրա համար են ուզում բոլորին զորակոչել, չի բացառվում, որ աղջիկներին էլ զորակոչեն»։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ մեր բնակչության թիվը 2040թ․ պետք է հասնի 4 միլիոնի, Վարդան Մալխասյանը հարցնում է՝ Սերժ Սարգսյանը չինացիների՞ն է ուզում բերել Հայաստան։

Նա նկատում է, որ վարչապետն էլ զբաղված է օպտիմալացմամբ՝ կարծելով, որ այդպիսով փող կտնտեսի։ «Թող պայմաններ ստեղծեն, որ այդ հետախուզվողները վերադառնան, ծառայեն բանակում»,- ասաց ազատամարտիկը։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X