Իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց վարորդներն էլի տուգանվում են․ Սվետլանա Գրիգորյան

«Աքիլլես» ՀԿ ղեկավար Սվետլանա Գրիգորյանը ճանապարհային ոստիկանության պետի անունով նամակ է գրել՝ ընդգծելով, որ ղեկի աջ լինելը կապ չունի վթարային իրավիճակների հետ։ «Մենք նույնպես գտնում ենք, որ դա խնդիր չէ»․- hraparak.am-ի հետ զրույցում նշեց Սվետլանա Գրիգորյանը, թեպետ իրենց ՀԿ-ն դեռ երկու շաբաթ առաջ է դիմել ՃՈ-ին, սակայն պատասխան դեռ չեն ստացել։ «Վարորդների կողմից մենք շատ զանգեր ենք ստացել։ Մենք նամակ գրեցինք, որ ընդհանուր վիճակագրական տվյալները տրամադրեն 16-17 թթ՝ մինչև օրս աջ ղեկի հետ կապված վթարների քանակը, ոչ մի պատասխան դեռ չենք ստացել»։

Տիկի՛ն Գրիգորյան, մի խումբ տաքսու վարորդներ պահանջում են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հրաժարականը, Դուք միանո՞ւմ եք այդ պահանջին․ «Չնայած շատ են գալիս մեզ մոտ տաքսու վարորդները տարբեր խնդիրներով, բայց հրաժարականի հետ կապված, ոչ»։

Իսկ այս պահին ի՞նչ խնդիրներով եք զբաղված, ի՞նչ ուղղությամբ եք աշխատում․ «Շատ բողոքներ են եղել խաչմերուկների հետ կապված, մասնավորապես Իսահակյան-Բաղրամյան խաչմերուկի հետ, այդ խնդրով ենք զբաղվել։ Հետո մեզ պատասխան տվեցին, իբր վարչապետն այդ հարցը լուծել է, բայց դրանից հետո վարորդներն էլի տուգանվում էին։ Խաչմերուկի մոտ նշանը չի երևում»։

Հիշեցնենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, որ ուսումնասիրվում են աջ ղեկով մեքենաների վթարների թիվը, եթե հետազատության արդյունքները դրական լինեն, ապա շատերը ստիպված են լինելու փոխել ղեկը։

Մեկնաբանություն
X