Ներկա պաշտոնյաներից եւ ընդդիմադիրներից ոմանք բանակից խուսափել են, բայց հայրենասիրություն-հայրենասիրություն են խաղում․ Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կողմ է ՊՆ-ի ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական նախաձեռնությանը։

«Տարկետման վերացման մասին ես դեռ 2007-2012թթ․ ԱԺ-ում եմ հայտնել եւ ասել, որ պետք է բոլորը ծառայեն։ Ես ինքս գիտությունների թեկնածու եմ, 22 տարի զբաղվում եմ դասախոսական գործունեությամբ, եւ ծառայությունն ինձ չի խանգարել։ Այդ ամենով ես զբաղվել եմ զինվորական ծառայությունն ավարտելուց հետո։ Մինչդեռ ներկա պաշտոնատար անձինք, նաեւ՝ ընդդիմադիրներից ոմանք, տարբեր պատճառներով խուսափել են զինվորական ծառայությունից, իսկ այսօր հայրենասիրություն-հայրենասիրություն են խաղում։ Եթե այնպիսի իրավիճակ է, որ մեր երկրում հնարավոր է անցնել պրոֆեսիոնալ բանակի, այդ դեպքում այդ հարցը դուրս կգա օրակարգից։ Բայց եթե կա ժամկետային զինծառայության խնդիր, ապա այն պետք է պարտադիր լինի բոլորի համար։ Իսկ այն արական սեռի ներկայացուցիչները, ովքեր չեն ծառայել բանակում, չպետք է զբաղեցնեն որեւէ պետական պաշտոն։ Սա միանշանակ է։ Այդ նորմը պետք է կիրառվի՝ անկախ այն բանից, թե տաղանդավոր հրաշամանուկներն ովքեր են, որոնք տարբեր պատճառներով, այդ թվում՝ նաեւ գիտությամբ զբաղվելու պատրվակով, խուսափել են բանակից»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Նկատեցինք, որ Արմեն Մարտիրոսյանը բանակ է գնացել միայն հինգ տարի բուհում ուսանելուց հետո, նրա բուհական կրթությունը չի ընդմիջվել, ինչպես հիմա նոր օրինագծով է պահանջվում։

«Ի՞նչ տարբերություն։ Եթե ես իմ ստացած գիտելիքները չկիրառեի, ապա դրանք չէ՞ին անհետանալու։ Անհետանալու էին։ Երբ գնում ես բանակ, հետո գալիս, շարունակում ուսումդ, դա գիտական գործունեությանը բացարձակ չի խանգարում։ Այդ ժամանակ էլ դու կարողանում ես գիտական նորություններն ընդունել։ Ես սա ասում եմ որպես դասախոս։

Ասեմ նաեւ, որ այն ուսանողները, որոնք բանակից վերադառնալուց հետո իսկապես սովորելու ցանկություն ունեն, ապա ավելի կազմակերպված են լինում, ավելի ջանասեր եւ ավելի պարտաճանաչ կերպով են մոտենում այդ հարցին։ Եվ վերջապես կառավարությունը շատ հանճարեղ ֆիզիկոսներին, մաթեմատիկոսներին բանակից ազատելու տարբերակներ կունենա, հատուկ որոշումով նրանց կազատեն։ Իսկ ես կարծում եմ, որ մեր երկրում լինում են հանճարեղ տնտեսագետներ, բայց տնտեսությունը չի զարգանում, հանճարեղ իրավաբաններ են լինում, իրավունքի վիճակն օրեցօր վատանում է, բայց խնդիրը դա չէ։ Ինչպե՞ս կարող է բանակ գնալն ազդել գիտության վրա, երբ ֆիզիկայի ֆակուլտետում պետպատվերով տեղերը թափուր են»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Նրա կարծիքով՝ եթե պատշարը, ուսուցիչը կարող են գնալ բանակ, ապա ինչո՞ւ պետք է գիտությամբ զբաղվողներին ազատեն բանակից։ Չէ՞ որ նրանք էլ իրենց մասնագիտությամբ են ծառայում հայրենիքին։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X