Ով է ում խաբում

Հակառակորդի քարոզչական ճակատում կա ոմն Ալեքսեյ Սինիցին: Տեւական ժամանակ նա հանդես էր գալիս ռազմական փորձագետի աուրայով եւ ադրբեջանական հասարակության ներշնչում, որ բավական է սկսել «հակաահաբեկչական գործողություն, եւ հայերը ոտք փոխառած կթողնեն Ղարաբաղը»: Ապրիլյան քառօրյան ապացուցեց Սինիցինի քարոզչության սնանկությունը: Եւ նա գրեթե մեկ տարի չէր երեւում: Վերջերս Սինիցինը «վերակենդանացել է», հանդես է գալիս որպես 1990-91թ.թ. Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հաստատած ռազմական խունտայի գաղափարա-քարոզչական բաժնի աշխատակից եւ խոհա-փիլիսոփայան էսսեներ է գրում՝ ելակետային կանխադրույթով, որ «հայերն են եղել ԽՍՀՄ փլուզման դետանատորը»:

(http://www.vesti.az/news/344757) Իր մտավարժանքները հաստատելու համար Սինիցինը ներկայանում է որպես խորհրդային հատուկ ծառայությունների եւ Կրեմլի խոհանոցին «քաջատեղյակ»: Բայց երբ փորձում է անդրադառնալ կոնկրետ անձանց եւ իրադարձությունների, իսկույն նկատվում է, որ նա ընդամենը ալիեւյան ռեժիմի պատվերն է կատարում: Այսպես, Սինիցինը գրում է, որ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Միջռեգիոնալ պատգամավորական խմբի անդամ են եղել Զորի Բալայանը, Սիլվա Կապուտիկյանը, Թելման Գդլյանը եւ Հենրիկ Իգիթյանը: Փաստը, որ Սիլվա Կապուտիկյանը ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր չի եղել, իսկ Թելման Գդլյանը 1990թ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, վկայում է, որ Սինիցինը պատվիրատուներին պարզապես մոլորեցնում է, չի տիրապետում ընտրած նյութին: Հարց է ծագում՝ հակառակորդի քարոզչությանն ի՞նչ է տալիս պնդումը, թե «հայերն են կործանել ԽՍՀՄ-ը»: Բաքվում ուզում են վերականգնե՞լ խորհրդային կայսրությունը: Այդ երկրի կազմում իրենց ավելի լա՞վ էին զգում: Պատասխանը մեկն է՝ խորհրդային ժամանակների ադրբեջանական նոստալգիան ԼՂ հարցում Մոսկվայի գործադրած բռնություններով է պայմանավորված: Ադրբեջանում ափսոսում են, որ ԽՍՀՄ-ը կործանվեց՝ ԼՂ հարցը չլուծած: Եւ Սինիցինի կամ մյուսների «վկայություններն» օգտագործում են՝ իրենցից հեռացնելու պատասխանատվությունը, թե ինչու ԼՂ խնդիրը մինչ օրս կարգավորված չէ: Ստացվում է, որ պատվիրատուն խաբում է հանձնակատարին, իսկ վերջինս էլ՝ օգտագործում առիթը եւ քարոզչա-տեղեկատվական տիրույթ նետում ցածրակարգ նյութեր: Սինիցինը համոզված է, որ Ադրբեջանում ոչ ոք իր փաստական վրիպումներին ուշադրություն չի դարձնելու, Բաքվում չեն հետաքրքրվում՝ նա ճիշտ է ներկայացնում անցյալը, թե հնարում է իրենից: Միայն թե հրապարակումը հակահայկական լինի ընդհանուր տրամադրվածությամբ: Արդյունքում այդ քարոզչությունը հայտնվում է ծիծաղելի վիճակում: Ինչպես՝ Սինիցինի դեպքում, որը Սիլվա Կապուտիկյանին եւ Թելման Գդլյանին անվանում է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորներ: Ի՞նչ արժեք ունի Սինիցինի «անալիտիկան», եթե փաստացի հիմքը կեղծ է: Բայց Ադրբեջանում դրան գին են տալիս: Երկուսն էլ իրար արժեն:

Վահրամ Աթանեսյան

Մեկնաբանություն
X