Աջակողմյան ղեկով մեքենանե՞րն են վտանգ ներկայացնում, թե՞ ավտոբուսի դռնից կախված երթեւեկելը

Նույնիսկ արդեն լրագրողներն են ամաչում անընդհատ գրել ու բարձրաձայնել, թե ինչ վիճակ է տիրում մայրաքաղաքային եւ մերձքաղաքային տրանսպորտում։ Ի վերջո, հոգնեցուցիչ է ամիսը թեկուզ մեկ անգամ զանգել տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Երեւանի քաղաքապետարան, հիշեցնել, որ նույնիսկ պատերազմական վիճակում գտնվող 90-ականներին հասարակական տրանսպորտն այսպիսի գլխացավանք չէր դառնում մեզ համար։ Եվ հերթական անգամ նախարարության պաշտոնյաներից լսել հավաստիացումներ, որ մրցույթներ են լինելու, որ իրենք հետեւում են երթուղի դուրս եկող հասարակական տրանսպորտի չվացուցակին եւ այլն։ Լավ, ասենք ամեն Աստծո օր այդ տրանսպորտի դռներից կախված երթեւեկելը, դասից ու աշխատանքից ուշանալը դարձել են սովորական երեւույթ, բայց մինչեւ ե՞րբ։ Սպասում եք հերթական վթարի՞ն ու զոհերի՞ն, որ սթափվեք։

ԱԺ-ում էլ վերջերս կարգին աղմուկ բարձրացավ աջակողմյան ղեկով մեքենաներն արգելելու համար։ Իբր աջակողմյան ղեկով մեքենաները վտանգավոր են Հայաստանում երթեւեկելու համար։ Իսկ ահա ավտոբուսի դռներից կախված մի քաղաքից մեկ այլ քաղաք հասնելը հավանաբար անվտանգ է ուղեւորների համար, եւ այդպիսի «մանրուքների» համար չարժե կառավարության եւ օրենսդիրների անդորրը վրդովել։

Օրերս ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ուղարկել էինք հետեւյալ հարցումը․«Աբովյան-Երեւան երթուղին սպասարկող ավտոբուսները (հատկապես թիվ 261-ը) առավոտյան եւ երեկոյան ժամերին երթեւեկում են գերբեռնված, որոշ կանգառներում ստիպված չեն կանգնում, ինչի պատճառով էլ ուղեւորները չեն կարողանում երթեւեկել նշված ավտոբուսներով։ Ամեն օր վտանգվում է ուղեւորների կյանքը։ Բազմիցս այդ մասին ահազանգել եմ նախարարության տրանսպորտի վարչության պետ Դավիթ Մելքոնյանին, խոստացել է, որ այդ հարցը լուծում կստանա երթուղիները սպասարկող տրանսպորտի մրցույթ հայտարարելուց հետո, որը պետք է տեղի ունենար անցյալ տարվա հունիսին։ Ե՞րբ է , ի վերջո , լուծում ստանալու այդ հարցը»։

Եվ ահա նախարարության աշխատակազմի ղեկավար Ս․ Ամիրխանյանն ուղարկել է պատասխանը, որը ներկայացնում ենք առանց մեկնաբանության․ «Ի պատասխան 2017թ․ հոկտեմբերի 16-ի Ձեր գրության՝ հայտնում ենք, որ ք․ Աբովյան- ք․ Երեւան երթուղով ուղեւորափոխադրումներն իրականացվում են N259 եւ N261 երթուղիներով, որոնցում համապատասխանաբար ներգրավված 15 եւ 12 ավտոբուսներն օրական իրականացնում են ՝ N259-90 երթ, N261-84 երթ։ Միաժամանակ հայտնում ենք, որ N261 երթուղու սպասարկման մրցույթը կայացել է 2012 թվականին, մայիսի 8-ին, (սպասարկման վերջնաժամկետն է 15․05․2018թ․), իսկ N259 երթուղու սպասարկման մրցույթը՝ 2016 թվականի մայիսի 20-ին (սպասարկման վերջնաժամկետն է 08․06․2022թ․)։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X