Հայաստանում կա ազատագրման և ազգային պետություն ստեղծելու ունակ ընդդիմադիր ներուժ․ Վարուժան Ավետիսյան

Անազատության մեջ գտնվող «Հիմնադիր խորհրդարանի» շարժման փոխնախագահ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանին գրեթե երկու շաբաթ առաջ հարցեր էինք ուղարկել՝ պարզելու, թե ինչ է մտածում «Սասնա ծռեր»-ի դատավարության մասին։

Մասնավորապես հետաքրքրվել էինք, թե ինչ ընթացք կունենա «Սասնա ծռեր»-ի՝ մասնատված գործով ընթացող դատաքննությունը։ «Մենք ականատես ենք ոչ թե դատաքննության, այլ հաշվեհարդարի։ Հաշվեհարդար, որ պետականությունը կործանող, մեր ժողովրդին ցեղասպանության ենթարկող, լեգիտիմությունից զուրկ գաղութային վարչակազմը իրականացնում է գաղութատիրության դեմ զենք վերցրած ապստամբների նկատմամբ։ Նյուրենբերգյան դատավարության դիպուկ ձևակերպմամբ՝ հանցագործները զավթել են պետությունը և այն դարձրել իրենց հանցագործությունների գործիք։
Եվ այս համակարգային ոճիրը կատարած հանցավոր համագործակցությունը այսօր պետությունը, նրա դատարանն ու իրավապահ մարմիններին օգտագործում է նաև հաշվեհարդարի համար։

Նման իրավիճակում անտեղի և անիմաստ է քննարկել դատաքննության ձևի մեջ իրականացվող հանցագործությունը, թե դրա անմիջական կարտարողները, այդ թվում՝ դատավորի պաշտոն զբաղեցնող անձինք, ինչ մարտավարական մանրամասնությամբ և ինչպիսի հավանական սցենարներով կարող են շարունակել ու ավարտին հասցնել այն։
Եթե այդպես վարվենք, եթե երևույթը անվանենք «դատավարություն» և դիտարկենք այն որպես այդպիսին, ապա ակամա կօժանդակենք ոճրագործությանը ու ոճրագործներին»,- մեր հարցին այսպես է արձագանքել Վարուժան Ավետիսյանը։

Հետաքրքրվել էինք նաեւ, թե 2018թ․ ինչ փոփոխություններ կարող ենք ակնկալել։
«Ընդդիմադիր ուժերն ունե՞ն բավարար ներուժ՝ հանրությանը կոնսոլիդացնելու եւ փողոցային պայքար ծավալելու համար»։ «Գաղութային վարչակազմի օրակարգով պայքարը պայմանավորելը կոպիտ սխալ է։ Պետք չէ մտածել 2018թ,-ի մասինև/կամ սպասել նրան։ Այդպես խաղի տերը հակառակորդն է դառնում։ Մենք ունենք համազգային նպատակ, որը հաջող կերպով ձևակերպել է Ժիրայր Սեֆիլյանը հասարարական և քաղաքական գործիչներին ուղղված իր հայտնի դիմումի մեջ։ Այդ նպատակն է ՝ ազատագրվել գաղութային համակարգից (Armexit) և ստեղծել ազգային պետական համակարգ։ Նշված նպատակին կարող է հասնել կազմակերպված ժողովուրդը՝ ապստամբության միջոցով։

Ի դեպ, ներկայիս պայմաններում ընդդիմադիր կարող են համարվել միայն այն ուժերը, որոնք ձգտում են այս նպատակին, և որպես դրան հասնելու միջոց որդեգրել են ժողովրդական ընդվզումը, ապստամբությունը։ Մնացյալը կամ կյանքի ժամանակի ու էներգիայի մակաբույծ սպառողներ են և/կամ գաղութային վարչակազմի բաղադրիչներ։
Ուրեմն՝ անհրաժեշտ է համախմբվել ընդդիմադիրներով և ժողովրդին կազմակերպել ապստամաբության։ Ինչի մասին հանգամանալից կերպով շարադրված է Ժիրայր Սեֆիլյանի նշված դիմումի մեջ։

Զավթված երկրում քաղաքական գործունեության միակ ձևը ազգային ազատագրական պայքարն է, ոչ թե ինքնախաբեությունը և ժողովրդին խաբելը «ընտրություններով», խորհրդարանական բարձրագոչ ճառերով, անիմաստ ու անարդյունավետ այլ գործունեությամբ, որոնք միայն երկարաձգում են համակարգի կյանքը և նպաստում պետականազրկման ու ցեղասպանության շարունակությանը։ Համոզված եմ, որ Հայաստանում կա ազատագրման և ազգային պետություն ստեղծելու ունակ ընդդիմադիր ներուժ։ Այն դեռևս պետք է ամբողջությամբ բացահայտվի և իրացվի։ Սասնա Ծռերի ապստամբությունը խթանեց դրա ծնունդը։ Հիմա այդ ընթացքի մեջ ենք»,- կարծում է Վարուժան Ավետիսյանը։

Մեկնաբանություն
X