Կոչ ենք անում ուշադրություն հրավիրելու համար․ Եղիշե Պետրոսյան

«Հոգեւոր Հայաստան» նախաձեռնությունը տարածել է մի հայտարարություն, որն ընթերցելիս ակամա գնում ես դեպի 19-րդ դարավերջի, 20-րդ դարասկզբի խորքերը, հիշում, թե ժամանակին ինչպես էր նման սրտաճմլիկ ուղերձներով հանդես գալիս ժամանակի հայ մտավորականությունը։

«Հայրենակիցներ... Աշխարհաքաղաքական ահագնացող մարտահրավերների պայմաններում երկրի ներսում շարունակվող քաղաքական, տնտեսական, հոգեւոր-բարոյական աննախադեպ անկումը մեծապես վտանգում է պետականության հիմքերն ու հայոց ապագան։ Վիճակն օրհասական է դարձնում ժողովրդի մեջ արմատացած հուսալքությունը, արդարության հանդեպ հավատի կորուստը, վստահություն ներշնչող վերնախավի բացակայությունը... Զոհասեղանին Հայաստանի Հանրապետության ու հայոց ճակատագիրն է... Օրվա հրամայականն է բացահայտել ու միավորել դեռեւս առկա իրական ազգային մտավոր ներուժը, առաջ քաշել ազգի եւ երկրի փրկության ճշմարիտ օրակարգ, որն ի վիճակի կլինի իր շուրջը համախմբել համայն հայության ներուժը եւ առաքելական մեծագործությունների մղել մեր ժողովրդին։ Պահը պատմական է, թերեւս վերջինը այս հուսահատ իրողությանը վերածննդի շունչ հաղորդելու, դիմագրավելու մեր ապագան վտանգող դավադիր հաշվարկներին։ Լռելն այլեւս աններելի է. Հապաղելը՝ կործանարար. Համակերպվելը՝ դավաճանություն։ Սթափվի՛ր, Հայ մարդ... Արձագանքի՛ր... Տեր կանգնիր վտանգված հայրենիքիդ...»,- նշված է հայտարարության մեջ, որի ներքո ստորագրել են Հայաստանում եւ արտերկրում ապրող հայտնի արվեստագետներն ու դոկտոր-պրոֆեսորները։

Եվ քանի որ մենք հիմա ապրում ենք ոչ թե 19-րդ կամ 20-րդ դարերում, այլ 21-րդ, հետաքրքիր է, թե երկրի օրհասական վիճակի մասին բարձրաձայնելուց զատ, ի՞նչ քայլեր ու ելքեր են նախատեսում հայտարարությունը ստորագրած արվեստագետները։

Երգիչ, կիթառահար Եղիշե Պետրոսյանը նշում է․ «Քայլերի մասին այնտեղ խոսք չկա, դա կոչ է։ Դա կոչ է՝ ուղղված ուժերի կոնսոլիդացմանը, այլ բան չի նախատեսվում։ Կոչ ենք արել ուշադրություն գրավելու համար»։

Ռեժիսոր Խաչիկ Չալիկյանն էլ, արձագանքելով մեր հարցմանն, ասաց․ «Մենք ոչ թե պայքարում ենք ոչ թե այս իշխանության դեմ, որն իր արժեհամակարգով միջնադարում է։ Այլ մենք փորձում ենք հակադրել մեր արժեհամակարգը»։ Նրա հավաստիացմամբ՝ իրենք փորձում են համահայկական դաշտում հավաքագրել բոլոր այն մարդկանց, որոնք կրում են համահայկական ինքնությունը։

«Պայմանական ասած,եթե մենք 100 հազար մարդ պետք է հավաքեինք, ապա այդ 100 հազարը հավաքում ենք վիրտուալ դաշտում։ Այդ կոչի միջոցով մենք փորձում ենք համախմբել ժողովրդական զանգվածներին, կղզիների վրա փռված աշխարահասփյուռ հայությանը միավորել, փորձում ենք ձեւավորել այն երկիրը, որում վաղն ուզում ենք ապրել։ Այս իշխանության ամենամեծ թուլությունն այն է, որ իրենք չունեն ո՛չ գաղափարախոսություն, ո՛չ արժեհամակարգ»,- ասաց մեր զրուցակիցը։ Նա հիշեցնում է, որ «Հոգեւոր Հայաստանը» չի հետապնդում խմբակային շահեր, այլ վաղվա երկրի միավորն է, որն ուզում է այսօրվա իրականությանը հակադրել մեկ այլ գաղափարախոսություն։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X