Իսկ դու որտե՞ղ ես

Հրապարակվել է «Հոգեւոր Հայաստանի» խիստ էմոցիոնալ կոչը: Այն արձանագրում է «աշխարհաքաղաքական ահագնացող մարտահրավերների պայմաններում» Հայաստանի «քաղաքական, տնտեսական, հոգեւոր-բարոյական աննախադեպ անկումը»: Կոչի հեղինակները տագնապ են հնչեցնում, որ «զոհասեղանին Հայաստանի Հանրապետության եւ հայոց ճակատագիրն է» եւ դիմում են հայ մարդուն, որպեսզի «սթափվի եւ արձագանքի, տեր կանգնի վտանգված հայրենիքին»:

Կոչն ստորագրել են՝ Ավստրիայից՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը, Հայաստանից՝ ռեժիսոր եւ դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը, երգահան, երաժիշտ Եղիշե Պետրոսյանը, պատմաբան, կրոնագետ, պատմական գիտությունների դոկտոր, արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը, կինոդրամատուրգ Արմեն Վաթյանը, ԱՄՆ-ից՝ բանաստեղծուհի Անահիտ Այվազյանը, Արցախից՝ քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը, Ռուսաստանից՝ դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Բեկլարյանը, Գերմանիայից՝ մշակութաբան Կարինե Հայրապետյանը, Մեծ Բրիտանիայից՝ նկարիչ Արթուր Օշականցին, դարձյալ Հայաստանից՝ բանաստեղծուհի Դիանա Մարտիրոսյանը, դարձյալ ԱՄՆ-ից՝ երգահան Արմեն Մովսիսյանը, Հայաստանից՝ նկարիչ Նիկոլ Աղաբաբյանը:

Ե՞րբ եւ որտե՞ղ են հեղինակները հավաքվել-համաձայնեցրել տեքստը՝ մեր օրերում դժվարություն չէ: Էլեկտրոնային նամակագրությունը նման հնարավորություն ընձեռում է: Խնդիրն ավելի շատ բարոյական է՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում ապրող երգչուհին, բանաստեղծուհին, նկարիչը, մշակութաբանը, դոկտոր-պրոֆեսորը ո՞ր իրավունքով է հայաստանաբնակ հայրենակցին ոտքի կանգնելու կոչ անում: Չէի՞ն կարող նրանք առաջին օրինակը ցույց տալ՝ վերադառնալ հայրենիք եւ իրենց վաստակի եւ գործի չափով նվազեցնել Հայաստանին սպառնացող վտանգները: Իրենց ներկայությամբ հույս եւ հավատ ներշնչեին մարդկանց:

Իրավիճակը Հայաստանում անհամեմատ վատ էր անցյալ դարի 20-ականներից: Բայց դա չխանգարեց, որ Եվրոպայից, Ռուսաստանից, աշխարհի չորս ծագերից Երեւան տեղափոխվեն արվեստագետներ, գիտնականներ, գրողներ: Նրանք համեմատական ապահովությունից տեղափոխվել են գավառական քաղաք եւ այն դարձրել մայրաքաղաք:

Հայաստանի անկախությունը, ցավոք, նշանավորվեց մտավորականության արտագաղթով: Եւ առայսօր շարունակվում է: Բացատրությունը, թե իրենք «մեծ ծովի նավ են, Երեւանը նեղ է գալիս»՝ հիմնավոր չէ: Եւ նրանց մտահոգությունն էլ, երեւի, չի արձագանքվելու, որովհետեւ «Կոչն» ընթերցողի մոտ առաջին հարցը, որ ծագում է, այս է. «Իսկ դու որտե՞ղ ես»: Հայրենիքի հոգսը Հայաստանում ապրողներինն է:

Վահրամ Աթանեսյան

Մեկնաբանություն
X