Զանգում եք Ժողովրդական դերասանին, հարցնում եք՝ ես գավառական թամադա եմ թե չէ․ Հրանտ Թոխատյան

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը երեկ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Արաբկիր համայնքի պատմամաշակույթային հուշարձան հանդիսացող Կանազի մշակույթի պալատը Երեւանի քաղաքապետարանը նվիրաբերելու է Հրանտ Թոխատյանին։ «Գավառական խնջույքների թամադա՝ ժողովրդական «պատվավոր» արտիստը, ով համատեղության կարգով անհասկանալի և բավականին կասկածելի սկզբունքի ընտրությամբ իբրև իրավապաշտպան հայտնվել էր Justice within Armenia-ի դիտորդական առաքելության խմբում, որպես 2017 թվականի ապրիլի 2-ի խայտառակության դիտորդ, երկար ժամանակ չէր երևացել հանրային քննարկումների հարթակում: Եվ նրա մասին լռությունն ընդհատվեց՝ Երևանի քաղաքապետարան-շուկա, Տարոն Մարգարյան- նվիրատվություն, նվիրաբերություն կամ 99 տարով անհատույց օգտագործման տրամադրում դրամաիրային հարաբերությունների շրջանակում, երբ Երևանի ավագանուն ներկայացվեց հանրային սեփականություն հանդիսացող Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող Կանազի մշակույթի պալատը նրա կողմից հիմնադրած «Արվեստի այբուբեն» հիմնադրամին 99 տարով անհատույց օգտագործման տրամադրման ներդրումային նախագիծը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հրանտ Թոխատյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ասուլիսով է հանդես գալու, որի ընթացքում կպատասխանի հարցերին։

Ի պատասխան մեր դիտարկմանը՝ ԵԾ-ն Ձեզ անվանել է գավառական խնջույքների թամադա, Հրանտ Թոխատյանը հիշեց իր հարեւան Գեւորիկին․ «Գիտեք, մեր հարեւան Գեւորիկը գիշերները իր մայրիկին չի կերակրում, որից իր մայրիկի շաքարը բարձրանում է․․․Ձեզ հետաքրքրե՞ց»։

- Ձեր հարեւան Գեւորիկը չհետաքրքրեց, բայց Ձեր կարծիքը Եծ-ի ասածի վերաբերյալ հետաքրքրում է։

  • Գիտեք, դուք զանգում եք Հայաստանի Հանրապետության ժողովրդական դերասանին, հարցնում եք՝ ես գավառական թամադա՞ եմ, թե՞ չէ։

- Պարոն Թոխատյան, դա իմ խոսքերը չեն, այլ «Երկիր Ծիրանիի»։

  • Դե, «Երկիր Ծիրանիից» էլ պարզեք՝ ինչի է նման խոսքեր ասում Ժողովրդական դերասանին։

- Նշված է, որ դուք լռել եք, դրա համար էլ Ձեզ այդ պալատը տալիս են։

  • Իսկ ինքը որ խոսել ա, իրեն չեն տալիս։ Եկեք, ասուլիսին կզրուցենք։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X