Ուսուցողական պարտություն

Այն ինչ կատարվեց Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում՝ խոսքը անգլիական Մանչեսթեր Յունայթեդի Հադերսֆիլդ Թաունից կրած պարտության մասին է, կարելի է և որակել, որպես ուսուցողական մի շարք պատճառներով: Մինչև 9-րդ տուրը անպարտելի Յունայթեդը դեռ Լիվերպուլի հետ խաղում ընդգծված խոտաններ ու լրջագույն բացթողումներ ցուցանեց, ըստ իս չեմպիոնական բացահայտ հավակնություններ ունեցող ակումբի համար սա աններելի պահպանողականություն է:

Այն ինչի հաշվին Կարմիր Սատանաների գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինյոն ուզում է Պրեմիեր Լիգայում նաև ինչու չէ՝ Չեմպիոնների Լիգայում մեծ հաջողության հասնել միանշանակ բավարար չէ: Հադերսֆիլդ Թաունը հոկտեմբերի 21-ին գրեթե ոչնչով չէր զիջում իր անվանի մրցակցին խաղից հետո դա չէր հերքում նաև Ժոզե Մոուրինյոն, ընդհակառակը Ժոզեն փորձում էր հասկանալ, թե ինչու էր իր տղաների մոտ նկատվում այսպես ասած տրամադրության անկում:

Բայց երևի թե, ոչ Ժոզեն մեծ հաշվով բան հասկացավ, ոչ էլ առավել ևս Յունայթեդի ֆուտբոլիստները, որոնք գոնե հանդիպման երկրորդ խաղակեսին, երբ խաղադաշտ դուրս եկան՝ Մխիթարյանն ու Ռաշֆորդը՝ խաղը փրկելու ինչ որ փորձեր այնուհանդերձ արեցին՝ 78-րդ րոպեին Ռաշֆորդը գոլի հեղինակ դարձավ: Իսկ ընդհանուր առմամբ Մանկունյանցիների վերահաս դժբախտությունը սկիզբ առավ այն պահից սկսած, երբ վնասվածք ստացած պաշտպան Ֆիլ Ջոնսին՝ փոխարինեց՝ Վիկտոր Լինդելոֆը: 2017թվականի հունիս ամսին Մանչեսթեր Յունայթեդը շվեդ պաշտպանի համար Բենֆիկային վճարեց 35 միլիոն եվրո՝ կնքելով 4 տարվա պայմանագիր, սակայն նոր մրցաշրջանում նորեկ այդպես էլ տեղ չգտավ թիմի հիմնական կազմում: Փոխարինման առաջին րոպեններից սկսած ակներև էր, որ Լինդելոֆը խաղային փորձի և վստահության պակաս ունի: Լինել պաշտպան պորտուգալական առաջնությունում դա այլ բան է, լինել պաշտպան արդեն անգլիական Պրեմիեր Լիգայում լրիվ ուրիշ բան. սրանք տարբեր իրականություններ են կանխորոշում, ամբողջապես տարբեր մոտեցումներ: Լինդելոֆը գլխովին ձախողվեց, նրա կոպիտ սխալների պատճառով (ինչ խոսք պաշտպանը նաև առաջին գոլի համար էր մեղավոր) Յունայթեդը երկու գնդակ բաց թողեց և մինչև վերջ այդպես էլ ուշքի չեկավ: Խաղից հետո քննադատությունների՝ շատ ժամանակ վիրավորական, ցինիզմ ու ծաղր արտահայտող բովանդակությամբ, ահռելի տարափ ուղղվեց Վիկտոր Լինդելոֆի հասցեին: Անկասկած Լինդելոֆը կոպիտ սխալներ թույլ տվեց, բայց մյուս կողմից դրանում իր մեղավորությունը ուներ նաև մարզիչը, Մոուրինյոն շվեդ պաշտպանին Յունայթեդում շատ քիչ խաղային ժամանակ է ընձեռում, որպեսզի նա լիարժեքորեն կարողանա հարմարվել Պրեմիեր Լիգային, և իհարկե անգլիական ֆուտբոլային առաջնության առանձնահատկություններին, ուստի թիմի անհաջողության համար մեղադրել մեն մի հոգու՝ իրապես գռեհիկություն ու անլրջություն է:

Առհասարակ, մանավանդ հանդիպման առաջին խաղակեսում անհաջող էին գործում Յունայթեդի գրեթե բոլոր ֆուտբոլիստները: Ոչ Անդեր Էրերան, ոչ Խուան Մատան, որը ևս ձախողեց իր խաղը, ոչ Մարսիալը, ոչ Վալենսիան չկարողացան ցուցադրել իրենց հնարավորությունների՝ ասենք ամբողջի կեսը: Չէր հասկացվում, թե ընդհանրապես խաղադաշտում ի՞նչ են փորձում անել Մանկունյանցիները, ինչպե՞ս են ուզում գրոհել, անցնել հակագրոհի, պաշտպանվել: Երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած Ռաշֆորդն ու Մխիթարյանը՝ հարձակման գծում և կենտրոնում, թեպետ մի փոքր աշխուժացրին խաղը, այնուհանդերձ նրանք նույնպես ի չիք դարձրին սպասելիքները՝ չկարողացան բեկում մտցնել ու վերաշրջել հանդիպման ընթացքը: Բացի մի քանի լավ փոխանցումից՝ Հենրիխ Մխիթարյանի գործողություններում վերստին անվստահություն էր նկատվում՝ Հենոն դանդաղ էր, սրընթացությունը նվազ, խաղն իր վրա չէր վերցնում: Ինչևէ այս մրցաշրջանում առաջին անգամ Հադերսֆիլդ Թաունից կրած վերոնշյալ ուսուցողական պարտության համար նախ և առաջ պատասխանատու է Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և հետո նոր նրա սաները: Իսկապես գուցե Մոուրինյոյի ընտրած մարտավարությունը հետաքրքրական է հենց իր՝ Ժոզե Մոուրինիոյի համար, սակայն ոչ Պրեմիեր Լիգայի: Այնպիսի տպավորություն է, որ Ժոզեն մի փոքր հոգնել է, նաև ինչու չէ՝ հնացել՝ ետ մնալով ավելի երիտասարդ, ավելի եռանդուն, նոր հայացքներ ունեցող մարզիչներից, ինչպիսիք են՝ Կոնտեն, Գվարդիոլան, Պոչետինոն, Մարկու Սիլվան, Շոն Դայչը: Վերջիվերջո ժամանակները փոխվում են, մոտեցումներն ու հայացքները նույնպես և ֆուտբոլը հենց դրանով էլ հետաքրքրանում է, երբ հաշվի է նստում այդ ահռելի վերափոխությունների հետ և նորովի բացահայտում իր գեղեցկագույն հնարավորությունների անսպառ ձևերը:

Զավեն Մխիթարյան

Մեկնաբանություն
X