Մենք նախագահի հետ չենք վիճել, այլ բանավիճել ենք. Արսեն Ավակով

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը խոստովանել է, որ իր և երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի միջև բնավեճ է տեղի ունեցել Գերագույն ռադայի մոտ ընթացող բողոքի ցույցը և վրանային քաղաքը ցրելու հարցով, հայտնում է «112 Украина» հեռուստաալիքը:

Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցներում տեղեկություն էր հրապարակվել այդ խնդրով երկու քաղաքական գործիչների միջև ծագած վեճի մասին:

«Իսկապես, այդպիսի քննարկումները հարթ չեն ընթանում, բայց այդ ամենը տեղի է ունենում նորմալ, աշխատանքային բանավեճի մթնոլորտում: Իսկ ինչ վերաբերում է լուրերին, թե, ահա, հայհոյել են, բաժակով ջուր նետել միմյանց վրա, ապա նման բան չի եղել»,- հայտարարել է Ավակովը:

Նա նաև հավելել է, որ մի շարք հարցերում ինքն ունի իր սեփական տեսակետները և իր աշխատանքի իմաստը տեսնում է դրանք առաջ տանելու մեջ, այդ թվում նաև բանավեճի միջոցով:

Նշենք, որ հոկտեմբերի 20-ին «Ուկրաինսկայա պրավդա» թերթը, հղում կատարելով իր աղբյուրներին գրել էր, որ Պորոշենկոյի և Ավակովի միջև Գերագույն ռադայի մոտ տեղի ունեցեղ ցույցը ցրելու հարցով վեճ է տեղի ունեցել: Երկրի ղեկավարն, իբր, պահանջել է քանդել վրանային քաղաքը, իսկ ՆԳ նախարարը հրաժարվել է անել այդ և արդարացել, թե արյունալի կռվի և կիսադատարկ վրանների միջև ինքը կընտրեր չարյաց փոքրագույնը:

Մեկնաբանություն
X