Մամուլի տեսություն

«Ժողովուրդ». Նախկին գյուղապետը՝ մեղադրյալ

«Ժողովուրդը» գրում է. «Համայնքի ղեկավարների կողմից չարաշահումների դրսեւորումները շարունակվում են: Այս անգամ ամբաստանյալի աթոռին է հայտնվել Վայոց ձորի մարզի Խնձորուտ համայնքի ղեկավար Ժիրայր Նազարյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ժիրայր Նազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2008-2016թթ. հանդիսանալով Վայոց ձորի մարզի Խնձորուտ համայնքի ղեկավար, Բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության ֆինանսական աջակցությամբ վերանորոգել է համայնքի ներհամայնքային ջրամատակարարման համակարգի մաս կազմող խմելու ջրի խողովակաշարի շուրջ 900մ հատվածը՝ ստորգետնյա մետաղյա խողովակները փոխարինելով պլաստմասսե խողովակներով:

Սակայն իրավապահները պարզել են, որ համայնքի ղեկավարը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանց համայնքի ավագանու որոշման եւ սահմանած պայմանների՝ ինքնուրույն տնօրինել է իրեն վստահված մետաղյա խողովակները, որոնցից թվով 12 հատ, ընդհանուր 87,8մ երկարությամբ խողովակները յուրացրել է իր կարիքների համար՝ դրանց մի մասով պատրաստելով խոտի ծածկ:

Ավելին՝ երբ իրավապահները սկսել են քննություն՝ հասկանալու համար, թե որտեղ է համայնքին պատկանող գույքը, պարզել են, որ Խնձորուտ համայնքի ղեկավարը այն վատնել է՝ համայնքին պատճառելով խոշոր չափերի՝ ընդհանուր 1 միլիոն 777 հազար 900 դրամի գույքային վնաս: Այսինքն՝ Ժիրայր Նազարյանին մեղսագրվում է հանցավոր արարքների կատարում, այն է՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափի յուրացում եւ վատնում կատարելը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X