Հին ու նոր սերունդ

Ոչ պրոֆեսիոնալ, մակերեսային վերաբերմունքը խնդիրներին, հավանաբար, բոլոր ոլորտներին բնորոշ հիվանդություն է։ Ամենուրեք հին, փորձառու մասնագետները հեռանում են, փոխարինելու են գալիս իրենց գիտելիքներով ու պրոֆեսիոնալիզմով չփայլող նորերը, եւ սկսվում է ուսումնառության մի շրջան, որի ժամանակ աշխատանքն է տուժում։ Սա, ոմանց կարծիքով, կոչվում է սերնդափոխություն եւ անգամ ողջունելի է համարվում, որովհետեւ նոր, երիտասարդ կադրերն ավելի հեղափոխական են ու ճկուն՝ ի տարբերություն հայրերի։ Բայց ճկունությունը, ցավոք, չի զուգակցվում խելամտության, արագությունը՝ հետեւանքները հաշվարկելու ունակության, համարձակությունը՝ երեւույթները ճիշտ ընկալելու հմտության հետ։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանի թիմն ավելի համարձակ է ու ակտիվ, բայց ՀԱԿ-ի պատգամավորներն ավելի գրագետ էին ու խորաթափանց։ Անշուշտ, Զարուհի Փոստանջյանի թիմը կոմպլեքսներ չունի եւ պատրաստ է բացահայտել կոռուպցիայի ցանկացած դրսեւորում, բայց «Ժառանգության» անդամներն ավելի կառուցողական էին ու բնակչին ավելի օգտակար։ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, անշուշտ, սպառել էր իրեն, եւ Կարեն Կարապետյանի գալուստը վաղուց պահանջված էր, բայց նոր վարչապետի թիմում բոլորը չէ, որ իրենց տեղում են եւ ընդունակ են իրական բարեփոխումներ իրականացնել՝ զերծ մնալով աշխատանքի իմիտացիա բեմադրելուց։ Անգամ Հանրապետականի հին ու նոր թիմերը համեմատելիս վստահ չենք, որ երիտասարդները գերազանցում են տարեցներին․ նոր սերունդն ավելի անսկզբունք է, հարմարվող ու շահամոլ։ Կարելի է, անշուշտ, հուսալ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի՝ մի մասը փորձառություն ձեռք կբերի, մյուսները՝ գիտելիքներ, երրորդները կհասկանան, որ սկզբունքային մարդկանց ամենուր են հարգում, բայց մեր կյանքը կանցնի։

Մեկնաբանություն
X