Մամուլի տեսություն

«ժողովուրդ». Քենեդու սպանությունն ու հոկտեմբերի 27-ի էֆեկտը

«Ժողովուրդը» գրոմ է. «Ինչպես Քենեդու սպանությունն է համարվում ամերիկյան պատմության ամենազարհուրելի դրվագներից մեկը, այնպես էլ մեզանում Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն է: 1963թ. Քենեդու սպանության պես 1999թ. խորհրդարանում Հայաստանի ղեկավարության գնդակահարությունն անչափելիորեն ցնցեց հասարակությանն ու պետության հիմքերը: Սակայն եթե ԱՄՆ-ում քաղաքական վերնախավը բավականին հասուն գտնվեց՝ դուրս գալու համար բարդագույն ճգնաժամից եւ չխաթարելու ԱՄՆ պետականության զարգացման ընթացքը, ապա Հայաստանում դեպքերը չափազանց աննպաստ զարգացում ունեցան: Վարչապետ Վազգեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի ու պաշտոնատար այլ անձանց հրապարակային, աննախադեպ սպանությունը ոչ միայն տարիներով ետ գցեց Հայաստանի զարգացումը, այլեւ անդառնալիորեն շեղեց պետության ընթացքը՝ հանգելով իշխանության բռնազավթմանն ու այլասերմանը: Դրանից հետո լոկ տեխնիկայի հարց դարձան քաղաքական դաշտի ամայացումը, տնտեսության բացարձակ մոնոպոլիզացիան, ընտրական ինստիտուտների խեղումը եւ այլն: Քենեդու սպանության ու Հոկտեմբերի 27-ի ոճրագործության միջեւ առերեւույթ բազմաթիվ նմանությունների հանգույն՝ երկու հասարակություններում էլ ցայսօր տիրում է կասկածամտությունը գործերի բացահայտման հարցում: Թեպետ հայտնի են անմիջական կատարողները, որոնք պատասխանատվության են ենթարկվել դատական կարգով, սակայն հասարակությունները համոզված են դրանց թիկունքում ինչ-ինչ ուժերի գոյության հարցում: Այսօր ԱՄՆ-ում հրապարակվելիք փաստաթղթերը գուցե ինչ-ինչ հարցերի պատասխաններ տան, մինչդեռ Հոկտեմբերի 27-ի պարագայում դռներն ամուր կողպված են, թեեւ, ըստ այն ժամանակվա մամուլի հրապարակումների, ոմանք առարկայական տեղեկատվության, այդուամենայնիվ, տիրապետում են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություն
X