Սաքուլիկությունը՝ որպես հայաստանյան բուհերի կառավարման մոդել

Տնտեսագիտական համալսարանի երկարամյա դասախոս Վալերի Միրզոյանին, ում օրերս ազատել են աշխատանքից, նախկին եւ ներկա ուսանողներն ու կոլեգաները բնութագրում են որպես խիստ, բայց սկզբունքային մարդ, որը որեւէ կերպ չէր կարող իրեն դնել բուհի հանրապետական հիերարխիայի որեւիցե օղակում, այն էլ՝ տնտեսագիտականի նման բուհում, որտեղ սաքուլիկներն ամենուր են՝ դասախոսների կազմում, ուսխորհրդում, ամբիոններում:

Բուհում մնացած հատուկենտ նորմալ, չկաշառված եւ չօճառվող դասախոսներից մեկ-երկուսը շատ տրամաբանական համարեցին Վալերի Միրզոյանից ազատվելը, իսկ նրա բարձրաձայնումները՝ հարյուր տոկոսանոց ճշմարտություն։ Կոռուպցիոներ չէ, կաշառք չի վերցնում, ինչ-որ առումով՝ այլախոհ է, խորթ լինելով բուհի երիտ եւ ավագ հանրապետական մթնոլորտին:

Հիշեցնենք, որ Վալերի Միրզոյանը բուհերի կառավարման համակարգը նկարագրել է որպես բրգաձեւ, իշխանական կոշտ ուղղաձիգով՝ հար եւ նման խորհրդային տարիների կազմակերպական կառուցվածքներին, որտեղ ռեկտորն իրեն զգում է գահակալի իշխան, իսկ ամբիոնի դասախոսներն այս մթնոլորտում իրենց պետք է զգան ստորադասներ: Ւնչպես դասախոսն ինքն է նկարագրում իր ֆեյսբուքյան վերջին գրառման մեջ՝ աջուձախ լրտեսներ, որոնք տեղ են հասցնում անգամ դասախոսների՝ սեպտեմբերյան շոգերից բողոքելը, ուսխորհրդի անդամ երիտհանրապետականների ագրեսիվությունն ու բուհը սեփական ազգուտակով համալրելը: Սկզբում մարդիկ կարծում էին, թե Միրզոյանի հրաժարականի պատճառը թոշակային տարիքին հասնելն է (այն դեպքում, երբ որ բուհում տասնյակ մարդիկ շարունակում են դասավանդել 70-ից հետո էլ), սակայն սա հերքվեց, Վալերի Միրզոյանի 70 տարին լրանում է հաջորդ տարի: Իսկ իրական պատճառը, ըստ իրազեկների, բուհում տիրող խարդավանքների մթնոլորտն է, որից դժգոհելով՝ Միրզոյանը դիմում է գրել, իսկ Կորյուն Աթոյանն շտապել է այն մակագրել՝ առանց երկարամյա վաստակ ունեցող դասախոսից տեղեկանալու, թե ինչն է պատճառը:
Վալերի Միրզոյանն ինքը, որի գրառման տակ 700-ից ավելի ֆեյսբուքյան ակտիվ հասարակական-քաղաքացիական անձինք, գիտնականներ գրառումներ էին արել, վերադառնալու եւ պայքարելու հորդորներին արձագանքել է՝ ասելով, որ ապերախտ չէ, բայց ունի արժանապատվություն:

Մեզ հետ զրույցում բուհի դասախոսներից մեկը նշեց, որ բուհի ամբիոնները, որոնք նորմալ համալսարանական կրթություն ունեցող երկրներում կոչված են առաջ տանել եւ զարգացնել ուսումնական պրոցեսը, իրականում բաղկացած են կառավարելի մարդկանցից, որոնց կառավարելի է դարձնում հատկապես ժամանակավոր պաշտոնակատարի ինստիտուտը: Իսկ այս բուհի ամբիոնների վարիչների եւ դեկանների ի ասը ԺՊ-ներ են, ինչը նշանակում է, որ ԺՊ նշանակելով՝ մրցույթներ չեն հրավիրվում, դրսից մարդիկ չեն գալիս, իսկ ժամանակավոր պաշտոնակատարը վախենում է չընտրվելուց:

Ներկայացնում ենք բուհի ԺՊ-ների պատկառելի ցանկի մի հատվածը․
Մերի Բադալյան - հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար: Նախկինում դեկանը եղել է ճանաչված մասնագետ, դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը:

Դիանա Գալոյան - միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար

Կարեն Գրիգորյան - մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար

Ֆիրուզա Մայիլյան - տնտեսագիտության տեսության ամբիոնի ժամանակավոր պաշտոնակատար

Միքայել Մարդումյան - կոմերցիայի եւ բիզնեսի կազմակերպման ամբիոնի ժամանակավոր պաշտոնակատար

Սուսաննա Չալաբյան - Լեզուների ամբիոն

Սամսոն Դավոյան - բուհի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար

Ժամանակավոր պաշտոնակատարներ են նաեւ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը, Լյուբա Մեհրաբյանը, Նելլի Շահնազարյանը, Արամ Սարգսյանը, Արմեն Քթոյանը, համենայնդեպս՝ բուհի գիտխորհրդի կազմում այդպես է նշված։

Բուհում երկակի ստանդարտներ կան 70-ն անց դասախոսներին պահել-չպահելու հարցում. մի մասին թոշակի են ուղարկում, տարիքն անցած յուրայիններին դրույքներ են տալիս՝ անգամ գիտխորհրդի որոշման խախտումներով: Այս սկզբունքով շարունակում են աշխատել նախկին ռեկտորներ Գրիգոր Կիրակոսյանն ու Յուրի Սուվարյանը, ընդ որում՝ վերջինն Աշխատանքային օրենսգրքի խախտմամբ է աշխատում՝ մի քանի անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելով։

Ինչ վերաբերում է բուհական իշխանների ազգուտակերին, ապա մամուլն անցյալում արդեն անդրադարձել է բուհում ռեկտորի եւ կուսակցական նոմենկլատուրայի ազգականների առատությանը. ռեկտորի որդի Վարդան Աթոյանը, օրինակ, դասավանդում է իրավագիտության եւ քաղաքագիտության ամբիոնում, նախկին ռեկտոր Յուրի Սուվարյանի եղբայր Արզիկ Սուվարյանը կառավարման ամբիոնում է, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դուստր Անի Սիմոնյանը՝ իրավագիտության եւ քաղաքագիտության ամբիոնում եւ այլն: Շատ բնութագրական պաշտոն ունի 2007-2010 թթ. ՀՊՏՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ, 2010-2012 թթ. «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի նարնջագույն ճակատի նախկին տնօրեն Սեւակ Խաչատրյանը (Տարոն Մարգարյանի ատենախոսության թեզի պաշտպանության օրը հայտնի դարձավ «Սաքուլիկ» անվանմամբ), որին երկու տարի առաջ ուսանողների եւ շրջանավարտների հետ աշխատանքի գծով պրոռեկտորի պաշտոն տվեցին:

ՀԳ․ Ի դեպ, ՀՊՏՀ-ն երեկ պաշտոնական հաղորդագրություն-պարզաբանում տարածեց Միրզոյանի ազատման կապակցությամբ՝ ընդամենը մեղադրելով նրան ինքնակամ դիմում գրելու մեջ եւ չարձագանքելով նրա մեղադրանքներին։ Ավելին՝ գրեթե հաստատեց Միրզոյանի նշած պատճառները՝ լրտեսներ պահելու, ուսանողական արհեստական բողոք բեմականացնելու մասով։

Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X