Մենք պետք է վստահություն ներշնչենք, որ ժողովուրդը գա հրապարակ

Ազգային դիմադրության ճակատի գործիչները շաբաթ օրը հրավիրած նիստին ավարտել են հռչակագրի տեքստի պատրաստումը։ Առաջիկա օրերին այն կհրապարակվի, եւ նիստից բացակայածները կծանոթանան համաձայնագրի տեքստին։

Հիշեցնենք, որ դեռեւս սեպտեմբերի վերջին Ժիրայր Սեֆիլյանը դիմեց հասարակական եւ քաղաքական մի շարք գործիչների՝ առաջարկելով վերջ տալ ինքնախաբեությանը եւ ընդդիմադիր դաշտում ձեւավորվող նոր օրակարգով ստեղծել ազգային դիմադրության ճակատ։ Դիմումը հասցեագրված էր 31 անձի, չնայած, ըստ Սեֆիլյանի, ցուցակն սպառիչ չէ, կարող է համալրվել ինքնառաջադրման կամ երաշխավորության կարգով։ Ցանկում ընդգրկված են Նիկոլ Փաշինյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Վարդան Օսկանյանի, Սեյրան Օհանյանի, Զարուհի Փոստանջյանի եւ այլ անուններ։ Փոստանջյանը հրապարակայնորեն կտրականապես մերժեց մասնակցել գործընթացին՝ ասելով, որ ցանկում անհամատեղելի անուններ կան իր համար։ Նիկոլ Փաշինյանն էլ մասնակցել է միայն առաջին նիստին, ասել, որ Սեֆիլյանի կոչում իր համար անընդունելի կետեր կան, նշել է նաեւ, որ ինքը դաշինք է ներկայացնում ու չի կարող անհատապես մասնակցել քննարկումներին։ Մյուս երեք քաղաքական գործիչները գրեթե անմասն են գործընթացներից։ Ճակատի ձեւավորման աշխատանքները համակարգելու գործը, Սեֆիլյանի առաջարկով, ստանձնել են «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանն ու դերասանուհի, Մհեր Մկրտչյանի նախկին կին, ակտիվ ընդդիմադիր Թամարա Հովհաննիսյանը։ Մենք գրել էինք, որ Սեյրան Օհանյանի հետ մոտ երեք շաբաթ առաջ հեռախոսազրույց է կայացել, պաշտպանության նախկին նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանում չէ, կվերադառնա, ու կքննարկեն, սակայն մինչ օրս նրանից ձայն-ծպտուն չկա։ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ Հայաստանում չէ, իսկ Վարդան Օսկանյանի հետ անգամ կապի դուրս չեն եկել։

Պետրոս Մակեյանը մեզ տեղեկացրեց, որ հռչակագրում ամրագրված են երկրում առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները․ «Մեր գնահատականը երկրում ստեղծված իրավիճակին օրհասական է, հնարավոր է առաջիկայում պետականության կորստից բացի ազգի գոյության պահպանման խնդիր ունենանք։ Եվ մեր գնահատականով մեզնից յուրաքանչյուրի մասնակցությունն է հարկավոր պետության եւ ազգի փրկության համար»։ Հռչակագրում գործողությունների ծրագիր չի նախատեսվում, առայժմ հասարակությանը մոբիլիզացնելու աշխատանքներ կտարվեն, իսկ երբ լինի համարժեք արձագանք, նոր գործողությունների ծրագիր կառաջարկեն։ «Մենք կսպասենք ՀՀ քաղաքացիների արձագանքին, մտավորականության, արվեստագետների, բոլոր բոլորի, երբ խումբն ընդլայնվի, զուգահեռաբար գործողությունների քննարկման փուլ կմտնենք»,- ասաց Մակեյանը։ Նկատեցինք՝ փաստորեն, դուք ձեր գործն արեցիք, հիմա գնդակը հասարակության դաշտո՞ւմ է, որին Մակեյանը բացասաբար պատասխանեց․ «Դեռ շուտ է ասել, թե գնդակը հանրության դաշտում է, մոբիլիզացիան աշխատատար է, դեռ ժամանակ է հարկավոր, երբ կգա ժամանակը, նոր կասենք, որ գնդակը հանրության դաշտում է»։ Մակեյանը մեր հարցին ի պատասխան չբացառեց, որ մարզեր, համայնքներ կայցելեն, կխոսեն ժողովրդի հետ, փողոց կհրավիրեն մարդկանց։ «Բայց սա իմ կարծիքն եմ ասում, այս թեմայի շուրջ քննարկում չի եղել»,-միաժամանակ ավելացրեց մեր զրուցակիցը։

2008 թվականի համաժողովրդական շարժման ակունքներում կանգնած Պետրոս Մակեյանը կարծում է, որ պայքարի հին մեթոդները՝ հանրահավաքները, դեռ սպառված չեն, եւ իշխանափոխություն կարելի է նաեւ խաղաղ ճանապարհով իրականացնել․ «Հին տարբերակը կարող էր արդյունավետ լինել, եթե քաղաքական լիդերներն ունենային քաղաքական կամք, ժողովրդին մինչեւ վերջ տանեին, ու համաձայն չեմ, թե հին ձեւերն անարդյունավետ են։ Իմ ընկերները, որոնք ժամանակին պայքար էին առաջնորդում, ինչ-ինչ ճնշումների տակ կա՛մ գործարքի գնացին, կա՛մ վախեցան։ Այո, մենք ժողովրդին հուսախաբ ենք արել առանձին ընկերների մղումների պատճառով։ Եթե ժողովուրդը ոտքի կանգնի, մնում է քաղաքական ուժերը, գործիչներն ամուր լինեն»։ Պետրոս Մակեյանը տեղեկացրեց, որ Սեֆիլյանի կոչի հասցեատերերից առնվազն քսանի համաձայնությունը կլինի հռչակվելիք համաձայնագրի տակ։ Իսկ քաղաքական գործիչները շարունակում են անհաղորդ մնալ։ Մակեյանը տեղեկացրեց նաեւ, թե ինչու Փաշինյանն առաջին նիստից հետո այլեւս չմասնակցեց ճակատի ձեւավորման քննարկումներին․ «Փաշինյանն ասաց, որ ինքը քաղաքական թիմ ունի եւ այդ թիմով է մասնակցում գործընթացներին, այնպես չի կարող։ Ասաց նաեւ, որ համաձայն չէ Ժիրայրի որոշ ձեւակերպումների հետ, թեպետ ես նման տպավորություն չէի ստացել, թե հնարավոր է զինված ապստամբություն։ Ես ինքս էլ համաձայն չեմ, որովհետեւ զինված գործընթացներն ի սկզբանե պարտություն են նշանակում, որովհետեւ իշխանությունը զինված հզոր ոստիկանություն, օլիգարխիա ունի, ո՞նց կարող ես այդ դաշտում իրենց հետ մրցակից լինել։ Մեր հիմնական գործընկերը ժողովուրդն է, մենք պետք է վստահություն ներշնչենք, որ ժողովուրդը գա հրապարակ»։ Համազգային ճակատի գործիչների հաջորդ նիստը նշանակվել է չորեքշաբթի։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Մեկնաբանություն
X