ԱԺ նիստը մեկնարկեց «Ելքի» առաջարկները մերժելով (ուղիղ միացում)

Ազգային ժողովը մերժեց սատարել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին «Ելք» խմբակցության նախագիծը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը: Սա առաջացրեց «Ելքի» պատգամավորների դժգոհությունը։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ մասը նախատեսում է առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցողների ցանկը, որի մեջ են նաև Ազգային ժողովի պատգամավորները: «Սակայն երկար տարիներ այս դրույթի կիրառման հետ կապված խնդիրներ են առաջանում: Մասնավորապես, քրեակատարողական ծառայությունը սահմանափակում է Ազգային ժողովի պատգամավորների իրավունքը: Շատ հաճախ պատգամավորներին արգելում են ազատ ելումուտ ունենալ քրեակատարողական հիմնարկ՝ պատճառաբանելով, թե նախաքննության մարմինն արգելել է այս կամ այն կալանավորի կամ ձերբակալված անձի հետ տեսակցությունները»,- վարման կարգի վերաբերյալ ելույթ ունենալով՝ ասաց Փաշինյանը:

Հարակից զեկուցող, պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանն էլ նկատեց, որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործող պատգամավորի պարտականությունն է տեսնել և ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց սանիտարահիգիենիկ պայմանները, դեղորայքի ժամկետայնության, սննդի որակի և այլ խնդիրներ: «Այս նախագծով հիմնական խնդիրը հետևյալն է․ դիցուք՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պահվում է 1000 կալանավոր և դատապարտյալ: Նրանց մեջ պայմանակորեն կարող են լինել 20-ը, որոնց մասով քննիչն ունի բոլոր տեսակի տեսակցությունները սահմանափակող որոշում: Պարոն Փաշինյանի հեղինակած նախագծով առաջարկվում է պատգամավորներին թույլ տալ նաև տեսակցել այն անձանց, որոնց մասով քննիչն ունի որոշում»,- ասաց Մախմուդյանը։ Նա նշեց նաև, որ կիսում է Նիկոլ Փաշինյանի մտահոգությունը, երբ քրեակատարողական հիմնարկների ղեկավարներն ընդհնարապես արգելում են պատգամավորների մուտքը քրեակատարողական հիմնարկի տարածք միայն նրա համար, որ այնտեղ պահվում են մի քանի կալանավորներ կամ դատապարտյալներ, որոնց նկատմամբ քննիչը տեսակցությունները սահմանափակելու որոշում ունի:

Ինչևէ, քաղաքական մեծամասնությունը դեմ էր, որ հարցը ընդգրկվեր մեծ օրակարգ ու քննարկվեր ԱԺ նիստերի ընթացքում։ «Ելքի» պատգամավորներն էլ պնդում էին, որ ընդգրկեն օրակարգ, քննարկեն, թող հարցուպատասխան լինի, նոր հասկանան՝ ինչու են մերժում։ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ հանձնաժողովում քննարկվել է այս հարցը, որտեղ նախագծի հեղինակները կարողացել են իրենց հարցերը հնչեցնել ու պատասխաններն ստանալ, հիմա նպատակահարմար չեն գտնում այն նորից քննարկել պլենար նիստում։ Ամե դեպքում «Ելքին» չբավարարեց ՀՀԿ-ի այս մոտեցումը։ Նրանք իշխող մեծամասնության այս մոտեցումը գնահատեցին ոչ ժողովրդավարական։ Նախագիծը դրվեց քննարկման ու չընդունվեց 35 կողմ, 56 դեմ, 6 ձեռնպահ ձայներով չընդգրկվեց ԱԺ նիստերի օակարգ։

Այս հարցից հետո ևս մեկ հարց եղավ, որը ներկայացվեց «Ելք» խմբակցության պատգամավորների կողմից, որը կրկին նույն բախտին արժանացավ։ Նորից հնչեցին դժգոհություններ դեմոկրատիայի վերաբերյալ։ Էդմոն Մարուքյանը բացատրեց՝ որն է իրական դեմոկրատիան, ինչին ստիպված եղան արձագանքել ՀՀԿ-ականները, մասնավորապես՝ Հրայր Թովմասյանն ու Արփինե Հովհաննիսյանը, որոնք էլ փորձեցին իրենց պատկերացումները շարադրել ժողովրդավարության վերաբերյալ։ Ինչևէ, «Ելքի» առաջարկը նորից մերժվեց, որից հետո նոր խորհրդարանը հաստատեց իր այսօրվա օրակարգն ու անցավ իր բնականոն աշխատանքին։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X