Իսկ ընդդիմության տեղը դատարկ էր

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի երեկվա օրակարգը հագեցած էր։ Կառավարությունը ներկայացրել էր ոստիկանության, պաշտպանության եւ զինվորական ծառայության ու զինծառայողի մասին օրենքներում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագծեր։ Պաշտպանական ոլորտի օրինագծերից հատկապես ուշագրավ էր զինվորական ծառայության մասին նոր օրենսդրական կարգավորումների հատվածը, որն այդքան քննարկվեց, քննադատվեց ու աղմուկ առաջացրեց։ Այստեղ հատկապես կարեւոր է տարկետման իրավունքից ուսանողներին զրկելու եւ բոլորին հավասարապես բանակ ուղարկելու մասին դրույթը։ Սրա դեմ նախորդ շաբաթ ակցիա արեցին մի խումբ ուսանողներ։ Շատերի կարծիքով՝ ՊՆ-ն սրանով խոչընդոտում է գիտության զարգացմանը, մյուս կողմից՝ բանակը համալրելու լուրջ խնդիր ունենք, եւ այս նախագծով փորձում են առաջնագիծն ապահովել անհրաժեշտ քանակի զինվորներով։ Գիտության մասով պիտի նկատենք, որ այնպես չէ, թե տարկետում ստացած ու սովորելու անվան տակ բանակ չգնացած «գիտնականները» կոտորվել են գիտությունը զարգացնելով։ Նրանց երեւի թե ճնշող մեծամասնությունն ուղղակի «գիտության անվան տակ» մնացել եւ սեփական բիզնեսը, կարիերան ու անձնական կյանքն է «զարգացրել»։ Դրանց մեջ մեծ տոկոս են կազմում հատկապես մեծահարուստների, պաշտոնյաների զավակները, որոնք փողի շնորհիվ կարողանում են բուհ ընդունվել, ավարտել, «գիտնական» դառնալ, դեռ մի բան էլ գնալ արտերկիր՝ ուսանելու։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւս թերահավատ է գիտությունը «զարգացնողների» մղումների հարցում, ուստի կարծում է, որ բոլորը պետք է գնան բանակ։ Իսկ գիտությունը թող սպասի, կծառայեն-կվերադառնան, նորից կշարունակեն զարգացնել այն։

«Կա երկու մոտեցում՝ կա՛մ պետությունն է որոշում, թե ում տա տարկետում, ում՝ ոչ, կա՛մ որեւէ մեկը չի ստանում տարկետում, որպեսզի զերծ մնանք սուբյեկտիվ մոտեցումներից։ Ես չեմ տեսնում պատճառ, թե ինչու, ենթադրենք, Ֆիզկուլտինստիտուտ ընդունվողը կարող է ունենալ տարկետում, իսկ Ամերիկյան համալսարանը կարող է տարեկան ունենալ այդպիսի տարկետումների շատ սահմանափակ քանակ։ Իմ համար հասկանալի չէ, թե ինչու նույն մասնագիտությամբ, նույն ֆակուլտետում սովորող մի քաղաքացի պետք է ունենա հնարավորություն ավարտելու իր ուսումը եւ հետո նոր կատարելու կամ չկատարելու իր պարտքը հայրենիքի նկատմամբ, մեկ ուրիշը պետք է 18 տարին լրանալու պահին զորակոչվի, որովհետեւ ընդունելության քննության ժամանակ հավաքել է օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով իր կողքը նստած դասընկերոջից կես միավոր ավել կամ պակաս։ Այսինքն՝ խնդիրը շատ ավելի լայն է։ Եթե մենք լուծում ենք տարեկան 800 մարդու հարց, որպեսզի իրենք բարով-խերով սովորեն-ավարտեն, դա մի մոտեցում է։ Եթե մենք գիտության ու կրթության մոտեցում ենք լուծում, դա մեկ այլ մոտեցում է։ Եվ, վերջապես, եթե մենք լուծում ենք մեր երկրի պաշտպանության խնդիրը, ապա նայում ենք այն երկրների փորձը, որոնք ունեն նմանատիպ խնդիրներ, եւ իրենց տված լուծումը»,- ասաց նախարարը՝ նշելով, որ իրենք տարկետումը չեն վերացնում, այլ առաջարկում են լավ սովորող ուսանողին բանակ գնալ որպես սպա, ոչ թե շարքային զինվոր, եւ իր գիտելիքներն օգտագործել բանակում։

Բայց օրենքը, ամեն դեպքում, որոշ վերապահումներ սահմանում է մի քանի կոնկրետ մասնագիտությունների համար։ «Որոշ մասնագիտություններ, որ կարող է կարիք ունենա զինված ուժերը, օրինակ՝ վարորդներ, թարգմանիչներ, ռազմաբժշկական որոշակի մասնագիտություններ, կառավարությունը կարող է սահմանել ցանկ, որոնցով երկարացումը հնարավոր է՝ մինչեւ հինգ տարի»,- նշեց նախարարը։

ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանն ոշադրություն հրավիրեց արտագաղթի խնդրի վրա՝ նշելով, որ ինքն արտագաղթի շարժ է նկատում։ «Ես նման շարժ եմ նկատում, 14 տարեկան տղան այսօր արդեն ՌԴ քաղաքացի է»,- ասաց Ցոլակյանը՝ նկատելով, որ արտագաղթի պատճառով մենք զինվոր չենք ունենում։ Այս առնչությամբ Վիգեն Սարգսյանն ասաց․ «Առհասարակ ես կարծում եմ, որ արտագաղթի դեմն առնելը շատ ավելի երկարատեւ, հետեւողական քաղաքականության արդյունք պետք է լինի: Ես չեմ կարծում, որ մեր քաղաքականությունը կարող է հենվել նրա վրա, որ եկեք մի քիչ ավել տարկետումների տեղ թողնենք, որ արտագաղթը նվազի: Դա հարցը չի լուծի»։

Ըստ էության՝ սա ամենացավոտ ու պրոբլեմատիկ հարցն է, որի ողջ պատասխանատվությունը Վիգեն Սարգսյանի ներկայացրած իշխանությունների ուսերին է։ Ու հիմա իրենց վարած քաղաքականության պատճառով արտագաղթի ճամփան բռնած ժողովրդին փորձում են օրենքի ուժով պարտադիր բանակ տանել։ Դրա համար էլ նախարարը շատ անորոշ ու կցկտուր է խոսում խնդրի մասին, արտագաղթի դեմն առնելու փոխարեն օրենքում փոփոխություններով են փորձում հարցը լուծել։ Բայց չեն մտածում, որ նույն այդ արտագաղթողն ու ծառայությունից խուսափողը հաճախ ասում է՝ ի՞նչ է արել ինձ համար հայրենիքը, որ ես էլ իր համար կյանքս վտանգեմ։ Ավելին՝ այդ նույն մարդը համեմատության մեջ է դնում, թե ինչպես են էլիտայի զավակները խուսափում ծառայությունից, իսկ իրենց ուղարկում են սահման, որպեսզի կյանքի գնով ապահովեն այդ պաշտոնյաների զավակների հաճույքները երկրի ներսում։

Այս եւ նմանատիպ հարցեր հնչեցնողներ, սակայն, քննարկման ժամանակ չեղան։ Մի քանի ժամ տեւած քննարկման կեսից դահլիճի շարքերը նոսրացան, ու մնացին միայն նախագծին կողմ քվեարկող մի քանի ՀՀԿ-ականներ։ Ընդդիմության տեղը եւս դատարկվեց մինչեւ քննարկման ավարտը։ Սա տարակուսանք առաջացրեց ներկաների մոտ։ Իսկ ո՞ւր է «Ելքը», ո՞ւր են մյուս ընդդիմադիրները, որոնք ամբիոնից կոկորդ են պատռում նման հարցերում։ «Ծառուկյան դաշինքից» ներկա էր միայն այս հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանը, ով կեսից հեռացավ ու այլեւս չվերադարձավ։ «Ելքից» էլ, բացի պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ Սասուն Միքայելյանից, ներկա էին Էդմոն Մարուքյանն ու Մանե Թանդիլյանը։ Նրանք ինչ-որ առաջարկ ներկայացրին գնումների գործընթացի հետ կապված, որը չընդունվեց նախարարի կողմից, եւ թողեցին-հեռացան։ Այդ ընթացքում մեկ-երկու «կառուցողական» հարց էլ հնչեցրեց ազատամարտիկ Սասուն Միքայելյանը։ Բայց նա էլ շատ շուտ հեռացավ ու այլեւս չվերադարձավ։ Այս կարեւոր հարցի քննարկմանն ընդդիմությունից մարդ չկար, որ Վիգեն Սարգսյանին հարց տար, նրան նեղը դներ։ Ստացվում է՝ «Ելքին» միայն պոպուլիստական շոուներն են հետաքրքրում, ասենք՝ Գեղամյան-Փաշինյան տուրուդմփոցի նման միջադեպերը։ Մինչդեռ կարեւոր հարցերի քննարկման ժամանակ նրանք զբաղված են կամ ժամանակ չունեն։ Ինչեւէ, փաստ է, որ խորհրդարանում ռեալ ընդդիմության, սուր հարցեր բարձրացնող ընդդիմադիրների կարիք է զգացվում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X