Վասալական պահվածք

Երեկ մայրաքաղաքի կենտրոնը փակ էր երթեւեկության համար՝ ոստիկանների կողմից հսկվող դատարկ փողոցներով ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներն էին սուրում։ Քաղաքում ամենուրեք Ռուսաստանի դրոշն էր ծածանվում, չնայած ժամանողները միայն Ռուսաստանի ներկայացուցիչներ չէին։ Օդը լի էր տոնականությամբ, հանդիսավորությամբ՝ ամեն օր չէ, որ նման բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանում Հայաստան։ Մենք՝ հայի «խասյաթով», անշուշտ, ամեն ինչ կանենք հյուրերին սրտաբաց ընդունելու համար․ արքայավայել հյուրընկալություն՝ շքեղ նվերներով, ամենալավ հաստատություններում ամենահամեղ խորտիկներով հյուրասիրություններ եւ այլն։ Բայց դրա դիմաց ոչինչ չենք ստանա՝ ո՛չ սեր ու հարգանք, ո՛չ մեր խնդիրների լուծման երաշխիքներ, ո՛չ մեր նեղ վիճակին հասնելու խոստումներ։ Վաղը, երբ մեր հակառակորդները փորձեն ներդրվել այս կառույցում, ԵԱՏՄ անդամ երկրները կառաջնորդվեն բացառապես իրենց շահերով՝ անտեսելով մեզ ու մեր կարծիքը, ինչքան էլ որ հակառակը պնդեն։ Հարգում-սիրում են միայն ուժեղներին, նրանց, ովքեր կարողանում են իրենց կարծիքը պարտադրել, եղանակ ստեղծել, գործոն դառնալ։ Մենք անգամ մեր երկրում գործոն չենք դառնում, էլ չեմ խոսում տարածաշրջանում գործոն լինելու մասին։ Մի կողմից՝ գործոն չենք ու չենք կարողանում մեր կամքը թելադրել, մյուս կողմից՝ քանի դեռ մեր կամքը չենք կարողանում թելադրել, գործոն դառնալու շանս էլ չկա։ Ստացվում է՝ աղքատ ազգականի կարգավիճակում ստիպված ենք ընդունել ու սիրաշահել հարեւան պետությունների վարչապետներին, նրանց համար քաղաքի փողոցները փակել, էկզոտիկ հաճույքներ ապահովել, ինչպես կաներ վասալ երկիրն իր տերերի համար։ Եվ դրա դիմաց ոչինչ կամ գրեթե ոչինչ չպահանջել, բացի տիրոջ կողքին՝ նրա ստվերում գոյատեւելու իրավունքից։

Մեկնաբանություն
X