Թիվ մեկ պաշտոնյան

Մի քանի տարի մեր երկրում բոլոր քաղաքական պրոցեսները կազմակերպվել են հանուն մի գաղափարի՝ խորհրդարանական կառավարման անցնելու։ Ինչքան խոսքեր են ասվել այդ կապակցությամբ, ինչ համոզիչ ու ոչ այնքան համոզիչ փաստարկներ են հնչել, ինչպիսի կրքեր են եռացել ու բախումներ արձանագրվել գաղափարի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ։ Իսկ գլխավոր փաստարկը եղել է լիդերի ինստիտուտից ազատվելը, նախագահի ընտրության հետ կապված հիվանդագին մթնոլորտը հաղթահարելը, կոլեկտիվ կառավարման սկզբունքներին անցնելը։ Ի վերջո, գործող իշխանությունը մասամբ համոզեց մեզ, մասամբ՝ ուժային մեթոդներով ու ադմինիստրատիվ լծակներով պարտադրեց նոր մոդելը։ Սակայն այսօր, երբ հետեւում ես իշխանական, ընդհանրապես՝ քաղաքական շրջանակներում ծավալվող իրադարձություններին, հասարակ ժողովրդի տրամադրություններին, հասկանում ես, որ մենք կրկին ազգովին կանգնած ենք մի խնդրի առաջ՝ ո՞վ է 2018-ից հետո լինելու երկրի թիվ մեկ անձը։ Բոլորն սպասում են այդ հանգուցալուծմանը՝ ո՞վ է ստանձնելու երկրի վարչապետի ղեկը։ Այսինքն՝ մի կողմից արհեստականորեն հնարավոր չէ հասարակությանը ձերբազատել լիդերի պահանջից, մյուս կողմից՝ ցանկացած օրենք ու համակարգ, միեւնույն է՝ հարմարեցվելու է, ծառայեցվելու է մեր մենթալիտետին։ Առաջ ՀՀ նախագահն էր լիդերը, վաղը լինելու է վարչապետը, եւ պաշտոնների անվանումից չի փոխվելու ո՛չ մեր վերաբերմունքը կառավարման հարցերին, ո՛չ մեր «թագավորասիրությունն» ու անհատի գործոնի հանդեպ ակնածանքը։ Այնպես որ՝ կիսանախագահական համակարգը պառլամենտականով փոխարինելուն ուղղված մի քանի տարվա ջանքերը կարելի է անպտուղ աշխատանք անվանել։ Իսկ այն, որ երկրում «ասողը» նախագահ կկոչվի թե վարչապետ, դրանից մեր կյանքում ոչինչ չի փոխվելու։

Մեկնաբանություն
X