Հերոստրատին էլ են հիշում

18 տարի առաջ այս օրը աշխարհը ցնցվեց Հայաստանից ստացվող լուրերից՝ մի խումբ «ռոմանտիկներ» մտել էին խորհրդարան եւ գնդակահարել իշխանության ներկայացուցիչներին։ Մինչ այդ գրեթե անհայտ մի ընտանիք՝ Հունանյանները, միանգամից դարձան «հայտնի»․ ահաբեկիչներից երկուսի՝ Նաիրի եւ Կարեն եղբայրների հետ էին նաեւ նրանց քեռին ու ընկերները։ 18 տարի անց մեր լրագրողը, այցելելով Հունանյանների Ա3 թաղամասում գտնվող բնակարանը, պարզեց, որ տեռորիստների բնակարանում ոչ միայն ոչ ոք չի ապրում, այլեւ այն լքված է ու ամայի՝ կոտրված ու լաթերով փակված պատուհանով։ Հայրն ու մայրն այլեւս կենդանի չեն, իսկ կրտսեր եղբայրը բնակվում է Եվպատորիայում եւ Հայաստան չի այցելում։ Հարեւանները խուսափում էին խոսել եղբայրների մասին, թեեւ բոլորը լավ ճանաչում են եւ հիշում։ Նրանք խնդրում էին իրենց անունները չհիշատակել՝ չեն ուզում որեւէ կերպ առնչվել ոճիրի ու ոճրագործների հետ, բայց պատմում են․ «Էստեղ մոր մահից հետո ոչ մեկը չի եղել։ Տունը չի վաճառվել, չնայած ո՞վ կուզեր էդ տունն առներ։ Չգիտենք՝ երեւի էս տունը սենց էլ մնա։ Էդ պատուհանները չգիտենք ոնց են էդպես առանց ապակի մնացել»։ Իսկ հեռավոր 1999-ին խորհրդարան մտած ահաբեկիչներն ու նրանց պարագլուխը ժամեր շարունակ ահուսարսափի մեջ պահեցին պատգամավորներին, ստիպեցին, որ երկրի զինուժը մարտական վիճակի բերվի, հատուկ ծառայությունները գործի անցնեն։ Ապա, երբ հանցագործները զինաթափվեցին եւ տեղափոխվեցին մեկուսարան, դեռ երկար ժամանակ հանգիստ չէր երկրում՝ իշխանության մեջ խլրտոցներ, գործի քննության երկարուձիգ ամիսներ, պատվիրատուներին գտնելու ձախողված փորձեր եւ անվերջանալի թվացող դատավարություն։ Իսկ Հունանյանները, որ հույս ունեին երկրի անիվը շրջել, ընդամենը իրենց կյանքը խորտակեցին։

Մեկնաբանություն
X