Օգտվելով Վիգեն Սարգսյանի լեքսիկոնից

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը որոշել է «դաստիարակել» լրագրողներին։ Նախօրեին նա լրագրողներին «անտակտ» էր անվանել, իսկ երեկ, փոխանակ ներողություն խնդրելու, ավելի է խորացել՝ առնվազն մի քանի տասնյակ անտակտ արտահայտություններ ու դիտողություններ անելով նրանց։ Անշուշտ, կարելի էր բառ առ բառ վերլուծել նրա հարցազրույցը՝ ցուցադրելով բոլոր անտակտություններն ու հակասությունները, վերծանել խոսքի արատներն ու վրիպակները, սակայն մենք կխնայենք երիտասարդ նախարարին, որն ակնհայտորեն նյարդային վիճակում է, դժվար է կառավարում իր գործողությունները եւ «լիցքաթափվում» է ամենաանպաշտպան խավի՝ 18-20 տարեկան լրագրողների վրա։ Բայց, օգտվելով իր իսկ լեքսիկոնից եւ մեթոդաբանությունից, մի քանի հարց տանք նրան։ Ասենք՝ եթե մենք նրան անվանենք շատախոս, պոռոտախոս, զավզակ, սոփեստ, սալդաֆոն, իշխանական կերակրատաշտից օգտվող եւ նմանատիպ այլ որակումներով, դա գնահատակա՞ն կլինի, թե՞ ոչ։ Ինքը կվիրավորվի՞ այդ գնահատականներից, թե՞ կհամարի, որ մենք կարծիք հայտնելու մեր իրավունքից ենք օգտվում։ Եթե հիշեցնենք, որ բոլոր նախագահների օրոք ինքը կաբինետային տաքուկ մի պաշտոն է զբաղեցրել, եւ ձեռքի հետ իրեն անվանենք, ասենք, «կաբինետային առնետ», կոռեկտ կլինե՞նք մեր խոսքի մեջ, թե՞ ոչ։ Իրավունք ունե՞նք ասելու, օրինակ, որ բանակի հետ ոչ մի առնչություն չունեցած, մի օր չծառայած անձին պատերազմող երկրի պաշտպանության նախարար նշանակելը կադրային կոպիտ սխալ էր, թե՞ սա կարող է դիտվել որպես «բանակի դեմ ուղղված դիվերսիա» եւ մակերեսային լրագրության դրսեւորում։ Կարո՞ղ ենք, ասենք, ուսումնասիրել իր եկամուտների հայտարարագիրը, հետաքրքրվել, թե որտեղ է բնակվում, թե՞ դա եւս նա կորակի «ֆաստ-ֆուդ լրագրություն» եւ քամահրանքով դեմքը կծամածռի։

Մեկնաբանություն
X