Նախագահը աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ

>

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ, որտեղ Լճափ և Կարճաղբյուր համայնքներում ծանոթացել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքին: Ծրագիրն ուղղված է Սևանա լճի ձկնատեսակների, բնական պաշարների և էկոհամակարգի վերականգնմանը՝ նպատակ ունենալով վերականգնել Սևանա լճում իշխանի պաշարները, ֆինանսական միջոցներ ստեղծել Սևանա լճի բնապահպանական հիմնախնդիրների լուծման համար, ինչպես նաև ստեղծել նոր աշխատատեղեր: Ծրագրի շրջանակներում նախատեսված է առաջիկա տարիների ընթացքում ձևավորել Սևանի իշխանի արտադրության էկոլոգիապես կայուն արժեշղթա: Արտադրության և իրացման գործընթացն իրականացնելու են «Սևանի իշխան» և «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերությունները, որոնք ստեղծվել են «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից:

Հանրապետության նախագահը Լճափ համայնքում այցելել է «Սևան Ակվա» ընկերության ցանցավանդակային տնտեսություն: Փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի, բնապահպանության նախարարի, Գեղարքունիքի մարզպետի, ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենի, վերոնշյալ ընկերությունների ղեկավարների և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ Նախագահը ծանոթացել է կատարված աշխատանքներին ու ստեղծված ենթակառուցվածքներին:

Նախագահն այնուհետև այցելել է Կարճաղբյուր համայնքում գտնվող «Սևանի իշխան» ընկերության ձկնարտադրության համալիր, որտեղ ծանոթացել է համալիրում իրականացված աշխատանքներին և ներկա է գտնվել մանրաձկան գործարանի բացմանը:

Նորաբաց գործարանն ապահովելու է Սևանի իշխանի երկու էնդեմիկ ենթատեսակների (գեղարքունի և ամառային) մանրաձկան արտադրության ցիկլն ամբողջությամբ՝ մայրական վտառի կազմավորումից մինչև թրթուրի ու մանրաձկան աճեցում և կենսունակ մանրաձկան տեղափոխում Սևանա լիճ: Կենսացիկլի ամբողջական համակարգի ստեղծումը, պատասխանատուների հավաստմամբ, հնարավորություն է տալիս վերահսկել արտադրության բոլոր փուլերը:

Գեղարքունիքի մարզ այցի ավարտին Հանրապետության Նախագահը Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել ոլորտի պատասխանատու պաշտոնյաների և շահագրգիռ այլ անձանց մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի ընթացիկ աշխատանքների, Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքների, ինչպես նաև «Սևան» ազգային պարկի տարածքում բնապահպանական խնդիրների և զարգացման ծրագրերի վերաբերյալ:

Նախագահին ներկայացվել է նաև ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից մշակված «Սևան» ազգային պարկի 1900-1905 մետր բարձրության վրա գտնվող տարածքների տեղանքի և ռելիեֆի թվային մոդելը, ինչպես նաև զեկուցվել է դրանում ներառված հանութագրման նյութը, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացվող ճշգրտման աշխատանքների ընթացքը:

Խորհրդակցության արդյունքում համապատասխան ոլորտային պատասխանատուներին տրվել են մի շարք հանձնարարականներ: Այդ թվում՝ հանձնարարվել է 2019թ. ընթացքում ամբողջովին ավարտել Արփա-Սևան թունելի վթարային հատվածների վերականգնման ներկա փուլի աշխատանքները՝ դրա համար նախատեսելով ֆինանսավորման համարժեք ծավալներ: Այդ աշխատանքների ավարտից հետո ակնկալվում է, որ Սևանա լիճ թունելով տեղափոխվող ջրի ծավալները ներկայիս ծավալների համեմատ գրեթե կկրկնապատկվեն՝ կազմելով 200-250 մլն խմ:

Սևանա լիճ թափվող գետերի ջրերի որակի շարունակական բարելավման նպատակով բնապահպանության նախարարությանը և ԷԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարվել է Սևանա լճի ավազանի խոշոր բնակավայրերի տարածքներում կառուցված մաքրման կայանների օգտագործման արդյունավետության բարձրացման միջոցառումներ մշակել, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ տարածքում տնտեսական գործունեություն ծավալող վարձակալների կողմից տեղային մաքրման կայանների տեղադրման աշխատանքների խրախուսման ուղղությամբ:

Բնապահպանության նախարարությանը նաև հանձնարարվել է շարունակել աշխատանքները հանրային լողափերի ավելացման և լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկվող տարածքների առաջանցիկ տեմպերով մաքրման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ՝ ֆինանսական պլանավորման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը:

Մեկնաբանություն
X