Տրամաբանական է, բայց՝ ոչ

Երկու շաբաթ առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ ՊԵԿ նախագահին, հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման հարկերից ու տուրքերից եւ գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունը։ Վարչապետը սրանով ցանկանում է խթանել Հայաստանում էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաների տարածմանը, որոնք անհամեմատ ավելի քիչ ծախսատար են ներքին այրման շարժիչով աշխատող մեքենաների նկատմամբ եւ ունեն զրոյական ցուցանիշով վնասակար արտանետումներ։

Հայաստանում արդեն մոտ մեկ տասնյակի հասնող այդպիսի մեքնա կա, որոնք ներմուծվել են ԱՄՆ-ից եւ Ճապոնիայից։ Դրանք հիմնականում ամերիկյան արտադրության Tesla մակնիշի տարբեր մոդելներ են, ինչպես նաեւ ճապոնական արտադրության շատ ավելի մատչելի ու փոքրածավալ Nissan Leaf տեսակի էլեկտրամոբիլներ։ Այստեղ ուշագրավ է այն, որ այս մեքենաները ներմուծելիս մաքսազերծվել են ոչ միայն հավասար պայմաններով, ինչպես մյուս մեքենաները, այլեւ ներկրողն անգամ CO2-ի՝ վնասակար արտանետումների տուրք է վճարել։ Եվ սա այն դեպքում, երբ այս մեքենաները, առհասարակ, զերծ են վնասակար արտանետումներից, սրանց հիմնական առանձնահատկությունը հենց էկոլոգիային վնաս չհասցնելն է։ Սա նոնսենս է, տրամաբանությունից զուրկ երեւույթ, որին, սակայն, ՊԵԿ-ում չեն կարողանում լուծում գտնել։

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանից նախ հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է վարչապետի հանձնարարականի կատարումը։

«Ուսումնասիրում ենք, թե հիմա ինչ հարկատեսակների գծով աջակցություն պետք է տրամադրենք, երբ կոնկրետ առաջարկություն ձեւավորվի, կտեղեկացնենք»,- ասաց Միրումյանը։

- Հնարավո՞ր է, որ ամբողջությամբ հանվի էլեկտրական շարժիչով մեքենաների մաքսազերծումը։

  • Չեմ կարող էս պահին կոնկրետ բան ասել։ Մեզ մոտ էս պահին աշխատանքներն ընթանում են, աշխատանքային մի քանի քննարկումներ կունենանք, համակողմանի կքննարկվի էդ հարցը, եւ կոնկրետ առաջարկությամբ հանդես կգանք։

- Իսկ այն, որ այս պահին խնդրի առաջ կանգնել են մի շարք ներմուծողներ, որոնք էկելոգիապես մաքուր մեքենա են ներմուծել, բայց մաքսային մարմինները նրանցից CO2-ի տուրք են գանձել, սա օրենքի կամ իրավունքների խախտո՞ւմ չէ։

  • Ոչ, որովհետեւ այսօրվա գործող օրենսդրությունը չի նախատեսում նման արտոնություն, այսօր գործող բնապահպանական վճարների մասին օրենքը տրանսպորտային միջոցների համար է նախատեսվում՝ անկախ ամեն ինչից։

- Բայց տրամաբանական չէ։

  • Տրամաբանական է, թե տրամաբանական չէ՝ դա հարցի երկրորդ կողմն է։ Եվ էդ նպատակով 2018 թվականի հունվարի մեկից Հարկային օրենսգրքով բնապահպանական վճար նախատեսված չի լինելու։

- Բայց եթե այդ մեքենան բնապահպանական խնդիր չի առաջացնում, դրա համար ինչո՞ւ պետք է ներկրողը տուրք վճարի։

  • Ես ասում եմ՝ Ձեր ասածը տրամաբանական է, եւ այդ տրամաբանությունն արդեն լուծված է 2018 թվականի հունվարի 1-ից։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X