Ի՞նչ կփոխվեր

Եվ իսկապես՝ ի՞նչ կփոխվեր, եթե իշխող մեծամասնությունը գնար զիջման եւ խորհրդարանում ոչ թե 9 հանձնաժողով ստեղծեր, այլ 10-ը, որից մեկի նախագահությունը հանձնվեր ընդդիմությանը՝ «Ելք» դաշինքին։ Ի՞նչ վտանգ կարող էր սպառնալ նրանց անշարժությանը, անդորրին։ Չէ՞ որ մարդու իրավունքների պաշտպանությունը, իրոք, Հայաստանում ամենակարեւոր ու ամենախոցելի բնագավառներից է, իսկ ԱԺ մշտական հանձնաժողովն էլ գործադիր լծակներ չունի, ուստի չի կարող «ոտնահարել» իշխանության իրավունքները։ Իսկ ի՞նչ կփոխվեր, եթե կառավարության անդամների թվում կամ որոշ գործադիր պաշտոնների հայտնվեին նաեւ անկախ կամ ընդդիմադիր հայացքների տեր մարդիկ։ Ասենք՝ Հրանտ Բագրատյանը, Էլինար Վարդանյանը, Արամ Մանուկյանը։ Մարդիկ, որոնք ճանապարհ են անցել, կյանքի փորձ ունեն, գիտելիքների որոշակի պաշար եւ կարող են օգտակար լինել հասարակությանը։ Չէ՞ որ պետությունն այս մարդկանց վրա որոշակի ռեսուրս է ծախսել, եւ այժմ նրանց ունակությունները երկրի համար չօգտագործելը պարզապես անտնտեսվարություն կարելի է համարել։ Ո՞վ է ասել, որ մեզանում պաշտոն ու կարգավիճակ պետք է ունենան միայն իշխանությանը մերձ, Հանրապետականին հարող անձինք։ Իշխանությունը, որն ուզում է երկիրը հանել փոսից, զարգացում ապահովել, պետք է գնա կտրուկ, ոչ ստանդարտ քայլերի՝ առանցքային պաշտոնները վստահի իրական ռեֆորմատորներին։ Իսկ վերջիններս, ինչպես հայտնի է, տեսակով հնազանդ ու հեշտ մարդիկ չեն լինում, որպես կանոն։ Անշուշտ, այդ մարդկանց հետ դժվար է, եւ նրանք երբեմն անկանխատեսելի են լինում, բայց իրական փոփոխություններ հնարավոր են միայն նման մարդկանց հետ։ Այն իշխանությունը, որը վախենում է խենթ, համարձակ, անսպասելի քայլեր անելու ունակ ռեֆորմատորներից, երբեք չի հաջողելու։

Մեկնաբանություն
X