Մոխրամանը սննդի հետ շփվող նյո՞ւթ է, կամ` ինչո՞ւ Հայաստանը պետություն չի դառնում

Սկիզբը՝ այստեղ։

Դիմումի ոդիսականը՝ ԳՆ-ից ՍԱՊԾ

Գյուղնախարարին, ՍԱՊԾ պետին եւ ՊԵԿ նախագահին ուղարկված նույնական դիմումների պատասխաններ ստացվեցին ՍԱՊԾ-ից եւ ՊԵԿ-ից: Գյուղնախից 15 օր, նույնիսկ 20 օր լրանալուց հետո չկար պատասխան: Զանգեցի գյուղնախ, պարզվեց՝ իրենց նամակների բաժնից դիմումն ուղարկել են ՍԱՊԾ, որպեսզի քաղաքացուն այնտեղից պատասխանեն:

Դա այն դեպքում, երբ դիմումից երեւում էր, որ կրկնօրինակը քաղաքացու կողմից արդեն ուղարկվել է ՍԱՊԾ: Այսինքն՝ քաղաքացու դիմումն ինչպես մտնում է գյուղնախարարություն, նամակների բաժին, այնպես էլ պինգ-պոնգի գնդակի նման նամակների բաժնից դուրս է թռչում: Հնարավոր է նամակների բաժնի գործավարներն իրենց ձանձրալի աշխատանքից ու լճացած կյանքից այնքան են հոգնած, որ դիմումները չեն էլ կարդում, ուղղակի աչքի են անցկացնում, որ տեսնեն, թե ում կարելի է վերահասցեագրել: Կամ մտավոր այնպիսի խնդիրներ ունեն, որ չեն ընկալում, թե ինչ են կարդում, դիմումում ինչ խնդիր է բարձրացված, ԳՆ ո՞ր մակարդակին է դա վերաբերում:
Ինչեւէ, ԳՆ նամակների բաժնից դիմումը պինգ-պոնգի նման վերահասցեագրել էին իրենց ենթակա ՍԱՊԾ, այնտեղից էլ քաղաքացուն ուղարկել էին ՍԱՊԾ աշխատակազմի ղեկավարի ձեւաթղթի վրա, ընդհանուր բաժնի կնիքով մի պատասխան, որի կազմողները (ՍԱՊԾ իրավաբանական վարչություն) ոչ թե անասելի հեռու են իրավունքից, ոչ թե չեն ըմբռնում օրենքի գերակայությունը կառավարության որոշումների հանդեպ, այլ, դատելով շարադրած պատասխանից, թուլամտությամբ են տառապում:

Վատ է, որ պետական մարմիններում, քաղաքացիական ծառայության համակարգում թուլամիտների են պահում, էլ ավելի վատ է, երբ տասներորդական աշխատակիցներն սկսում են քաղաքացիների դիմումների պատասխանել: Սակայն առանցքային խնդիրն այն է, թե շարքային աշխատակիցների կազմած պատասխաններն ում դիրքորոշումն են ներկայացնում, այդ պատասխանները կարո՞ղ են վերագրվել որեւէ քաղաքական պատասխանատվությամբ օժտված պաշտոնյայի, այն է՝ նախարարի կամ փոխնախարարի: Զանգեցի ՍԱՊԾ իրավաբանական վարչություն, սակայն պատասխանատվության մասով ոչինչ չպարզվեց:

Այդ պահից արդեն որեւէ քաղաքացի ոչինչ չէր կարող անել աղբամանը, մոխրամանը եւ մնացածը «սննդամթերքի հետ անմիջականորեն շփվող նյութ համարելու» եւ դրանց ներմուծման համար ՍԱՊԾ գրություն պահանջելու ապօրինությանը դիմակայելու առումով, բացի այդ մասին մի անգամ էլ կառավարություն ահազանգելուց կամ ուղղակի վարչական դատարան դիմելուց: Սակայն քանի որ ինքս լրագրող եմ, մի գրություն կազմեցի՝ գյուղնախարար Իգնատի Առաքելյանին ուղղված, դրան կցեցի քաղաքացու նամակը եւ ՍԱՊԾ-ից տրված պատասխանը՝ խնդրելով հստակեցնել, թե ՍԱՊԾ գրությունը որքանով է արտահայտում իր՝ նախարարի դիրքորոշումը: Մնացյալը կարգավորվեց ինքնահոսով:

ՍԱՊԾ-ից երկրորդ, հոդաբաշխ պատասխանը

Պարզ է, որ իր սեղանին դրված քաղաքացու դիմումին եւ ՍԱՊԾ անմեղսունակ պատասխանին ծանոթանալուց հետո նախարարը տարակուսել էր։ Այնուհետ ընդունել էր, որ քաղաքացու դիրքորոշումը ճիշտ է, խոսել էր ՍԱՊԾ պետի հետ, եւ ինձ մի քանի օրում ԳՆ խոսնակը փոխանցեց, որ ՍԱՊԾ-ում «սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող» նյութերի խնդրով զբաղվում են, եւ ՍԱՊԾ-ից տեղյակ կպահեն, թե ինչ ժամանակացույցով են տեսնում խնդրի լուծումը:

Հասկանալիորեն, ինքս չէի հավատա, թե ՍԱՊԾ-ն սեփական ապօրինությանը եւ օրենքի ոտնահարմանը վերջակետ դնելու համար ժամանակի ու ժամանակացույցի կարիք ունի: Դրա համար էլ բանավոր խոսակցություններից հետո խնդրեցի գրավոր ընդամենը մեկ հարցի պատասխանել, ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանի անունից: Հարցը հետեւյալն էր. «Ըստ ՍԱՊԾ-ի, «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 22-րդ կետով «սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութ» հասկացությանը տրված սահմանման առկայությամբ արդյո՞ք ՀՀ ներմուծման պահին սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ չգտնվող առարկաների՝ գազօջախի, բաժակի, գդալի, ապակե տարայի, ոռոգման խողովակի եւ այլնի համար հարկավոր է ՍԱՊԾ-ի համապատասխան տեղեկանք կամ թույլտվություն»։

Պատասխանը, ինչպեսեւ խնդրել էի, ստացվեց մեկ-երկու օրում: Պաշտոնապես պատասխանեցին. «ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն, արձանագրելով որոշակի անհամապատասխանություններ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերին առնչվող հարաբերությունները կարգավորող իրավական ակտերում, բարձրացրել է դրանցում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության հարցը՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար ընթացակարգերը պարզեցնելու եւ ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 30-ի թիվ 1211-Ն որոշմամբ սահմանված՝ սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող նյութերի ցանկը հստակեցնելու հիմնավորմամբ:

…Նախատեսվում է առաջիկայում փոփոխություններ կատարել իրավական որոշ ակտերում՝ ապահովելով անհրաժեշտ լուծումը: Մինչ այդ՝ պատասխանատու ստորաբաժանումներին հանձնարարական է տրվել առանձնացնել սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող այն նյութերի ցանկը, որոնք ենթակա չեն ՍԱՊԾ-ի կողմից սահմանային վերահսկողության (որոնք նաեւ Դուք եք մատնանշել որպես օրինակ)»:
Եվ իրոք, նույն օրվանից՝ մայիսի 4-ից կամ 5-ից, ստորաբաժանումների իջեցված հրահանգը գործեց, դադարեցվեց մոխրամանի, դատարկ բաժակի եւ մնացյալի համար ՍԱՊԾ գրություն պահանջելը:

Հրավիրելով վարչապետի ուշադրությունը

Ես դժվարանում եմ ասել, թե ՍԱՊԾ-ի ապօրինության պատճառով սկսված եւ ապօրինության վերացումով ավարտված վերոշարադրյալ պատմության մեջ ինչն է ավելի դատապարտելի եւ զայրացնող՝ կառավարության օրենքին հակասող որոշո՞ւմը, դրա վկայակոչումով ՍԱՊԾ ծավալած հակաօրինական գործողություննե՞րը, թե՞ նախարարին հասցեագրվող դիմումին, թող ներվի ասել, հավաքարարի մակարդակով պատասխանելը: Ի՞նչ է նշանակում՝ նախարարին հասցեագրվող դիմումին պատասխանի նախարարությանը կից կառույցի մի տեխնիկական մակարդակի աշխատող: Ընդսմին, նրա կազմած պատասխանի համար էլ նախարարության ոչ մի քաղաքական ղեկավար պատասխան չկրի:

Սա քաղաքացիների հետ աշխատելու համակարգի, մեխանիզմի կատարյալ բացակայության արդյունք է: Պետք է մեխանիզմ ներդնել, որ արդյունք ստացվի, այլապես ժամերով հանձնարարականներ տալով խնդիր չի լուծվում:
Հայաստանում եղե՞լ է կամ կա՞ այնպիսի նախարար, որի օգնականներից մեկը կամ քարտուղարության պետն օրվա վերջին որոշակի ժամի նախարարի մոտ չի մտնում եւ ՀՀ կառավարական շրջանակների բառապաշարով ասած՝ «почта զեկուցում»: Ի՞նչն է խոչընդոտում, որ առաջին, վերջին, որեւէ փոխնախարարի վրա էլ պարտականություն դրվի, որպեսզի ամեն աշխատանքային օրվա վերջում նա քաղաքացիներից եկող դիմում-նամակների վերաբերյալ զեկույց ընդունի: Ամեն նախարարությունում, առընթեր կառույցում Քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժին է պահվում՝ մի քանի աշխատակցով: Հենց այդ բաժնի ղեկավարն էլ թող բարեհաճի ամեն աշխատանքային օրվա վերջում գրանցված դիմումների, նամակների, բողոքների ամփոփագիր կազմել եւ զեկուցել որեւէ փոխնախարարի, թե քանի բողոք է եղել, քանի առաջարկ, քանի ահազանգ, որ ոլորտից, որ դրվածքից, որ պաշտոնյայից, որին ինքը կառաջարկեր հետամուտ լինել, որի մասին նախարարին տեղյակ պահել, որը լուծում չունի եւ պետք է ուղղակի քաղաքացուն այդքանը հայտնել եւ այլն:

Դա կլիներ մեխանիզմ եւ աշխատանք, որը ոչ միայն հասարակության հետ հետադարձ կապ կստեղծեր դատարկախոսության փոխարեն, այլեւ պետական կառույցները եւ պաշտոնյաներին վերահսկողության տակ կպահեր: Այլապես ի՞նչ է նշանակում նախարարի առջեւ հարց բարձրացվի իր ղեկավարած կառույցի ապօրինությունների մասին, նախարարը դրան անգամ տեղյակ չպահվի: Հուսամ՝ խնդիրը լուծում կգտնի:
Եվ, ի դեպ, մի ավելի ճչացող ապօրինություն էլ սոցապնախարարության աշխատանքի վարչություն կոչված կառույցում է կատարվում: Ինքս առնչվել եմ դրան էկոնոմիկայի նախարարության մի աշխատակցի կապակցությամբ եւ չգիտեմ՝ նորից խնդիրը հասցնել նախարարների՞ն, թե՞ կառավարություն բերել, վարչական դատարան դիմել: Մինչդեռ ընդամենը հարկավոր էր, որ քաղաքացի-պետություն հաղորդակցության մեխանիզմ աշխատեր:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X