2018-ին մեկ տարի կա

Որ կայքն ու թերթը բացում ես, 2018-ի հետ կապված գուշակություններ են։ 2018-ին է դադարում գործել կիսանախագահական ինստիտուտը եւ ավարտվում անցումը խորհրդարանականին։ Իսկ կանխատեսումները շատ են՝ Կարեն Կարապետյանը 2018-ին վարչապետ չի նշանակվելու, գրում է մեկը։ Սերժ Սարգսյանն է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը մինչեւ 2022 թվականը։ Գործող Ազգային ժողովի եւ կառավարության կազմում մեծ փոփոխություններ կլինեն, այդ թվում՝ կփոխվի «ժամանակավոր» հռչակված ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։ Կարեն Կարապետյանը կհեռանա իր թիմի հետ։ Իսկ մինչ այդ նա կաշխատի ամրապնդվել՝ հենվելով Սամվել եւ Կարեն Կարապետյանների, Հովիկ Աբրահամյանի, անգամ Գագիկ Ծառուկյանի վրա, որի հետ հակասությունների մասին էլ է մամուլը շարունակ գրում։ Մեկ այլ պարբերականում Գագիկ Ծառուկյանի դաշինքը մտցնում են կոալիցիա՝ միավորում Հանրապետականի հետ։ Ուրիշ շատ կանխատեսումներ ու վարկածներ էլ են շրջանառվում, որոնց, անշուշտ, պետք է վերաբերվել որպես ընթերցանության ուշագրավ նյութ, բայց ոչ վերջին ատյանի ճշմարտություն։ Առաջիկա մեկ տարվա մեջ շատ ջրեր կհոսեն, ու թե ով կհասնի 2018-ի «իշխանափոխության» հանգրվանին, այսօր դժվար է ասել։ Սակայն ուշագրավն այն է, որ մեր քաղաքական էլիտա կոչվածը, որի գլխավոր խնդիրը պետք է լիներ երկրի վիճակն ու մեր առաջ ծառացած բարդ խնդիրների լուծումը, զբաղված է աթոռները բաշխելով, այլ ոչ թե երկրի ապագայով։ Եթե մի ամբողջ տարի իշխանությունը զբաղվի ինտրիգներով ու իր տեղն իշխանական բուրգում ապահովելով, հնարավոր է, որ մեկ տարի անց մենք ոչ երկիր ունենանք, ոչ իշխանական բուրգ, ոչ էլ բաշխելու բան։ Քաղաքական կարճատեսության, սեփական շահը երկրի շահից վեր դասելու այս գաղջ մթնոլորտը պետք է փոխվի։ Եվ դա պետք է անի Սերժ Սարգսյանը։

Մեկնաբանություն
X