Մեդալի տերը դուք չեք

Ոչ մի կերպ հնարավոր չէ հասկանալ այն մարդկանց, ովքեր հրճվանք են ապրում ինչ-որ մեկի մեդալ, կոչում ստանալու փաստից, ինչպես նրանց, ովքեր դատապարտում են ստացողներին՝ ակնկալելով, որ նրանք պետք է հրաժարվեն Սերժ Սարգսյանի ձեռքից որեւէ բան ստանալուց։ Ես կհասկանայի, եթե հասարակությունը լուրջ քննարկում ծավալեր եւ մեդալներ ու կոչումներ շնորհելու պրակտիկան ընդհանրապես համարեր ժամանակավրեպ, սովետական ժամանակների ատրիբուտ եւ կոչ աներ իշխանություններին՝ հրաժարվել այդ անհեթեթ գործընթացից։ Աշխարհի թերեւս ոչ մի երկրում այդքան մրցանակներ ու կոչումներ չեն շռայլում եւ դրանք այնքան չեն գնահատում ու գերագնահատում, ինչքան մենք՝ հայերս։ Հենց դա է պատճառը, որ հերթական տոնական մեդալաշնորհման շոուն մի կողմից բողոքի, մյուս կողմից հրճվանքի հզոր ալիք է բարձրացնում մեզանում։ Եթե դեմ եք, որ Հենրիխ Մխիթարյանին ու Ռազմիկ Ամյանին առանձնացնեն, ապա պետք է ընդվզեք ընդհանրապես մեդալաբաշխում կոչվող հիվանդության դեմ։ Եթե կողմ եք, բայց համարում եք, որ Ծաղիկ Ռուբոն ու Խորեն Լեւոնյանն արժանի չեն դրան, ապա պետք է բացատրեք, թե ինչու։ Ասենք, ինչո՞վ են մեդալի ու կոչման արժանացել Էդուարդ Շարմազանովն ու Վիգեն Սարգսյանը, Արմենչիկն ու Անդրեն, մյուսները, որոնք վաղուց վաստակավոր արտիստներ են, Հայրենիքին մատուցած ծառայությունների մեդալակիրներ։ Միշտ կարելի է համարել, որ այս անձի վաստակն ավելի նվազ է, քան մյուսինը։ Եվ դա կլինի սուբյեկտիվ ու ոչ կոռեկտ, մի պարզ պատճառով՝ այդ մեդալներն ու կոչումները շնորհելու իրավունք ունի ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցնող անձը, այլ ոչ թե դուք։ Դուք ընդամենը կարող եք քննադատել ու դժգոհել, բայց դա որեւէ ազդեցություն չի ունենա հաջորդ տոնին բաշխվելիք մեդալների ու կոչումների վրա։

Մեկնաբանություն
X