Քաղաքագրություն. Երևանի շրջակայքը

Ժամանակակից Երեւանը վաղուց է դուրս եկել հին սահմաններից՝ ընդարձակվելով բոլոր ուղղություններով՝ հյուսիսում, հյուսիս-արեւելքում նա բարձրացել է Կոտայքի սարավանդը եւ միացել Քանաքեռ ավանին, արեւմուտքում անցել է Հրազդան գետի աջ ափը, հարավում ավելի խոր թափանցել Արարատյան դաշտի սահմանները: Արեւմուտքում Հրազդանի կիրճն է հատում քաղաքը, արեւելքում՝ Գետառը, ինչպես նաեւ Ջրվեժի ձորը:

Քաղաքի շրջագծում բարձրությունների տարբերությունն անցնում է 400 մետրից: Տերիտորիայի ամենաբարձր կետերը գտնվում են հյուսիսային մասում՝ Կոտայքի սարավանդում: Այն երկու աստիճաններով իջնում է դեպի Արարատյան դաշտը: Արեւելքում ձուլվում է Ավանի գոգավորությանը՝ Գետառ գետի հովտին: Էլ ավելի արեւելք սկսվում են Ողջաբերդի լեռնաշղթայի բազուկները:

Գետառը, այդ փոքրիկ գետակը, հանրապետության շատ քարտեզներում նույնիսկ չի նշվում: Նրա երկարությունն ընդամենը 20 կմ է, իսկ քաղաքի սահմաններում նրա հունով հոսող ջրի քանակը վայրկյանում 150 լիտրից չի անցնում: Թվում է՝ նրա մասին չարժե նույնիսկ հիշատակել: Սակայն մինչեւ վերջերս այն քաղաքին ահագին անհանգստություն էր պատճառում: Գարնան ամիսներին ուժեղ վարարելով՝ հզոր սելավի էր վերածվում եւ մեծ վնաս հասցնում քաղաքի տնտեսությանը: Մինչեւ այժմ էլ երեւանցիների հիշողության մեջ թարմ է 1946թ. գարնանը տեղի ունեցած սելավային վարարումը, երբ քաղաքի փողոցները լցվեցին մի քանի մետր տրամագիծ ունեցող ահագին ժայռաբեկորներով:
Երեւանի ռելիեֆի անհարթությունները հմտորեն օգտագործվում են քաղաքի ճարտարապետական անսամբլի ստեղծման համար: Դա առանձնապես նկատելի է Հրազդանի կիրճում, որտեղ կառուցվում է ջրավազանների մի ամբողջ կոմպլեքս, կանաչապատվում են քարքարոտ լանջերը, կառուցվում են գեղեցիկ կամուրջներ, անցկացվում են խճուղային ճանապարհներ եւ այլն: Երեւանը գտնվում է կիսաանապատային շրջանում, սակայն թե՛ քաղաքում եւ թե՛ շրջակա բլուրների վրա տարեցտարի ընդարձակվում են այգեստանները եւ կանաչ գոտիները: Ամռանը Երեւանում շատ շոգ է, իսկ ձմռանը՝ բավականին ցուրտ: Երեւանի կլիմային բնորոշ առանձնահատկությունն է ձմռան կատարյալ անհողմությունը եւ ամռան զգալի լեռնահովիտային քամիները, որոնք առանձնապես ուժեղ են լինում կեսօրից հետո: Առանձնապես հաճելի է երեւանյան աշունը, երբ շոգը նվազում է, սկսվում են արեւոտ, խաղաղ եղանակներ, հասունանում են խաղողն ու անուշահամ այլ մրգեր: Ահա թե ինչպիսի պատկեր էր ներկայացնում աշնանային Երեւանը․ դարասկզբին այնտեղ այցելած ճանապարհորդի խոսքերով, «Պտղատու այգիները ծածկված էին իդեալական ձեւ ու գույն ունեցող պտուղներով: Մենք հիանում էինք ասես ողկույզներով կախված դեղձերի մեծությամբ ու վառ գույներով, նրանց կողքին՝ խնձորի ու տանձի ծառերով, որոնց ճյուղերը կոտրվում էին բերքի ծանրությունից, սաղարթախիտ հսկա ընկուզենիներով ու թթենիներով, որոնք զով ստվեր էին առաջացնում: Խաղողի ցածրիկ թփերը ծանրաբեռնված էին հասուն ողկույզներով… Այդպիսին է Երեւանի շրջակայքը»:
Այժմ այգիների եւ ստվերախիտ պուրակների կանաչն իր մեջ է առնում թե՛ քաղաքի հեռավոր մատույցները եւ թե՛ վերակառուցված ու նոր թաղամասերը: Հյուսիսից եւ արեւելքից քաղաքի վրա իջնող քարքարոտ ու ցամաք լանջերը վերջին 20-25 տարվա ընթացքում ծածկվել են անտառներով՝ կաղնու, հացենու, կնձենու տնկարկներով, իսկ պտղատու ծառերը եւ խաղողի վազերն ավելի ու ավելի են տարածվում քաղաքի բակերում ու փողոցներում:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հեղինակ

Արամ

Պաչյան

Մեկնաբանություն
X