2018-ին ընդառաջ

Երեկ հանրապետության նախագահն ավարտեց կառավարության ձեւավորումը՝ հրամանագրելով բոլոր 18 նախարարներին։ Գեթ մեկ փոփոխություն չկատարվեց կառավարության կազմում՝ բոլոր նախկին նախարարները վերանշանակվեցին, անգամ նրանք, ումից, ասում էին, դժգոհ է բարձր իշխանությունը, եւ անգամ նրանք, ովքեր այս ընթացքում հանրային քննադատության էին արժանացել։ Իսկ սա մի բանի մասին է խոսում՝ գլոբալ փոփոխությունները կամ իշխանափոխությունը տեղափոխվեց 2018 թվական։ Մեկ տարի անց ոչ միայն ՀՀ նախագահը կփոխվի, այլեւ հարակից այլ պաշտոնյաներ։ Կձեւավորվեն բոլոր նոր կառույցները, կվերակազմավորվեն նախկինները, երկրում ամեն ինչ կհամապատասխանեցվի նոր Սահմանադրությանը եւ երկրի «նոր» տերերին։ Իհարկե, անգամ կույրին է տեսանելի, որ այս Սահմանադրությունը գրվել է, եւ բոլոր կառույցները մտածվել են՝ կոնկրետ անձանց նկատի ունենալով։ Եվ Սահմանադրության տեքստի հրապարակումից հետո շատերը հասկացան, որ իշխանական բուրգում իրենց համար տեղ նախատեսված չէ։ Որոշակի ցենզերի ու պահանջների առկայությունը շատերին զրկեց անգամ երազելու շանսից։ Բայց շատերն էլ շարունակում են հուսալ, որ իրենց տվյալներն ու ծառայությունները բավարար են, որպեսզի եթե անգամ մի աթոռից իջեցնեն, ապա մյուսին նստեցնեն իրենց։ Մանավանդ՝ հավատարիմ կադրերն այնքան էլ շատ չեն։ Այնուամենայնիվ, «սցենարիստը» որոշել է մինչեւ վերջին պահը չբացել խաղաքարտերը՝ ոչ մեկը մինչեւ վերջ ծանոթ չէ սցենարին։ Իսկ նրանք, ովքեր ծանոթ են, վստահ չեն, որ մեկ տարի անց խոստումները կատարվելու են։ Նրանց «տառապանքը փորձ ունի»։ Ստացվում է, որ ամենաշահեկան վիճակում այսօր այն մարդիկ են, որոնք քաղաքականության հետ կապ չունեն, եւ 2018 թիվն էլ նրանց համար շարքային տարի է՝ մյուսներից ոչնչով չտարբերվող։

Մեկնաբանություն
X