Աննախադեպ եւ պատմական` ձախողման առումով

Ի՞նչ է պատահում, երբ շոումենը դառնում է նախագահ: Պատասխանները բազմաթիվ կարող են լինել, առաջիններից մեկը՝ նա կյանքը եւ քաղաքականությունը վերածում է շոուի: Երկրորդ․ շարժում է մնացյալ շոումենների նախանձը իր ցնորամիտ խոսքերով եւ քայլերով: Զորօրինակ, Թրամփի վերջին անմտությունը, երբ կեսգիշերին հերթական tweet-ն էր գրել, բայց, հավանաբար, ննջելու պատճառով ոչ միայն նախադասությունը չէր ավարտել, այլեւ վերջին բառը կիսատ ու սխալ էր հավաքել՝ covfefe, դառնալով համաշխարհային զվարճանքի առարկա:

Բայց արի ու տես, որ որքան էլ Թրամփը զվարճացնում է ողջ աշխարհին իր մակերեսայնությամբ, հարցերի չիմացությամբ, անձամբ իր համար կյանքը Սպիտակ տանը կատարյալ դրամա է դարձել: Մայիսի կեսերին առիթ ունեցել էինք գրելու, որ Սպիտակ տանը ծավալվող իրադարձությունները Շեքսպիրի, Մոլիերի ու Լոպե դե Վեգայի գրչին են արժանի: Եթե նրանցից մեկը ողջ լիներ, անցած երկու շաբաթում, վստահաբար, մի գործ արդեն ստեղծած կլիներ:

Ինչեր միայն չկատարվեցին Վաշինգտոնում անցնող երկու շաբաթում, չնայած հանգամանքին, որ Թրամփն ինքը շուրջ տասն օր Վաշինգտոնում չէր: Նա առաջին օտարերկրյա շրջագայությունն էր իրականացնում ԱՄՆ նախագահի պաշտոնում, գուցե՝ ամենաերկարատեւ ուղեւորությունն իր յոթանասունամյա կյանքի ընթացքում: Թրամփի մասին ասում են, որ նա իր ուղեւորությունները միշտ այնպես է դասավորել, որ գիշերի տանը։ Մինչդեռ այժմ ԱՄՆ նախագահ դառնալու պատճառով Թրամփը որտեղ ասես գիշերեց եւ ոչ միայն գիշերեց:

Սաուդյան Արաբիայում ինչ-որ սրերով պար պարեց եւ Իրանի դեմ հեռակա սրեր ճոճեց, Երուսաղեմում, ակնհայտ մոռանալով, որ ինքը քրիստոնյա է, ոչ թե հրեա, դստեր կամ փեսայի նման, Լացի պատի մեջ գրություն թողեց, Վատիկանում Հռոմի պապին հանդիպեց եւ հրաժեշտ տվեց «Ձեր ասածները չեմ մոռանա․ եթե կարծում եք՝ կա որեւէ բան, որ կարող եմ անել, իմաց տվեք» բառերով: ՆԱՏՕ-ի նորաբաց կենտրոնակայանում Մոնտենեգրոյի վարչապետին հրելով տեսախցիկի առջեւ կանգնելը, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գլխին մուծումները ՀՆԱ 2%-ին հասցնելու շուրջ ճառ կարդալը, վերջապես՝ G7-ի գագաթնաժողովում Կլիմայի փոփոխության համաձայնագրից դուրս գալու մտադրությունը բարձրաձայնելն ավելի շատ արկածների շղթա էր, քան արդյունավետ առաքելություն: Այնպես որ, երբ Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը հայտարարեց, թե Թրամփի շրջագայությունը պատմական էր ու աննախադեպ, ամենքն սկսեցին ծաղրել, թե՝ այո, պատմական ու աննախադեպ էր՝ ձախողման իմաստով:

Սակայն ողջ այդ շրջագայության ընթացքում Վաշինգտոնում ավելի հետաքրքիր էր, քանի որ օրը մի սկանդալ էր պայթում Սպիտակ տան շուրջ: Ամենաէականը՝ 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու Ռուսաստանի փորձերի եւ այդ համատեքստում ՌԴ իշխանությունների հետ Թրամփի շրջապատի առնչությունները հետաքննելու համար նշանակվեց հատուկ դատախազ՝ Ռոբերտ Մյուլերը, որ ԿՀՎ նախկին ղեկավարներից է (2001-2012թթ.): Այնուհետ պարզվեց, թե Թրամփն ինչեր է զազրախոսել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի մոտ, երբ վերջինիս ընդունել էր Սպիտակ տան Օվալաձեւ սրահում, ԿՀՎ-ի՝ նախօրեին պաշտոնանկ արված ղեկավարի՝ Ջեյմս Քոմիի մասին, խոստովանելով, թե նա իրեն ճնշում էր Ռուսաստանի միջամտության հետաքննությամբ, այժմ, երբ Քոմիին պաշտոնից հեռացրել է, իրեն թեթեւացած է զգում:

Դա քիչ էր, ռուսների հետ կասկածելի շփումների բացահայտվող թելերը հասան Թրամփի ընտանիքին, փեսային՝ Ջարեդ Քուշներին, ով, պարզվեց, ոչ միայն ՌԴ դեսպան Կիսլյակի հետ է հանդիպել, այլեւ 2016-ի դեկտեմբերին նրան առաջարկել է Թրամփի շրջապատի եւ Կրեմլի միջեւ ուղիղ, գաղտնի կապ հաստատել՝ Վաշինգտոնում ՌԴ դեսպանատան տարածքից եւ հաղորդակցության միջոցներով: Թե նման անմտությունն ում ցուցմունքով է արել, ընթացող հետաքննությունը պետք է պարզի:

Եվ, վերջապես, ԿՀՎ-ի պաշտոնից հեռացված ղեկավար Ջեյմս Քոմին համաձայնեց հրապարակավ ԱՄՆ Սենատում հանդես գալ նախագահ Թրամփի կողմից ԿՀՎ-ի գործունեությանը միջամտելու ճնշման եւ Ռուսաստանին առնչվող հետաքննությանը խոչընդոտելու թեմայի վերաբերյալ: Քոմին հանդես է գալու Սենատում արդեն հաջորդ շաբաթ, եւ նրա ցուցմունքները կարող են Թրամփին ընդհուպ մոտեցնել իմփիչմենթին:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանություն
X